Արա Գևորգյան. «Տուրք մի տվեք օտարների ցածրարժեք մշակույթին»
-Հայ թուրքական սահմանի բացումը երբեք չի կարելի կապել Ցեղասպանության և Արցախյան հարցի լուծման հետ, որովհետև մենք վերականգնել ենք պատմական արդարությունը, հողեր չենք զավթել, այլ ազատագրել ենք: Երբ աշխարհն այս տարբերությունը հասկանա` այլ կերպ կմոտենա Արցախի հարցին: Մենք երբեք զավթիչի դերում չենք եղել, մենք ժողովուրդ ենք, որը գնահատում է խաղաղությունը, կռվարար չէ, այլ պարզապես Արցախի պատերազմում պաշտպանվել է: Ես ողջունում եմ սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը: Սակայն մեր ժողովուրդը պետք է շատ զգոն լինի, պետական մարմինները պետք է շատ աչալուրջ լինեն, որպեսզի ազգային շահերը չոտնահարվեն, և սահմանի բացումը տեղի չունենա մեր ազգային վարկանիշի` մեր արժանապատվության հաշվին: Մենք պետք է մինչև վերջ մնանք պահանջատեր Ցեղասպանության հարցում և ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք հասնել Արցախի հարցի հայանպաստ լուծմանը: Ես կարծում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցել է թե’ հայաստանյան ուժերի, թե’ սփյուռքահայության հետ. սա այն հարցն է, որ մեկ անձը չի կարող միայնակ լուծել, որովհետև չի կարող իր վրա վերցնել այդպիսի մեծ պատասխանատվություն: Այս հարցը պետք է ողջ հայ ժողովուրդը լուծի: Իսկ մեր ժողովուրդը շատ խելացի, խելամիտ և հնարամիտ է: Կարծում եմ, որ ինչ քայլ էլ մեր ժողովուրդը կատարում է, ճիշտ է: Ես ուզում եմ, որ բոլոր հարևանների հետ ունենանք բարեկամական հարաբերություններ, բայց, կրկնում եմ, ոչ մեր ազգային արժանապատվության հաշվին: Ես ուզում եմ, որ ինձանից հետո իմ երեխայի գլխին ռումբեր չպայթեն: Ես ուզում եմ աշխարհում խաղաղություն լինի, և ադրբեջանցիներին խաղաղության կոչ եմ անում: Իսկ Թուրքիայի հարցում մենք մնում ենք պահանջատեր:
–Պարոն Գևորգյան, ըստ Ձեզ, ի՞նչ կտա մեզ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը: Եթե դիտարկենք զուտ մշակութային հարթության մեջ, արդյոք այն թուրքական մշակույթի նոր ներհոսք չի՞ կանխանշում:
-Սահմաններ բացելը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նախ ՀՀ-ի և Թուրքիայի ներկայացուցիչներին դեմ առ դեմ բանակցելու հնարավորություն կտա: Ես այս քայլերը ողջունում եմ, բայց սահմանի բացումից հետո մեր ազգային անվտանգությունը պետք է շատ ավելի զգոն լինի: Անկեղծ ասած, մշակութային առումով, սահմանի բացումից հետո ես վտանգ չեմ տեսնում, քանի որ այդ վտանգը մեզանում վաղուց կա: Այսօր մեր հարսանիքներում, մեր տներում, ազգային բարձրարժեք երաժշտության փոխարեն, հնչում է ադրբեջանաթուրքական ցածրորակ երաժշտություն: Մինչդեռ մեր ազգային երաժշտությունը համաշխարհային երաժշտության մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում: Ով հարգում է իր անձը, իր հայրենիքը, իր ծնողներին, պետք է հակահայկական երաժշտություն չնվագի ու չլսի: Խորհուրդ եմ տալիս բոլորին` հարգել սեփական անձը, սեփական ազգը և տուրք չտալ օտարների ցածրարժեք մշակույթին:
Արմենուհի Կարեյան












