Ադրբեջանական հերթական կեղծիքը բացահայտվեց ընդամենը մի քանի րոպեում
Ադրբեջանական լրատվամիջոցների ձեռագիրն է` իրենց «ազգային» նկարագրին հարիր դրսևորումները վերագրել մեզ` հայերիս։ Այսօր ադրբեջանական day.az կայքում հերթական հակահայկական ապատեղեկատվությունն է զետեղվել, համաձայն որի, իբր թե հայերս, այսպես կոչված, «օկուպացված» տարածքներում ավերում են ադրբեջանական գերեզմանոցները, այս դեպքում` Աղդամի գերեզմանոցը, որն՝ ըստ day.az-ի, 200 տարուց ավելի պատմություն ունի։ Ավելին, ըստ վերոնշյալ ադրբեջանական լրատվամիջոցի` գերեզմանոցի քարերն ու վանդակաճաղերը հայերն օգտագործում են իրենց տների շինարարության համար։
Նկատենք, որ այս ապատեղեկատվության կեղծ լինելը երևում է հենց սկզբից: Նախ, հարց է առաջանում, թե ադրբեջանցին 200 տարվա պատմություն ունի՞, որ 200 տարվա գերեզմանոց ունենա: Երկրորդ. տուֆ քարի պաշարներով աշխարհին հայտնի Հայաստանում շինարար հայն իր տունը թյուրքի պիղծ քարերո՞վ պիտի կառուցեր: Զավեշտ է: Իսկ առհասարակ, գերեզման քանդելու ու տապանաքարերով տուն կառուցելու սովորույթը հնագույն, քրիստոնյա ազգերին ամենևին բնորոշ չէ։ Դրանով օժտված են միայն առանձին քոչվոր ցեղախմբեր` հանձինս նորօրյա ադրբեջանցիների, որոնք հայերից սովորեցին տուն կառուցել, բայց այդպես էլ նրանց գիտակցությանը հասու չեղավ նախնիների հիշատակը չանարգելու ավանդույթը: Դրա համար նախ պետք է պատմական անցյալ ունենալ, և հետո միայն` ավանդույթներ…
Ինչևէ, այժմ ադրբեջանական կեղծիքը բացահայտենք նաև մասնագիտորեն: Այսպես, ճարտարապետ, հնագետ Սամվել Կարապետյանը տեղեկացրեց, որ Աղդամի գերեզմանոցը խորհրդային տարիների գերեզմանոց է, ասել է, թե` ունի ընդամենը 70 տարվա կյանք, և այն, ինչպես որ եղել է, այնպես էլ պահպանվել է առ այսօր։
Ի դեպ, ադրբեջանցի լրագրողները ապատեղեկատվությանը կից կայքում տեղադրել են լուսանկարներ: Ու դրա համար իրենց պետք է ասենք` շնորհակալություն, քանի որ այդ կերպ մեզ օգնեցին շատ արագ բացահայտել իրենց իսկ տարածած լրատվական կեղծիքը:
«Մատուցված լուսանկարները նախ բացահայտում են, որ նկարված են ընդհանուր տեսարաններ, և հետո, դրանք պարզորոշ ցույց են տալիս, որ այդ գերեզմանատան տապանաքարերը հիմնականում գտնվում են կանգուն վիճակում, լուսանկարները հաստատում են, որ տապանաքարերը միտումնավոր ավերված չեն, և վերջապես, գերազմանոցը գտնվում է նորմալ վիճակում»,- ասաց Ս, Կարապետյանը։
Սամվել Կարպետյանը, շատ արագ հետազոտելով ներկայացված լուսանկարները, մեզ ասաց, որ տապանաքարերի վրա արված գրություններից պարզ երևում է, որ դրանցից ամենահինը 1950 թվականի է, հետո՝ 1967 և 1971։ Այսինքն՝ ամենահինն ընդամենը 59` այլ ոչ թե 200 տարվա վաղեմություն ունի։
«Կրկնում եմ, նրանց մատուցած լուսանկարներից երևում է, որ դա ընդամենը խորհրդային տարիների գերեզմանոց է, որը 99%-ով կանգուն վիճակում է գտնվում»,-ասում է Սամվել Կարապետյանը։ Նրանք իրենց իսկ լուսանկարներով փաստում են, որ գերեզմանոցը կանգուն է, ինչն ընդհանուր վիճակ է այդ տարածքի բոլոր գերեզմանոցների համար։
«Ընդհանուր պլանի լուսանկարներում տեսնում ենք հարյուրավոր ցից-ցից կանգուն տապանաքարեր: Մենք երանի կտայինք, որ դրա կեսի կեսի կես չափով այսօր մեր Ջուղայի խաչքարերը կանգուն մնացած լինեին։ Իսկ տեղաշարժված, կոտրված մեկ-երկու քար` ցանկացած գերեզմանոցում էլ կգտնվի»,- հավելեց Սամվել Կարապետյանը։
Ի վերջո, եթե հայերս նպատակ ունենայինք գերեզմանը ավերելու (դարձյալ կրկնում եմ` դա քրիստոնյա հայի հոգեբանությանն ամենևին հատուկ չէ), ապա, ադրբեջանցիներից օրինակ վերցնելով, այնպես կավերեինք, որ հետքն էլ չէր երևա: Ինչպես նրանց բարբարոս ձեռքը վարվեց Ջուղայի հայկական գերեզմանատան դեպքում:
Գոհար Փիլթոյան












