Գլխավոր » Լրահոս

Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը Իտալիա

Նոյեմբեր 17, 2009թ. 19:33

Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը Իտալիա, որտեղ կառավարության ղեկավարը մասնակցում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովին: Այսօր Տիգրան Սարգսյանը ելույթով դիմել է համաժողովի մասնակիցներին, որում ասված է.

«Մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, գագաթաժողովի մասնակիցներ: Արդեն երկու տասնամյակ է, ինչ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկված է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աշխատանքներում` 1993 թվականից հանդիսանալով կազմակերպության լիիրավ անդամ:  Համագործակցության անցած տարիները արդյունավետ աշխատանքի ու արձանագրված հաջողությունների ժամանակաշրջան են: Այդ բովանդակալից և շնորհակալ համագործակցությունը շոշափելի արդյունք է տվել:  Այսօր հպարտությամբ արձանագրում ենք, որ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Հաջողության ուղիները» զեկույցը, ի թիվս չորս այլ պետությունների, բարձր է գնահատել մեր երկրի օրինակը` որպես դրված նպատակներին հասնելու և ոլորտում առկա խնդիրների հետևողական լուծման փորձառություն: Սա, իհարկե, չի նշանակում, որ բոլոր հիմնահարցերն արդեն լուծված են, և պետք է աշխատել նոր եռանդով, ձեռքբերածն ամրապնդելու և գյուղատնտեսության ոլորտում տեսանելի առաջընթացը շարունակելու համար:

Հայտնի է, որ պարենի արտադրությունը ողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, խիստ ռիսկային ոլորտ է: Արդի ֆինանսական և տնտեսական ճգնաժամն իր հերթին բացասական ազդեցություն թողեց սննդի պահանջարկի վրա, ինչն առավել ընդգծված զգացվեց զարգացող երկրներում: Այդ իսկ պատճառով մենք մեծապես կարևորում ենք այս համաժողովն ու խնդրի լուծմանն ուղղված բոլոր պետությունների ու միջազգային կազմակերպությունների ջանքերը: Այսօր այս սրահում հավաքված պատվարժան հյուրերն ու ոլորտի պատասխանատուները պարենային ապահովության վերաբերյալ գագաթաժողովի առաջարկած հռչակագրին անդրադառնալու առիթներ դեռ ունենալու են: Համոզված եմ, որ այդ քննարկումները բավականին հետաքրքիր ու արդյունավետ են լինելու: Իմ դիրքորոշումը սեղմ է և հստակ: Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է պարենային ապահովության վերաբերյալ գագաթաժողովի հռչակագիրը: Այն համապատասխանում է մեր կառավարության տեսլականին, ու դրանում արտահայտված սկզբունքները մեզ համար ընդունելի են:

Մեծարգո պարոն նախագահ:

Մենք բարձր ենք գնահատում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Գյուղատնտեսական հարցերով եվրոպական հանձնաժողովի 36-րդ նստաշրջանն ու Կազմակերպության եվրոպական տարածաշրջանային 27-րդ  կոնֆերանսը 2010 թվականի մայիսի 10-14 Երևանում անցկացնելու մասին որոշումը:  Հուսով եմ, որ Երևանում կայացրած որոշումները ևս կնպաստեն պարենային անվտանգության մակարդակի զգալի բարձրացմանը: Սպասում ենք ձեզ Երևանում:

Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կրկին արտահայտել իմ խորին շնորհակալությունը  Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը և անձնապես գլխավոր տնօրեն դոկտոր Ժակ Դիուֆին, կազմակերպության դոնոր անդամներին և բարի կամք դրսևորած երկրներին` աշխարհի առջև ծառացած խնդիրների լուծման նպատակով գործադրած համատեղ ջանքերի համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով ի վիճակի կլինենք հաղթահարելու պարենային անվտանգության մարտահրավերները և աստիճանաբար կվերացնենք սովն ու աղքատությունը ամբողջ աշխարհում»:

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն դոկտոր Ժակ Դիուֆի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ու կազմակերպության միջև համագործակցության հարցերը:

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է համագործակցությունը FAO-ի հետ, ինչպես նաև այդ կազմակերպության կողմից Հայաստանում իրականացրած և ներկայումս իրականացվող ծրագրերը: Տիգրան Սարգսյանը նշել է նաև, որ Հայաստանը հաստատում է իր պատրաստակամությունը` 2010 թ. մայիսի 10-14-ին Երևանում հյուրընկալել FAO-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովը, ինչպես նաև Եվրոպական NGO/Civil Society Organisation-ների խորհրդակցությունը:

Կառավարության ղեկավարը հատուկ ընդգծել է հացահատիկի, եգիպտացորենի ու կարտոֆիլի սերմնաբուծության, ձկնաբուծության, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման համակարգի ստեղծման, գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման ոլորտներում համագործակցության զարգացումը:

ՊԳԿ գլխավոր տնօրենը նշել է, որ համագործակցության նոր առաջնայնությունները Հայաստանին ու կազմակերպությանը համատեղ արդյունավետ աշխատելու հնարավորություններ են տալիս:

Այսօր կառավարության ղեկավարը հանդիպելու է նաև Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի տնօրեն Կանայո Նվանզեի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Ջոզեթ Շիրանի հետ:

Այսօր ուշ երեկոյան ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երևան:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն