Գլխավոր » Լրահոս

ԼՂՀ-ում հարցվածներից և ոչ մեկն իրեն հարուստ չի համարում

Նոյեմբեր 16, 2009թ. 17:47

Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ազգային վիճակագրական ծառայության կողմից անցկացվել է տնային տնտեսությունների ընթացիկ ծախսերի, սպառման և եկամուտների ընտրանքային հետազոտություն: Հանրապետական մակարդակով նման հետազոտության անցկացումը նախատեսվում է ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրով: Դա պետք է իրականացվի կառավարության համապատասխան որոշմամբ:

Մինչ այդ, Ազգային վիճակագրական ծառայությունը սեփական նախաձեռնությամբ եւ առկա ներուժով իրականացրել է այդ հետազոտության փորձնական տարբերակը` անհամեմատ փոքր ծավալներով:

Ընտրանքային հետազոտությունն ընդգրկել է 129 տնային տնտեսություն` մայրաքաղաքում և հանրապետության շրջաններում: Հարցաթերթիկը մշակելիս հաշվի են առնվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված համանման հետազոտությունների մեթոդները: Սակայն կան վերապահումներ` կապված ԼՂՀ ԱՎԾ կողմից իրականացված ընտրանքային հետազոտության կարճ ժամանակահատվածի եւ փոքր ծավալների հետ, ընդգծում է ԼՂՀ ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանը:

Վիճակագիրները հաշվարկել են տնային  տնտեսությունների միջին ամսական ծախսերը` տվյալ ժամանակահատվածի կտրվածքով: Ըստ այդմ` տնային տնտեսություններից յուրաքանչյուրի ամսական միջին եկամուտը կազմել է 240 հազար դրամ:

Պարենային ապրանքների ձեռքբերման ծախսերի կառուցվածքում մոտ 23 տոկոս  պատկանում է մսի և մսամթերքի, 15 տոկոս` բանջարաբոստանային կուլտուրաների, 7-12 տոկոսի միջակայքում տատանվում է շաքարի և հրուշակեղենի, հացի և հացամթերքի, կաթնամթերքի ծախսերը: Սպառված սննդամթերքի մեծ մասը գնվում է: Չգնված ապրանքների կառուցվածքում զգալի է գյուղմթերքի չափաբաժինը:

Ըստ հետազոտության արդյունքների, տնային տնտեսության մեկ չափահաս անդամի համարժեք միջին ամսական սպառումը կազմել է մոտ 60 հազար, իսկ դրամական եկամուտը` 58700 դրամ, ընդ որում, եթե  մայրաքաղաքում, Շահումյանի և Ասկերանի շրջաններում եկամուտը գերազանցում է սպառման ցուցանիշներին, ապա մնացած շրջաններում պատկերը հակառակն է: Տնային տնտեսությունների դրամական եկամուտներում  գերակշռում է աշխատավարձը:

Վիճակագիրների ուշադրությունից դուրս չեն մնացել նաև շատերիս այնքան ծանոթ պարտքերը: Վերջին 12 ամսվա ընթացքում, դրան այս կամ այն կերպ առնչվել է հարցված տնային տնտեսությունների մոտ 40 տոկոսը:

Հետազոտության ընթացքում տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի անդամները պատասխանել են նաև անհատական հարցերի. հարցվածներից  և ոչ մեկն իրեն հարուստ չի համարում, 5,4 տոկոսը իրենց կենսամակարդակը գնահատել են միջինից բարձր, իսկ 71 տոկոսը` միջին: Հարցվածների 0,8 տոկոսը նշել է, որ փող չունի անգամ սննդի համար:

Հոռետեսական տրամադրությունները գերակայում են հատկապես գյուղական բնակավայրերում` սա էլ են արձանագրել վիճակագիրները:

Ինչևէ, հանրապետությունում տիրող իրավիճակի մասին պատկերացում կազմելու համար անհամեմատ ավելի մեծ աշխատանք և ռեսուրսներ անհրաժեշտ կլինեն` ժամանակագրական ավելի մեծ կտրվածքով: Ազգային վիճակագրական ծառայության նախագահը հուսով է, որ այս անգամ ի վերջո կհաջողվի իրականացնել նաև այդ հետազոտությունը, եթե ոչ 2010-ին, ապա գոնե 2011 թվականին: Համենայն դեպս, պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրում դա նախատեսված է:

Ն. Հովսեփյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն