Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան

Ո՞վ կդառնա Եվրամիության առաջին նախագահը

Նոյեմբեր 18, 2009թ. 13:28

Անցած շաբաթ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը ստորագրել է Լիսաբոնյան պայմանագիրը` վերացնելով պատմության մեջ առաջին անգամ Եվրամիության նախագահ և արտաքին գործերի նախարար ընտրելու վերջին արգելքը: Արդյունքում արդեն նոյեմբերի 19-ին ԵՄ արտահերթ խորհրդաժողովի ժամանակ կայանալիք ընտրությունների արդյունքում հայտնի  կդառնան Եվրամիության առաջին նախագահի և արտգործնախարարի անունները:

Լիսաբոնյան պայմանագիրը ստորագրվել է 2007 թվականի դեկտեմբերի 13-ին: Այն կոչված էր փոխարինելու այդպես էլ ուժի մեջ չմտած Եվրամիության Սահմանադրությանը: Ինչ վերաբերում է նշված Սահմանադրությանը, որի պահանջների մեծ մասը ներառված են Լիսաբոնյան պայմանագրի մեջ, ապա այն, ի թիվս այլ խնդիրների, ենթադրում էր նաև Եվրամիության նախագահի ընտրություն: Սակայն այդ հանգամանքը թերևս ցուցադրական բնույթ ունի: Իրականում Եվրոպան նախապատրաստվում է համաշխարհային քաղաքական գործընթացներում առավել մեծ դերակատարության, ինչին հասնելու համար անհրաժեշտ է միավորվածության ավելի բարձր մակարդակ: Գործնականում Լիսաբոնյան պայմանագիրը Եվրամիության առաջիկա 15-20 տարիների քաղաքական ծրագիրն է, որի մշակման ընթացքում հաշվի են առնվել և’ ԱՄՆ-ի միջազգային ազդեցության թուլացումը, և’ Ռուսաստանի տնտեսական վերելքը, և’ ասիական երկրների օրեցօր մեծացող հզորությունը: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է, թե ով կդառնա Եվրամիության առաջին նախագահը, որովհետև նրա որդեգրած քաղաքականությունից են կախված լինելու հին աշխարհի վերափոխման ճանապարհները:

Եվրամիության նախագահի և արտգործնախարարի թեկնածուների պակաս չի զգացվում: Միջազգային փորձագետների հաշվարկներով, երկու նշված պաշտոններին հավակնելու են ավելի քան երկու տասնյակ դիվանագետներ, որոնց մեջ ընգծված ֆավորիտ, կարծես թե, չկա: Ինչպես նշել է Եվրամիության գործող ղեկավարը` Շվեյցարիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդտը, ԵՄ անդամներին դեռևս չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ թեկնածուների հարցում: Բայց նա հույս է հայտնել, որ արտահերթ վեհաժողովի ժամանակ Եվրամիության երկրներին կհաջողվի մերձեցնել դիրքորոշումները: Հակառակ պարագայում նախագահն ու արտգործնախարարը կընտրվեն ձայների պարզ մեծամասնությամբ: Ընդ որում, Լիսաբոնյան պայմանագիրը վետոյի իրավունք չի տալիս ԵՄ անդամ երկրներից որևէ մեկին: Այնպես որ, ընտրված նախագահը օժտված է լինելու բավական մեծ իշխանությամբ:

Հարկ է խոսել նաև Եվրամիության բարձրագույն պաշտոններին հավակնող այն թեկնածուների մասին, որոնց անուններն ամենաշատն են շրջանառվում եվրոպական մամուլում: Ըստ եվրոպացի վերլուծաբանների գնահատականների, նախագահի պաշտոնին լավագույնս համապատասխանում է Բելգիայի վարչապետ Հերման վան Ռոմպեյը: Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Պետր Կաչինսկու կարծիքով, բելգիացի դիվանագետը, որը աջակենտրոն հայացքների հետևորդ է, հենց այն գործիչն է, որի թեկնածությունը հանգիստ կարող է ընդունել ցանկացած եվրոպացի քաղաքական գործիչ: Սրա օգտին է խոսում այն հանգամանքը, որ Բելգիան վարում է Եվրամիության կուրսին համապատասխանող հավասարակշռված արտաքին քաղաքականություն: Բացի այդ, վան Ռոմպեյի թեկնածությունը պաշտպանում են Եվրամիությունում մեծ ազդեցություն ունեցող Ֆրանսիան և Գերմանիան:

Եվրամիության թեկնածուների մեջ աչքի է ընկնում նաև Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, որի թեկնածությունը պաշտպանում են Անգլիայի ներկայիս վարչապետ Գորդոն Բրաունը և արտգործնախարար Դեվիդ Միլիբանդը: «Եվրոպային պետք է համոզիչ փաստաբան, կոալիցիաների ստեղծող և ամբողջ աշխարհի հետ ստրատեգիական հարաբերությունների շինարար: Թոնի Բլեերը հանդիսանում է հենց այդպիսի մարդ», – նշել է Միլիբանդը: Սակայն շատ փորձագետների կարծիքով Բլեերը չի ընտրվի նախագահ, քանի որ նախկինում նա ակտիվորեն աջակցել է ԱՄՆ-ին` Իրաքի և Աֆղանստանի դեմ իրականացված գործողություններում: Բացի այդ, Անգլիայում Թոնի Բլեերի պաշտոնավարման ժամանակ Մեծ Բրիտանիան հրաժարվել է մուտք գործել Եվրազոնա և չի ստորագրել Շենգենյան պայմանագիրը: Իսկ եթե այս ամենին գումարենք նաև եվրոպական երկրների ավանդաբար ձևավորված բացասական վերաբերմունքը Անգլիայի նկատմամբ, ապա պարզ կդառնա, որ Եվրամիության նախագահ դառնալու Բլեերի շանսերը շատ քիչ են:

Եվրամիության բարձրագույն պաշտոնը զբաղեցնելու լավ շանսեր ունեն Դանի վարչապետ Պետեր Բալկենենդեն, Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը և Լատվիայի նախկին նախագահ Վայրը Վիկե-Ֆրեյբերգը: Սակայն, անկախ այն բանից, թե ում բախտ կվիճակվի նոյեմբերի 19-ից գլխավորել Եվրամիությունը, ակնհայտ է, որ եվրոպական այդ կառույցի քաղաքականությունն ամբողջ աշխարհում զգալի փոփոխությունների կենթարկվի: Եվ այդ փոփոխություններն առաջին հերթին զգացվելու են Եվրոպային հարող այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսին է, օրինակ, Հարավային Կովկասը:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ


Դիտել Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն