Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Լևոն Շիրինյան. «Այսօր մեր առաջնային խնդիրը տարածքների բնակեցումն է»

Նոյեմբեր 17, 2009թ. 12:09

Shirinyan«Ազատագրված տարածքներ» տերմինը ժամանակավրեպ է, և անիմաստ է այն այլևս գործածելը: Դրանք պետք է անվանել  Արցախի ոչ խիտ բնակեցված տարածքներ:  Կա Արցախի Հանրապետություն` իր ներկայիս տարածքով, որի որոշ մասը դեռ ազատագրելու կարիք ունի»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը, երբ նրան խնդրեցինք խոսել ազատագրված տարածքների ռազմավարական կարևորությունից:

-Այդ տարածքները նախ և առաջ ունեն ռազամավարական նշանակություն:

Յուրաքանչյուր պետություն պետք է իմանա, թե ինչպես պաշտպանվի` օգտագործելով իր աշխարհագրությունը: Իսկ այսօր Հայաստանն ունի հզոր կառույցներ ու հզոր տեղագրություն. Հայաստանի արևելյան սահմանը, որ նույն Արցախի Հանրապետության արևելյան սահմանն է, անխոցելի է. մեր բանակն ամուր է կանգնած: Ռազմավարական տեսանկյունից հայոց լեռները դարձել են պատնեշ թշնամու համար: Այդ իմաստով Հայաստանի պաշտպանությունը` տարածաշրջանի երկրների մեջ, ամենաանխոցելին է: Հետևապես, ներկայիս դիրքերից մեր բանակը անգամ փոքր-ինչ տեղաշարժելը խիստ վտանգավոր կլինի: Ադրբեջանական ճնշմանը հնարավոր չի լինի դիմագրավել: Թեկուզ մեկ քայլ նահանջը կնշանակի դավաճանել հայրենիքը: Ըստ մասնագետների ուսումնասիրությունների, ադրբեջանական կողմին անհրաժեշտ կլինի մեկ հայ զինվորի դեմ  վեց ադրբեջանցի զինվոր ունենալ` այդ ճակատը հաղթահարելու համար:

Իհարկե, սա դիտարկում է պաշտպանական տեսանկյունից: Բայց ինչո՞ւ ենք մենք ամեն անգամ սպասում, որ իրենք հարձակվեն, մենք պաշտպանվենք:  Մենք անվերջ հեռանում ենք հարձակվողական ռազմավարությունից, և պաշտպանվողական դիրքեր ենք ընդունում: Այդպես դառնում ենք ուրիշի ռազմավարության և քաղաքականության գերին: Պետք է մենք ինքներս նախահարձակ լինենք:

Հայ ժողովուրդը պետք է մի հարցում վստահ լինի. եթե ինքը նորից ցեղասպանության վտանգի առաջ է կանգնելու, ուրեմն ինքը պետք է վտանգ ու սպառնալիք ստեղծի ցեղասպանների համար: Միայն ուժեղ լինելու դեպքում քեզ հետ հաշվի կնստեն: Հիշե’ք, ուժեղները վերցնում են այնքան, որքան իրենք են ուզում, թույլերին թողնում են վերցնել այնքան, որքան կրկին իրենք են կամենում: Այս սկզբունքը գործում է դարեր ի վեր:

Իսկ այսօր մենք ունենք բոլոր հնարավորությունները`  ուժեղ լինելու  և դրանով իսկ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու` շնորհիվ երկու կարևոր ճնշման կետերի, որոնք չի’ կարելի փոփոխել: Առաջինը Եվլախի կայարանն է, որը հայկական առաջավոր պաշտպանական դիրքերից ընդամենը 40 կիլոմետր է հեռու: Այստեղ են գտնվում ադրբեջանական նավթամուղերն ու գազամուղերը: Դա, կարելի է ասել, Ադրբեջանի սիրտն է: Ընդամենը մի հարված Եվլախին, ու Ադրբեջանը կմեռնի: Կմեռնեն նաև նրա նավթի ու գազի մասին պատմությունները:

Տարածաշրջանում շահագրգիռ բոլոր ուժերը վախենում են Եվլախի վրա հայկական ճնշումից: Անթույլատրելի է որևէ նահանջ այստեղից:

Մեր երկրորդ ճնշման կետը Հորադիսն է, որի շնորհիվ հայիրանական սահմանը դարձել է մոտ 210 կիլոմետր: Եթե մեր բանակի թեկուզ մեկ զինվորին այդտեղից դուրս բերենք, մեզ համար ամենաապահով, ամենակարևոր և ամենաանխոցելի սահմանը կկրճատվի: Ի դեպ` այս հատվածը նույն նշանակությունն ունի նաև Իրանի համար: Իրանի հյուսիսարևելքում գտնվող Ատրպատական նահանգն ամբողջովին բնակեցված է թուրք ազգաբնակչությամբ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ իրարանցում կսկսվի, եթե դա դառնա ադրբեջանա-իրանական սահման:

Ի վերջո, կստացվի, որ այս համաշխարհային ճնշումների մեջ մենք էլ մեր հերթին ենք մեր բարեկամի համար ստեղծում անկայուն վիճակ:

Վստահ եղեք, եթե հայկական զինուժը նահանջի այդտեղից, Պարսկաստանը Հայաստանին կպատժի:

Եթե անգամ տեսականորեն դիտարկենք մեր զորքերի տեղաշարժվելու որևէ հնարավորություն, ուրեմն Հայաստանի պաշտպանության նախարարությունը պետք է ժողովրդին հրապարակայնորեն ասի, թե` բանակը,  թեկուզ մեկ կիլմետր տեղաշարժելուց հետո, ինչպես պետք է նոր պաշտպանություն կազմի և կարո՞ղ է կազմել, թե՞ ոչ: Ես վստահ եմ` չի կարող: Մեր ներկայիս աշխարհագրական բնական սահմանները ամենահարմարն են ու հուսալին: Ոչ ոք իրավունք չունի ապագա սերունդների անվտանգությունը խաթարել: Բոլոր նրանք, ովքեր խոսում են ինչոր տարածքներ հանձնելու մասին, իրենց երեխաների ու թոռների համար անապահով իրավիճակ են ստեղծում: Դա դավաճանություն է, և մեկ սխալը կարղ է ողբերգական դառնալ ողջ ազգի հետագա սերունդների համար:

Ինչպե՞ս կարելի է դրա մասին մտածել, երբ մեր զինվորներն այսօր, խրամատներում դիրքավորված, իրենց կյանքի գնով պաշտպանում են սահմանները: Ի՞նչ են նրանց ասելու վաղը:

Պետք է կարևորել ևս մեկ հարց` Հայաստան պետության ռազմավարական արժեքը. որևէ տարածք հանձնելու դեպքում Հայաստանը կթուլանա, իսկ դրանում շահագրգիռ որոշ  պետություններ կօգտվեն դրանից: Իսկ ուժեղ լինելու և պայքարելու դեպքում բարեկամներ միշտ կգտնվեն: Այսօր Հայկական շեղանկյունը սեպի պես խրվել է պանթուրքիզմի ծրագրի մեջ: Կան երկրներ, որոնք նույնպես պայքարում են պանթուրքական ծրագրի դեմ, բայց ոչ Հայաստանի պես: Եթե մենք ուժեղ չեղանք, չպայքարեցինք ու թեկուզ մի փոքր թուլացրինք մեզ, մեր բոլոր համախոհները կթողնեն, կհեռանան: Հակառակ դեպքում նրանք մեզ միշտ կաջակցեն:

Իսկ մենք անընդհատ տարվում ենք համաշխարհային ինչոր շարժումներով` համաշխարհային կոմունի~զմ, համաշխարհային սոցիալի~զմ, համաշխարհային դեմոկրատիա~Այսօր ի՞նչ մեզ մնաց դրանցից` ոչինչ: Այնպես որ, պետք չէ համաշխարհային արժեքների համար մեզ կոտորել: Կարևորը մեր ազգային շահերն են:

Այսօր մեր առաջնային խնդիրը տարածքների բնակեցումն է և այն ամենի ոչնչացումը, ինչը կարող է վնասել մեր պաշտպանությանը:

Օրինակ` ես առաջարկում եմ այդ քիչ բնակեցված տարածքներում բնակեցնել դատապարտվածներին, որոշակի տարածքային սահամանափակումով, թող ապրեն, ընտանիք կազմեն, հող մշակեն և ոչ թե բանտում նստած Հայաստանի պետական ունեցվածքը սպառեն: Այդպես է բնակեցվել Ամերիկան: Հավատացեք, այսօր քչերն են հիշում այդ մասին:

Կարևորը`  հայրենիքին տեր կանգնելն է: Արյունով վերցված հայրենի հողը չի կարելի հանձնել թշնամուն: Մի այլ տարբերակ էլ կա. չենք կարողանում բնակեցնել, թող դատարկ մնա, թող հազար տարի էլ այդպես մնա: Միայն թե թուրքը չապրի այնտեղ:

Անի Աբովյան


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն