Ըստ Ռոբերտ Քոչարյանի` Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն անտեսման արժանի հիմարություն է
«Իմ հասցեին հնչեցված մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ անիմաստ է կանգ առնել դրանց բովանդակային մասի վրա` դրա բացակայության պատճառով: Անտեսման արժանի հիմարություն»,- «Մեդիամաքս» գործակալության խնդրանքով մեկնաբանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթներում իմ մասին հիշատակումները հիշեցնում են այն իրադրությունը, որի ականատեսն եմ եղել մի քանի ամիս առաջ Աֆրիկայում: Երեկոյան խարույկի շուրջը հավաքված որսորդները տարբեր պատմություններ էին պատմում խոշոր աֆրիկյան կենդանիների որսի սուր միջադեպերի մասին: Խոսում էին առյուծների, ընձառյուծների, գոմեշների ու փղերի ուժի, ճարպկության, վտանգի աստիճանի մասին:
Ներկա էր մի եվրոպացի, որն ամեն պատմությունից հետո հոգոց էր հանում ու ավելացնում, որ ամենավտանգավոր եւ ուժեղ կենդանին արջն է: Երբ նա դա ասաց երրորդ անգամ` ես հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ է արջը նրան այդքան տպավորել: Պարզվեց, որ 5 տարի առաջ որս անելիս արջը նրան լավ վնասել էր: Հավանորեն ես էլ ինչ-որ ձեւով ոգեշնչում եմ Տեր-Պետրոսյանին, այդ պատճառով է նա այդքան հաճախ հիշում ինձ»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը:












