Գլխավոր » Լրահոս

ԿԳ նախարարի մոսկովյան հանդիպումները

Նոյեմբեր 16, 2009թ. 18:06

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում: Այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Անդրեյ Ֆուրսենկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, ՀՀ կրթության և գիտության նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգում ռուսաց լեզվի տարածվածության և դասավանդման հետ կապված հարցեր: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի շուրջ 40 դպրոցում առկա են ռուսական դասարաններ, գործում է նաև ռուսերենի խորացված ուսուցմամբ և համապատասխան ծրագրերով շուրջ 60  դպրոց, իսկ հանրակրթական ծրագրերով ռուսաց լեզվի դասավանդումը սկսվում է երկրորդ դասարանից և շարունակվում մինչև 12-րդ դասարան: Քննարկվել են նաև ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի և ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Հայաստանում ռուսաց լեզվի դասավանդման կենտրոնի ստեղծման հետ կապված հարցեր:
Նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Ռուսաստանում բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների ընթացքով: ՌԴ ԿԳ նախարարն առաջարկել է Հայաստան գործուղել փորձագիտական խումբ` Հայաստանում համապատասխան քննարկումներին մասնակցելու և  ռուսական փորձը ներկայացնելու համար: Ա. Ֆուրսենկոն առաջարկել է նաև համատեղ հանձնաժողով ստեղծել` Հայաստանում ռուսական բուհերի մասնաճյուղերում կրթության որակը և կրթական գործընթացի կազմակերպումն ուսումնասիրելու և համապատասխան որոշումներ կայացնելու համար: Արմեն Աշոտյանը բարձրացրել է նաև  ռուսական կողմի տրամադրած կրթաթոշակների քանակի, աշխարհագրական և մասնագիտական ուղղվածության խնդիրները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն այս տարվանից աշխատել ցանկերի հստակեցման  և առաջարկների մշակման ուղղությամբ, որպեսզի հաջորդ տարվա համար տրամադրվող կրթաթոշակները լինեն հայկական կողմի պահանջարկին համապատասխան: Խոսքը վերաբերել է հատկապես արևելագիտություն, թուրքագիտություն, օսմանագիտություն և այլ մասնագիտություններով կրթաթոշակների տրամադրմանը: Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն նաև գիտական հետազոտությունների համար Ռուսաստան գործուղել համապատասխան մասնագիտությունների ասպիրանտներ` Ռուսաստանի պատմական արխիվներում աշխատելու համար: Քննարկվել են նաև Ռուս-հայկական /Սլավոնական/ պետական համալսարանին վերաբերող մի շարք խնդիրներ:
Այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպել է Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վ. Սադովնիչիի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ բացելու հնարավորությունը և հեռանկարները: Համաձայն նախնական պայմանավորվածության` այս տարվա ընթացքում ռուսական կողմը Հայաստան կգործուղի երկու պրոռեկտոր` իրավիճակը տեղում ուսումնասիրելու, մասնաշենքի և ֆակուլտետային նախնական ընտրության վերաբերյալ հայկական կողմի առաջարկները քննարկելու նպատակով: Նախարարը մասնակցել է Մոսկվայի Լազարյանների անվան միջնակարգ դպրոցում Լազարյան եղբայրների անունով անվանակոչման միջոցառմանը և Լազարյանների թանգարանի բացմանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարը հանդիպել է նաև Մոսկվայում գործող հայկական ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներին և քննարկել  ինչպես կրթության, այնպես էլ Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակի և արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցեր:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն