Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Թուրքիան` քրդական վտանգի հանդիման

Նոյեմբեր 18, 2009թ. 15:47

qrdakanԱմերիկայի Միացյալ Նահանգների իրաքյան կոմպանիան հեռու է հաջողված համարվելուց: Եվ դեռ ավելին` շատ փորձագետների կողմից ԱՄՆ-ի գործողություններն Իրաքում գնահատվում են իբրև պարտվողական: Սակայն որքան էլ ԱՄՆ-ի նպատակները ձախողված լինեն Մերձավոր Արևելքում, այնուամենայնիվ, իրաքյան պատերազմն ամբողջովին նոր քաղաքական իրավիճակ է ստեղծել այդ տարածաշրջանում: Դա նախ և առաջ պայմանավորված է արաբական գործոնի թուլացման ֆոնի վրա քրդական գործոնի ուժեղացմամբ: Այսօր Իրաքի հյուսիսում փաստորեն ստեղծվել է Քուրդիստան պետություն, որն անկասելիորեն ընթանում է դեպի միջազգային ճանաչում: Եվ այս գործընթացն արդեն պայմանավորված չէ միայն Վաշինգթոնի տարածաշրջանային քաղաքականությամբ: Քուրդիստանի անկախացումը հետաքրքրում է նաև Ռուսաստանին և Եվրամիությանը, որոնց ղեկավարներն արդեն քրդական քաղաքական էլիտայի հետ երկխոսություն սկսելու որոշակի փորձեր են ձեռնարկել:

Վերջին շրջանում քրդական թեմատիկան Թուրքիայի ներքաղաքական կյանքի ամենաքննարկվող թեմաներից մեկն է: Այն իր մասսայականությամբ զիջում է միայն հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցին: Սակայն կարևորությամբ թերևս թուրքական դիվանագիտության համար մեկ խնդիրն է: Արևմտյան Հայաստանի սահմաններում բնակվող քրդերը տարեցտարի ուժեղացնում են պայքարը թուրքական կառավարության դեմ, և արդեն ակնհայտ է, որ մոտ ապագայում նրանք լրջագույն սպառնալիք կդառնան թուրքական պետականության համար: Ուստի, պաշտոնական Անկարան ստիպված է շուտափույթ կերպով որևէ լուծում գտնել քրդական խնդրին:

Թուրքիայի անմիջական սահմանին քրդական պետություն ստեղծելու հեռանկարը կենդանական վախի մեջ է պահում պաշտոնական Անկարային: Ակնհայտ է, որ Քրդիստանի առկայության պարագայում Թուրքիայի մոտ 20 միլիոն քրդերը ձգտելու են միավորվել անկախություն ձեռքբերած իրենց 4-7 միլիոն հայրենակիցներին: Եվ այդ ձգտումն ուշ թե շուտ որոշակի արդյունքների կբերի:

Պաշտոնական Անկարայի ճիգերը` համոզել Արևմուտքին` կասեցնելու քրդերի պետականաշինության գործընթացը, անցնում են ապարդյուն: Եվ դա լիովին հասկանալի է, քանի որ արևմտամետ Քուրդիստանը հնարավորություն կտա ԱՄՆ-ին ազդել Իրանի, Սիրիայի և Թուրքիայի քրդերի վրա` դրանով իսկ ազդեցության լրացուցիչ լծակներ ձեռք բերելով նշված պետությունների կառավարությունների վրա: Բացի այդ, անկախ Քուրդիստանը գերում է Արևմուտքին նաև հարուստ էներգապաշարների առկայությամբ և տարանցիկ երկիր լինելու հոյակապ հնարավորություններով: Միակ տարբերակը, որի պարագայում Արևմուտքը կհամաձայնվի Քուրդիստանը թողնել Իրաքի վարչական տարածքում, այն է, որ հաջողվի ամբողջական վերահսկողություն սահմանել Իրաքի վրա և փոխել տեղի բնակչության էթնոհեգաբանությունը, ինչը գործնականում անհնար է: Այս հարցում Արևմուտքի հաջողությունները կարող են միայն ժամանակավոր բնույթ ունենալ, ինչը հոյակապ հասկանում են թե’ ԱՄՆ-ում և թե’ Եվրամիությունում:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այստեղի քաղաքական վերնախավը ևս հասկանում է Մերձավոր Արևելքում քրդական գործոնի անկասեցնելի ուժեղացումը, այդ իսկ պատճառով ցանկանում է օր առաջ հարաբերություններ ստեղծել տեղի առաջնորդների հետ: Գնահատելով Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ուժերի բաշխվածությունը` պաշտոնական Մոսկվան եկել է այն եզրակացության, որ անկախ Քուրդիստանն իր վրա կգրավի Թուրքիայի և Իրանի ուշադրությունը, ինչը հնարավորություն կտա Ռուսաստանին օգտվել հարմար առիթից և ուժեղացնել իր դիրքերը Հարավային Կովկասում: Իսկ թե Մերձավոր Արևելքում ինչ քաղաքական տեղաշարժեր կիրականացվեն Քուրդիստանի ստեղծվելուց հետո, Ռուսաստանին քիչ է հետաքրքրում, քանի որ Մերձավոր Արևելքը չի հանդիսանում ռուսական կենսական շահերի գոտի:

Հետաքրքրական է նաև այն փաստը, որ քրդերի հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու համար ռուսական դիվանագիտությունը մեծ դեր է հատկացնում Հայաստանին և հայկական քաղաքագիտական շրջանակին: Դեռևս 2-3 տարի առաջ Ռուսաստանի որոշ վերլուծաբան-չինովնիկներ փորձում էին համոզել հայկական կողմին, որ Քուրդիստանը կարող է դառնալ Հայաստանի դաշնակիցը «Մեծ Կովկաս» տարածաշրջանում: «Թուրքիան չի կարող դիմակայել հայ-քրդական համատեղ ճնշումներին և ստիպված կլինի վերափոխել իր քաղաքականությունը հարևանների նկատմամբ»,-պնդում էին ռուսները: Թերևս Թուրքիան թույլ տեսնելու հույսն է, որ դրդում է Ռուսաստանին օժանդակել քրդերին իրենց գործում: Եթե անկախ Քուրդիստանը կարողացավ խաղի իր պայմանները թելադրել Թուրքիային, ապա Ռուսաստանը կկարողանա ազատ մուտք գործել Մերձավոր Արևելք և կփորձի մրցակցություն ստեղծել Արևմուտքի հետ արդեն Արևմուտքի «դաշտում»:

Հրանտ Մելիք-Շահնազարյան


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն