Հայ ռազմարվեստի պատմությունը` 50 հատորում
Այսօր տեղի ունեցավ «Հայոց պատերազմները եւ ռազմարվեստը» մատենաշարի առաջին երկու հատորների շնորհանդեսը: Մատենաշարը ներառելու է շուրջ հիսուն հատորյակ, որոնցում կներկայացվեն հայ ռազմարվեստի, սպառազինության, նշանավոր ճակատամարտերի պատմությունը: Այն կոչված է ամբողջացնելու հայ զինուժի, ռազմական կառույցի ամփոփ պատմությունը` հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը:
Մատենաշարը կոչված է ուղեցույցի դեր կատարելու ոչ միայն հայոց բանակի զինվորների ու սպաների, այլեւ հայկական ռազմարվեստի ուսումնասիրությամբ զբաղվող ուսանողների եւ դպրոցականների համար:
Ողջունելով նախաձեռնությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր վստհություն հայտնեց, որ մատենաշարը կդառնա ոչ միայն հայոց բանակի զինվորների ու սպաների սեղանի գիրքը, այլեւ ժամանակակից երիտասարդությանը կծառայի որպես ռազմահայրենասիրական դաստիարակության արդյունավետ միջոց:
Նախագծի հեղինակ եւ ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը նշեց, որ յուրաքանչյուր հատոր կունենա գիտական հենք: Ի դեպ, կուտակված է ահռելի նյութ, որը կամփոփվի մատենաշարի 50 հատորներում: Մատենաշարը կլինի շարունակական, հրատարակությունները պարբերաբար կլրացվեն նորանոր տեղեկություններով: Նախատեսվում է նաեւ ռուսերեն եւ անգլերեն տարբերակների հրատարակումը, ինչպես նաեւ թվայնացված տարբերակների թողարկումը, այդ թվում նաեւ համացանցում:
Այս աշխատանքների իրականացման համար ստեղծված հետազոտական խմբերի թերեւս ամենակարեւոր նպատակներից է` նպաստել հայ ռազմարվեստի պատմության թանգարանի ստեղծմանը:












