Պատասխան Ադրբեջանի նախագահի հոխորտանքներին. «Ցանկացած ոտնձգություն մեր երկրի նկատմամբ վճռականորեն կկանխվի»
ArmAr.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը
– Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով: Նա նշել է, որ «խնդրի» խաղաղ կարգավորումը ձգձգվում է, որ իրենք «սպասելու ժամանակ այլևս չունեն», որ սպառազինում են բանակը, և որ ուժի միջոցով կազատագրեն «ադրբեջանական հողերը»։ «Մենք ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք, որպեսզի զինված ճանապարհով ազատագրենք մեր հողերը»,- ասել է Ալիևը։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս հայտարարությունը։
– Նախևառաջ ուզում եմ նշել, որ Ադրբեջանի նախագահի այս կարգի հայտարարությունները նորություն չեն: Յուրաքանչյուր քիչ թե շատ խոշոր հանդիպման կամ արարողության ժամանակ նա խոսում է «ադրբեջանական հողերի ազատագրման» մասին: Ինչպես տեսնում եք, այստեղ ոչ մի նոր բան չկա: Ինչ վերաբերում է վերջին ասվածին, վստահ եմ, դրանք քարոզչական հերթական խոսքերն են: Մենք բոլորս գիտենք, որ դեռևս հայր Ալիևի ժամանակ Ադրբեջանի իշխանությունները փախստականներին և, այսպես կոչված, «հարկադիր տեղահանվածներին» բնակարաններով չէին ապահովում, պահում էին վրանային ավաններում, որպեսզի կարողանային ճնշում գործադրել միջազգային հանրության վրա: Միաժամանակ, այդ մարդկանց անընդհատ հույս էր ներշնչվում, որ շուտով նրանք վերադառնալու են իրենց նախկին բնակավայրերը: Եվ կարծում եմ, որ այն փաստը, որ Ադրբեջանը սկսել է բնակարաններ բաժանել, վկայում է հենց իրենց՝ ադրբեջանցիների`նախկին կարգավիճակին վերադառնալու հավատի կորստի մասին:
– Եվ Հայաստանում, և Արցախում այն կարծիքին են, որ Ադրբեջանի նախագահի նմանատիպ հայտարարությունները ներքին սպառման համար են։ Բայց եթե անգամ դա արվում է ներքին սպառման համար, ապա այն հստակ նպատակներ է հետապնդում՝ ազդելու ժողովրդի հոգեբանության վրա` նրան նախապատրաստելով պատերազմի։ Չե՞ք կարծում, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից ժամանակ առ ժամանակ շրջանառվող նման հայտարարությունները հատուկ մշակված ու մտածված քաղաքականության արտահայտություն են։
– Իհարկե, նման հայտարարությունները հատուկ քաղաքականության արդյունք են և նախատեսված են առաջին հերթին ադրբեջանցիների համար: Բացի այն, որ Ադրբեջանն իր հասարակությանը մշտապես «կերակրում է» ռևանշիստական և պատերազմը վերսկսելու գաղափարներով, նա կարիք ունի նաև բացատրելու և ցույց տալու, թե ինչի վրա են ծախսվում նավթի վաճառքից գոյացած հարյուր միլիոնավոր դոլարները: Սակայն իրականում պետական մակարդակով տեղի է ունենում բյուջետային միջոցների յուրացում, «փողերի լվացում» և այլն: Միաժամանակ ուզում եմ հիշեցնել, որ բանակի հզորությունը ոչ հայտարարություններով է չափվում, ոչ էլ՝ ծախսված գումարի չափով: Սրանք քարոզչական ոչ խորամանկ միջոցներ են, և մտածել, թե դրանով ադրբեջանական հասարակությունը պատրաստ է պատերազմի, լավագույն դեպքում միամտություն է:
– Պատերազմի վերսկսումը հնարավոր համարո՞ւմ եք:
– Պատերազմի վերսկսումը երբեք չի կարելի բացառել: Անհրաժեշտ է միշտ հիշել, որ Ադրբեջանի հետ մենք չունենք խաղաղության պայմանագիր: Իսկ ինչ վերաբերում է 1994թ. կնքված զինադադարին, ապա այն պարբերաբար խախտվում է ադրբեջանցիների կողմից: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերն ունեն մարտական պատրաստականության բարձր մակարդակ և, հավատացնում եմ, որ ցանկացած ոտնձգություն մեր երկրի նկատմամբ վճռականորեն կկանխվի:
– Ադրբեջանի նախագահն անվերջ նույն երգն է երգում, թե Ադրբեջանը ներկայումս «հզոր պետություն» է, տարածաշրջանում ամենահզոր բանակն ունի, որին դիմագրավել հնարավոր չէ։ Ի՞նչ կասեք այս մասին։
– Ադրբեջանը մշտապես հայտարարում է իր պետության և բանակի հզորության մասին: Խոսելով հսկայական ռազմական բյուջեի մասին՝ Ադրբեջանի նախագահը մոռանում է, որ իրենց բանակում պարբերաբար ուշացնում են սպաների և զինծառայողների աշխատավարձը, զինվորներին տալիս են անորակ և ժամկետանց սնունդ: Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկային և սպառազինությանը, ապա դրանք հաճախ հին են և բարոյապես մաշված: Այս բոլոր փաստերը մեզ հայտնի են հենց ադրբեջանական աղբյուրներից: Մյուս կողմից, դեռ չենք հանդիպել որևէ հեղինակավոր փորձագիտական կազմակերպության, որը հաստատեր տարածաշրջանում ամենահզոր բանակ ունենալու մասին Ադրբեջանի նախագահի անհամեստ հայտարարությունը:
Իհարկե, սա չի նշանակում, որ մենք պետք է անհոգ լինենք: Բանակի մարտունակությունը և ժամանակակից սպառազինությամբ վերազինումը Հայաստանի իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում են, և վստահեցնում եմ, որ մեր երկրի սահմանները հուսալիորեն պաշտպանված են:
Հարցազրույցը` Գոհար Փիլթոյանի












