Ո՞վ է խոսում վանդալիզմից… ադրբեջանցի՞ն
Ադրբեջանական լրատվամիջոցները մի քանի օր է, ինչ աղմուկ են բարձրացնում, իբր թե հայերը ավերել են Աղդամի գերեզմանոցը, անգամ որակումներ են հնչեցնում…
Խնդրի առնչությամբ ArmAr.am-ին պատասխանեց ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը.
«Ջուղայի խաչքարերը` մշակութային այդ արժեքները վերացնող ժողովուրդն իրավունք ո՞ւնի խոսելու նման հարցերից, առավել ևս՝ փորձելու ուրիշին ինչ-ինչ բնորոշումներ տալ, երբ իրենց բոլոր քայլերն իրականում վանդալիզմի ակնհայտ դրսևորումներ են: Եթե մենք ոչնչացնող ազգ լինեինք, մեր տարածքների ազատագրումից անմիջապես հետո ադրբեջանական հետքերն իսպառ կվերացնեինք։ Ի տարբերություն ադրբեջանցիների, որ սովոր են ավերել հայկական հուշարձանները, հայերս ոչ միայն չենք ավերում, այլ ընդհակառակը՝ վերանորոգում ենք։
Մեր հարցին, թե Շուշիի ազատագրումից հետո ի՞նչ վիճակում էր գտնվում Շուշիի հին գերեզմանատունը, նախարարը պատասխանեց, որ Շուշիում կան մի քանի գերեզմանոցներ, որոնք ավերվել էին ադրբեջանցի վանդալների ձեռքով։ Այս տարիների ընթացքում մասնավոր նախաձեռնություններով, նաև կազմակերպությունների միջոցներով փորձեր են արվել կարգի բերելու այդ տարածքները, վերականգնելու քարերը։ «Հիմա արդեն մասնագետ ունենք, ով զբաղվում է գերեզմանաքարերի վերծանմամբ։
«Ադրբեջանցիները, ժամանակին տեր լինելով հայկական տարածքներին, քանդել են բոլոր հայկական գերեզմանները, նրանք քանդել են հայկական գերեզմանները նաև պատերազմի տարիներին։ Իսկ Աղդամում ադրբեջանական գերեզմանաքարերը կան, և կանգուն են այսօր։ Մի ժողովուրդ, որը կարող է մեկ գիշերվա մեջ 10 հազար խաչքար ավերել, իրավունք չունի խոսելու վանդալիզմի մասին»,- շեշտեց ԼՂՀ մշակույթի նախարարը։
ArmAr.am












