Թուրքիան ձգտում է դառնալ «աշխարհի կենտրոն»
Թուրքիայի արտաքին քաղաքականության շուրջ բացատրություններ է տվել պետնախարար Էգեմոն Բաղըշը: Նա տեղեկացրել է, որ Թուրքիան այսօր փորձում է ակտիվ քաղաքականություն վարել և հարևանների հետ չունենալ ոչ մի խնդիր: Թուրք պաշտոնյան հիշեցրել է, որ քայլեր են կատարվել Հայաստանի, Սիրիայի և Իրաքի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Բացի այդ, շեշտել է, որ մինչ տարվա վերջ նախատեսված է Եվրամիության հետ սկսել բանակցային նոր փուլ:
Ավելին, Էգեմոն Բաղըշը չի թաքցրել, որ Թուրքիան ցանկանում է վերածվել «աշխարհի կենտրոնի»: Ավելի ստույգ` աշխարհակալ պետության: Նա շեշտել է, որ այսօր Թուրքիան ճիշտ արտաքին քաղաքականություն է վարում: Ըստ նրա, եթե Թուրքիան հրաժարվի արևմուտքից, ապա հաջողության չի հասնի արևելքում, իսկ եթե հրաժարվի արևելքից, ապա առաջընթաց չի լինի արևմուտքում: Է. Բաղըշը նաև ակնարկել է, որ ներկայումս Թուրքիան հանդիսանում է ամենաարևմտյան պետությունը արևելքում և ամենաարևելյան պետությունը արևմուտքում:
Այլ կերպ ասած` Թուրքիան փորձում է իր դերը բարձացնել և՛ արևելքում, և՛ արևմուտքում: Մինչդեռ նման հակասական քաղաքականությունը շատ հաճախ խառնաշփոթ է առաջացնում, քանի որ պարզ չէ, թե Թուրքիան իրականում ում հետ է ցանկանում մերձենալ: Մինչդեռ պաշտոնական Անկարան պետք է գիտակցի, որ ուշ թե շուտ ընտրության առջև է կանգնելու:












