Թուրքիայում Էրդողանին մեղադրում են հակաիսրայելական տրամադրությունների մեջ
Թուրքիայում հրեաների դեմ աճող ատելության մեջ մեղադրվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ըստ հրեական որոշ կազմակերպությունների, անհրաժեշտ է կանխել Թուրքիայի կառավարության հակաիսրայելական գործունեությունը:
Այդ նպատակով` հրեական Simon Wiesenthal Center կազմակերպությունը Էրդողանի նստավայր է ուղարկել միլիոնավոր էլեկտրոնային նամակներ, որոնցում վարչապետից պահանջել է վերջ դնել Թուրքիայում հակաիսրայելական քարոզարշավին, ավելին`հայտարարել, որ անհրաժեշտ է վերացնել հրեաների դեմ ատելությունը: «Այս իրադարձություններն անպատասխան թողնելը կավելացնի հակասեմիթիզմը, բռնությունը և ահաբեկչությունը, նաև Թուրքիայի ու աշխարհի հրեաների 500-ամյա բարեկամության հետ կապված կասկածներ կարթնանան: Միաժամանակ, հրեական այդ կազմակերպությունը կոչ է արել բոլոր հրեական կազմակերպություններին միանալ այդ գործընթացին:
Հիշեցնենք, որ այսօր Իսրայելի կառավարությունը հրաժարվում է Էրդողանի` մինչ այդ իրենց ցուցաբերած ծառայություններից: Թուրք-իսրայելական լարվածությունը սկսվեց 2009թ. փետրվարին Դավոսում, երբ Էրդողանը, Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին մեղադրելով խաղաղ պաղեստինցիներին կոտորելու մեջ, լքեց դահլիճը:
Իսրայելն այս ծանրակշիռ մեղադրանքներին և վիրավորանքներին համարժեք պատասխան դեռ չի տվել: Իսրայելը ամեն կերպ փորձում է վերականգնել իր նախկին հարաբերությունները: Այդ նպատակով նույնիսկ Անկարայում Իսրայելի դեսպանը փորձեց բարեկամական շրջայց կատարել Թուրքիա, սակայն ամենուր նրան սպասվում էին հակաիսրայելական բողոքի ցույցեր: Այն, որ թուրք-իսրայելական հարաբերություններում ճգնաժամը օրեցօր խորանում է, գիտակցում են և Անկարայում, և Թելավիվում: Եվ չնայած այսօր Իսրայելի կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկում Թուրքիային ուշքի հրավիրելու համար, սակայն դրանք բավականին զուսպ են և մինչ օրս որևէ արդյունք չեն տվել: Ընդհակառակը, Անկարան շարունակում է բացահայտորեն մեղադրել Իսրայելին ցեղասպանություն իրականացնելու մեջ:
Քրիստինե Մելքոնյան












