Արցախն աշխարհի հետ կարող է խոսել մշակույթի լեզվով
Մեր զրուցակիցն է ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը
-Տիկին Աղաբալյան, վերջերս ԼՂՀ պատվիրակությունը, որի կազմում էիք նաև դուք, այցելեց Ֆրանսիա և ՌԴ: Ո՞րն էր այցի նպատակը, ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, ի՞նչ հանդիպումներ տեղի ունեցան։
-Այցի նպատակը կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելը չէր, այլ այն, որ Ֆրանսիայում և Ռուսաստանում փորձեինք պարզել, թե այդ երկրներում կա՞ մշակութային համագործակցության հնարավորություն։ Մեզ համար կարևոր էր իմանալ, որ այդ ճանապարհին Ղարաբաղի Հանրապետության պաշտոնապես ճանաչված չլինելը չի կարող արգելք ու խոչընդոտ լինել, և մենք կարող ենք այդ հնարավորությունը օգտագործել՝ փորձելով նաև մշակույթի միջոցով փակ դռները բացել։ Այցի ընթացքում հավաստիացանք, որ և՛ Ֆրանսիայում , և՛ Ռուսաստանում մեզ հետ համագործակցելու պատրաստակամություն կա։
Ֆրանսիայում հանդիպումներ ունեցանք Ֆրանսիայի ազգային ժողովում, Մարսելի քաղաքապետարանում։ Հանդիպեցինք նաև Փարիզի շրջակա քաղաքներից մեկի փոխքաղաքապետին։ Նրանց հետ նախնական պայմանավորվածություն ունենք, որպեսզի առաջիկայում համագործակցության կոնկրետ առաջարկություններ ներկայացնենք։ Հայկական շրջանակներում էլ արդեն համագործակցության պայմանավորվածություն ունենք։ Մասնավորապես` Մարսելում, Հայ երիտասարդական միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվեցինք, որ առաջիկայում Մարսելի 120 հոգանոց պարախումբը կայցելի Ղարաբաղ։ Փոխադարձ այցով Մարսելում ելույթ կունենա նաև մեր պարի պետական համույթը։
Պայմանավորվածություններ ունենք նաև ամառային երիտասարդական ճամբարների կազմակերպման և անցկացման շուրջ։ Ըստ այդ ծրագրի, նախատեսվում է Արցախում աշխատանքի և հանգստի ճամբարներ կազմակերպել, որտեղ կընդգրկվեն Արցախի, Հայաստանի և Սփյուռքի երիտասարդները։ Այդ կերպ նաև պետք է փորձենք սահմանամերձ գյուղերում, և այնտեղ, որտեղ դրա կարիքը կա, օգտակար գործ կատարել։ Սա միաժամանակ նաև ճանաչողական մեծ արժեք կունենա, քանի որ լինելով ազատագրված տարածքներում՝ երիտասարդությունն ավելի լավ պատկերացում կկազմի այդ տարածքների նշանակության մասին։
Որոշակի ծրագրեր իրականացնելու համար համապատասխան պայմանավորվածություններ ունենք նաև այդ երկրների մշակույթի նախարարությունների հետ։
-Մշակութային ի՞նչ ծրագրեր են այսօր կյանքի կոչվում Արցախում։
-ԼՂՀ մշակույթի նախարարության քաղաքականությունն այսօր հիմնականում ուղղված է այն բանին, որ մշակութային կյանքն ակտիվանա ոչ միայն Ստեփանակերտում, այլև` գյուղերում։ Այս ճանապարհին հիմնական քայլն այն է, որ մեծ գյուղերում ստեղծվեն արվեստի դպրոցներ։ Այդ դպրոցների ստեղծման համար էլ մենք որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել։ Մասնավորապես` մոսկվայաբնակ մեր հայրենակիցները պատրաստակամություն են հայտնել օգնել գործիքների ձեռքբերման խնդրում։
-Ե՞րբ հնարավոր կլինի այդ ծրագիրը կյանքի կոչել։
-Այդ ծրագիրն արդեն իրագործում ենք։ Երկու գյուղում՝ Նորագյուղում և Ավետարանոցում, երաժշտական դպրոցի մասնաճյուղեր են բացվել։
Արփաշեն գյուղում էլ բարերար Վիլհելմ Կարապետյանի հովանավորությամբ, վերանորոգվում է այն շենքը, որտեղ առաջիկայում պետք է բացվի դպրոցը։
Ճարտար գյուղում սեպտեմբերի 1-ին արվեստի դպրոց կբացվի։
Ի դեպ, Ճարտարը Արցախի ամենամեծ գյուղերից մեկն է, որը 4 300-ից ավելի բնակիչ ունի։
Իսկ Շուշիի մշակույթի տանը պարի բաժին կբացվի։ Սրանք այն աշխատանքներն են, որոնք ուղղված են նրան, որ Արցախի բոլոր շրջաններում մշակութային կյանքը հավասարաչափ ակտիվ լինի: Սա մեզ համար ռազմավարական նշանակություն ունի։ Այս կերպ մենք պետք է կասեցնենք մեր երիտասարդության հոսքը մայրաքաղաք։ Սա պետք է նպաստի, որպեսզի մեր երիտասարդությունն ապրի ու շենացնի հայրենի գյուղերը։
– Շուշին նախատեսվում է մշակութային կենտրոն դարձնել, այս ուղղությամբ ի՞նչ կոնկրետ քայլեր են արվում։
-Այս տարվա հեռուստամարաթոնի դրամահավաքը նվիրված է Շուշիին։ Ճիշտ է, այդ գումարներն առայժմ նախատեսված են քաղաքի ջրամատակարարման, տանիքները փոխելու և նմանատիպ խնդիրները լուծելու համար, սակայն արդեն իսկ կան ծրագրեր, որոնք ուղղված են Շուշիում մշակութային կյանքի ակտիվացմանը։ Առաջիկայում նախատեսվում է վերանորոգել մշակույթի տունը։ Բացի այդ, Շուշի կտեղափոխվի մշակույթի նախարարությունը. այդ նպատակի համար կվերանորոգվի օրիորդաց դպրոցը: Այդ խնդիրները լուծելու ճանապարհին արդեն որոշակի քայլեր արվել են։
Հայտնի փաստ է, թե ինչ անվանի մարդիկ են ապրել Շուշիում, ուստի նախատեում ենք այնտեղ տուն-թանգարաններ կառուցել։ Առաջիկայում որպես թանգարան կվերակառուցվի ռեալական դպրոցի շենքը։
Բացի այս ամենից, կա մի գաղափար ևս, որը ծնվեց Փարիզ այցելելուց հետո. Շուշիում մենք անպայման պետք է ունենանք Հակոբ Գյուրջյանի տուն-թանգարանը։ Հակոբ Գյուրջյանը շատ հայտնի քանդակագործ է եղել, նա աշակերտել է հանրահռչակ Օգյուստ Ռոդենին։ Այնպես որ, բազմաթիվ ծրագրեր կան, որոնք, հուսով եմ, կյանքի կկոչվեն։
Հարցազրույցը՝ Գոհար Փիլթոյանի












