Տիգրան Բալայան. «Թուրքերի կողմից մի քանի օրում ոչնչացվեց Ջուղայի հինավուրց գերեզմանոցը»
Երեկ ադրբեջանական day.az կայքը «տեղեկատվություն» էր տարածել այն մասին, որ իբրև թե հայերն ավերում են Աղդամի գերեզմանոցը։ Այս ապատեղեկատվությունը նրանք համեմել էին լուսանկարներով, որոնք պարզորոշ ցույց են տալիս, որ գերեզմանատան քարերը կանգուն վիճակում են, այսինքն` ադրբեջանական կայքը զբաղված է հերթական սուտը տարածելով։
Այս ապատեղեկատվության առնչությամբ ArmAr.am-ին արձագանքել են ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանն ու հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։
ԼՂՀ մշակույթի նախարարն ընդգծեց, որ Աղդամի գերեզմանոցը, ինչպես որ կանգուն կար, այնպես էլ մնում է, և եթե մենք ոչնչացնող ազգ լինեինք, մեր տարածքների ազատագրումից անմիջապես հետո այդ ամենը կվերացնեինք։ Մինչդեռ այսօր Արցախում վերանորոգվում է Շուշիի մզկիթը:
Սամվել Կարապետյանն էլ նշեց, որ լուսանկարներում երևում են հարյուրներով ցից-ցից կանգուն տապանաքարեր, որոնք փաստում են, որ գերեզմանատունը նորմալ վիճակում է։
Այսօր, սակայն, Ադրբեջանի ԱԳ նախարարի մամլո խոսնակը հայտարարություն է արել այն մասին, որ իբր թե հայերն ավերում են Աղդամի գերեզմանատունը։
Այդ հայտարարության կապակցությամբ դիմեցինք Հայաստանի ԱԳ նախարարության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչի պաշտոնակատար Տիգրան Բալայանին։ Նա ասաց. «Մենք բազմիցս ասել ենք, որ Ջուղայի խաչքարերի պատմությունը մենք չենք մոռացել։ Այդ նրանց կողմից մի քանի օրում ոչնչացվեցին Ջուղայի հինավուրց գերեզմանոցն ու պատմական հուշարձանները»։
Սակայն ադրբեջանական ապատեղեկատվական վայնասունը շարունակվում է…
ArmAr.am












