Գլխավոր » Լրահոս

Թուրքական խանութ` հայկական տեքստիլի ավերակների վրա

Նոյեմբեր 16, 2009թ. 18:50

ArmAr.am-ն` իր հոդվածի հետքերով

Օրեր առաջ ArmAr.am էլեկտրոնային լրատվամիջոցը տեղեկացրել էր, որ Երևանում բացվել է բացառապես թուրքական ապրանքներ վաճառող խանութ: Շենքի ճակատային մասում էլ թուրքերեն` մե~ծ-մե~ծ տառերով գրված էր` Yakut ev tesktil (տեքստիլ` տան համար):

Մեր ահազանգին անմիջապես արձագանքեց ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը` դիմելով խանութի տերերին և իր լիազորությունների շրջանակներում պահանջելով ապամոնտաժել թուրքերեն վերտառությունները: ArmAr.am-ի հրապարակմանը արձագանքեց նաև հայկական հեռուստատեսություններից մեկը:  Անակնկալը, սակայն, առավել քան մեծ էր, երբ հեռուստաալիքի լրագրողն անցավ թուրքական խանութի պաշտպանության գործին` այսպիսի շեշտադրմամբ.

«Հայ-թուրքական հարաբերություններն առաջ են անցել քաղաքական հարթությունից: Թուրքական տեքստիլ ապրանքների բացառիկ ներկայացուցիչը Երևանում է… Խանութի տերերին, սակայն, արդեն  անհանգստացրել է Լեզվի պետական տեսչությունը: Խոստացել են հարցը կարգավորել առաջիկա օրերին: Մյուս առումներով խնդիրներ չկան, մանավանդ որ ապրանքները մատակարարում է մի թուրք գործարար, որն իրականում ծպտյալ հայ է», – սա հեռուստալրագրողի խոսքերից է:

Ի՞նչ է ստացվում, թուրքերը լավ են հասկանում, որ Հայաստանում իրենց գրկաբաց սպասողներ չկան, բայց հիմա էլ շահարկվում է ծպտյալ հայերի հանգամա՞նքը: Գուցե մեկ  օր էլ չզարմանա՞նք, եթե Թուրքիայում 71 միլիոն ծպտյալ հայ հայտնաբերվի, և նրանք ցանկանան մեր երկրում ապրել կամ այստեղ բիզնեսով զբաղվել: Հայաստանցի առևտրականներն էլ, բնականաբար, ամեն ինչի պատրաստ են, միայն թե կարողանան թուրքական էժան ու անորակ ապրանքը մեր երկիր բերել և այստեղ թանկ վաճառել: Զարմանալի է, սակայն, մեր երկրի պետական մարմինների քար անտարբերությունն ու որոշ լրատվամիջոցների ոգևորությունը: Նշելով ընդամենը, թե Հայաստանում առկա է անհանգստություն` թուրքական խանութների ի հայտ գալու առիթով, հայ լրագրողը հորթի հրճվանքով «փաստում» է, թե մեզ սպասվում է  «տնտեսական հսկայական առաջընթաց»: Եվ դա այն դեպքում, երբ հին ավանդույթներ ունեցող  Հայաստանի տեքստիլ արտադրությունը, անկախացման առաջին իսկ տարիներին, հայրենի իշխանությունների թեթև ձեռքով,   ավերակների վերածվեց, թալանվեցին տեքստիլի գործարանները, սարքավորումներն էլ, որպես մետաղի ջարդոն, վաճառվեց Իրանին: Իսկ այսօր մենք մեծ ոգևորությամբ պատրաստվում ենք  թուրքական տեքստիլ  ներկրել ու շարունակել երազել տնտեսական առաջընթացի մասին…

Մենք խոստացել էինք, որ խնդրի հետքերով կգնանք մինչև վերջ: ArmAr.am-ը տեր է կանգնում իր խոստմանը: Մենք Լեզվի տեսչության միջոցով դեռ կստիպենք խանութի թուրքասեր տերերին Երևանի փողոցներից մաքրել թուրքերեն գրառումները, հաջորդ քայլը կլինի խանութի` որպես թուրքական տնտեսության ներկայացուցչի, կասեցումը: Թուրքերի հեռահար նպատակների առաջին քայլերը ձախողելն ավելի հեշտ է այսօր, քան վաղը դրանց  մի ամբողջ բանակի դեմ պայքարելը:

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն