Ղարաբաղի հարցում թուրքերը խելքի են գալիս, մնացին ադրբեջանցիները
Վերջին շրջանում և’ թուրք քաղաքագետները, և’ լրագրողները հաճախ են հանդես գալիս հայտարություններով, թե Լեռնային Ղարաբաղը բացառապես հայկական տարածք է և ճիշտ կլինի, որ Ադրբեջանը հաշվի նստի այս իրականություն հետ ու հրաժարվի Արցախը վերադարձնելու սին պատրանքներից:
Դեռ հոկտեմբերի սկզբին «Tumgazeteler» կայքէջը գրել էր, թե Ադրբեջանը գիտակցում է, որ օրեցօր դժվարանում է Ղարաբաղի վերադարձը, և որ Ղարաբաղի ապագան արդեն որոշված է: «10 տարի անց Ղարաբաղի հիմնախնդիրն այլևս օրակարգում չի լինի, քանի որ հայերն օր օրի ավելի ու ավելի են ամրապնդում իրենց դիրքերը Լեռնային Ղարաբաղում»:
Թուրքերը նույնիսկ այս հարցում Ադրբեջանին փորձում են համոզել` օրինակ բերելով Կիպրոսը, նկատելով, որ 35 տարի է, ինչ Հյուսիսային Կիպրոսն իրենց է պատկանում: «Ու որքան էլ հարկադրեն, թե հետ տվեք Կիպրոսը, մեկ է` այն այլևս չի վերադարձվելու հույներին… Ադրբեջանցիները սա ևս պետք է գիտակցեն»: Չնայած Կիպրոսի ու Ղարաբաղյան խնդիրները նույն հարթության մեջ դիտարկելն անտրամաբանական է կամ էլ` տգիտության արդյունք, չէ՞ որ, ի վերջո,Կիպրոսը Թուրքիայի կողմից զավթված տարածք է, մինչդեռ Ղարաբաղն ազատագրված է իր իրական տերերի` հայության կողմից:
Ինչևէ, ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ, նույնպիսի հայտարարություն արել է և Լեռնային Ղարաբաղի հանրապետություն այցելած թուրքական «Ակշամ» թերթի լրագրողուհի Նագեհան Ալչեն ` ասելով. «Մենք Թուրքիայում սխալվել ենք, Ղարաբաղը հարյուր տոկոսանոց հայկական տարածք է, և մենք հասկացել ենք, որ հայերը վճռականորեն չեն զիջելու իրենց տարածքները»: Նա նշել է, որ ինքն է խնդրել իրենց թերթի գլխավոր խմբագրին, որպեսզի իրեն գործուղեն Արցախ, և ինքն ամեն ինչ տեսնի ու գնահատի սեփական աչքերով:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը հետաքրքրում է նաև Թուրքիային: Ինչ ես տեսա Ղարաբաղում, այն ինձ մոտ լույս սփռեց Ղարաբաղի անցյալի և ապագայի վերաբերյալ: Ես այս եզրահանգմանը եկա այն բանի շնորհիվ, որ մի շարք հանդիպումներ ունեցա պաշտոնատար անձանց և հասարակ քաղաքացիների հետ: Ստեփանակերտը մեզ վրա մեծ տպավորություն է թողել, և մենք մտադիր ենք կրկին վերադառնալ այնտեղ»,– հայտարարել է Ալչեն:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից, լրագրողը նշել է, որ իրենց կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, թե սահմանը կբացվի միայն ԼՂ հակամարտության կարգավորումից հետո: «Կապրենք, կտեսնենք»,- ասել է նա:
ArmAr.am












