Տիգրան Սարգսյան. «Հակաճգնաժամային ռազմավարությունն այլընտրանք չունի»
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այսօր ելույթ ունենալով ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ 2010թ. պետական բյուջեի օրենքի նախագծի քննարկման ժամանակ, անդրադարձել է հակաճգնաժամային միջոցառումներին, որոնք իրականացվել են կառավարության կողմից:
«Մեր հակաճգնաժամային ծրագրի տրամաբանությունը պարզ է` էապես ավելացնել ենթակառուցվածքներին ուղղվող ծախսերը, բարելավել միջավայրը փոքր եւ միջին բիզնեսի համար, օժանդակություն տրամադրել այն ընկերություններին, որոնք ունեն համաշխարհային կոնյուկտուրայի բացասական ազդեցությամբ պայմանավորված ժամանակավոր դժվարություններ: Այս երեք ուղղություններով տարվող միջոցառումները բխում են սոցիալական մեր պարտավորություններից»,-ասել է վարչապետը:
Նա նշել է, որ մեր կարեւորագույն թիրախներից մեկը եղել է մակրոտնտեսական կայունության ապահովումը, որովհետեւ այդ միջավայրն է, որ բիզնեսի զարգացման համար ստեղծում է բարենպաստ պայմաններ: «Հակաճգնաժային ռազմավարությունը, որ մենք ձեզ ներկայացրեցինք 2008 թ. նոյեմբերին եւ իրականացնում ենք 2009 թ., մեր կարծիքով` այլընտրանք չունի»,-ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Նրա գնահատմամբ, այդ ամենի արդյունքում հնարավոր է եղել 2009 թ. ընթացքում, չնայած 18,3 տոկոսանոց տնտեսական անկմանը, ապահովել մակրոտնտեսական կայունություն եւ կուտակել բավարար պաշարներ` դիմագրավելու 2010 եւ 2011 թթ. մարտահրավերներին:
Տ. Սարգսյանը խորհրդարանին զեկուցել է, որ մենք ունենք կուտակված բավարար ֆինանսական պաշարներ Կենտրոնական բանկում ձեւավորված Կայունացման հիմնադրամում:
ՀՀ վարչապետը նշել է 2009 թվականի դասերը, որոնց վրա պետք է հիմնված լինի 2010 թ. ՀՀ կառավարության գործողությունների ծրագիրը:
«Առաջինը, ճգնաժամն առավել ընգծված ձևով ի ցույց դրեց մեր երկրի տնտեսության խոցելի կետերը: Տնտեսությունն ունի դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակ և զգացվում է «երկար փողերի» խիստ անբավարարություն և դրանցով աշխատող ինստիտուտների բացակայություն: Դա նվազեցնում է դիվերսիֆիկացիայի հնարավորությունը:
Երկրորդ` երկրի տնտեսությունում առկա են օլիգոպոլիաներ և ցածր մրցակցային մակարդակ: Մենք դա արձանագրում ենք նաև գների էլաստիկության կոշտությամբ, ինչը լրջագույն մարտահրավեր է մեզ համար:
Արդյունքում` Հայաստանի Հանրապետությունում առկա է հարկային բեռի անհամաչափ բաշխում տնտեսություն վարող սուբյեկտների միջեւ:
Երրորդ` պետական կառավարման համակարգում մոտիվացիոն մեխանիզմների բացակայություն կամ թուլություն է նկատվում:
Չորրորդ` առողջապահության և կրթության բնագավառներում ֆինանսավորման մեխանիզմների թերացում կա: Հանրապետության նախագահի կողմից մեր առջեւ խնդիր է դրված 2010 թ. ընթացքում այս երկու ոլորտներում իրականացնել ֆինանսական մեխանիզմների արմատական լուծումներ:
Եվ վերջին դասը տնտեսական բարեփոխումների դանդաղ ընթացքն է, որը մենք պարտավոր ենք արագացնել»:
Վարչապետը նաև հիշեցրեց խորհրդարանի անդամներին, որ ներկայացված բյուջեի նախագիծը հիմնված է այն կանխատեսման վրա, որ մենք 2010 թ. ունենալու ենք 1,2 տոկոս տնտեսական աճ: Միեւնույն ժամանակ` ներկայացված բյուջեում արդեն իսկ կառավարության կողմից կատարվել են փոփոխություններ:
«Մասնավորապես, մենք ավարտել ենք մեր բանակցությունները «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրի հետ եւ պարտավոր ենք բյուջեում ավելացնել շուրջ 24 մլրդ դրամի ծախսեր, որ իրականացնելու ենք այդ միջոցների հաշվին: Մենք արդեն իսկ Եվրամիությունից ստացել ենք դրական գնահատական առ այն, որ մակրոտնտեսական կայունությունն ապահովելու նպատակով 2010 թ. մենք կստանանք լրացուցիչ 100 մլն եվրոյի ֆինանսական օժանդակություն, որը նույնպես ներառված չէ բյուջեում: Ներկայացված բյուջեի նախագծի ծախսային մասն ավելանալու է շուրջ 18 մլրդ դրամով` ներառելով ավելացված արժեքի հարկի վերադարձը, եւ դա համադրելի է դարձնելու 2010 թ. բյուջեն 2009 թ. բյուջեի նախագծի հետ»:
Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև «քաղաքացիներին մտահոգող ամենակարեւոր հիմնախնդրին»` ասելով, որ ուսումնասիրություններն ու սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ մեր քաղաքացիներին առաջին հերթին մտահոգում է սոցիալական արդարության խնդիրը:
«Բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջեւ, անկախ նրանից, թե ինչ պաշտոնական դիրք են նրանք զբաղեցնում, ինչ կուտակած եկամուտներ կամ հարստություն ունեն: Այս խնդիրը լինելու է մեր ուշադրության կենտրոնում»,-հավաստիացրել է ՀՀ կառավարության ղեկավարը` նշելով, որ առաջին հերթին այս խնդիրը վերաբերում է խոշոր բիզնեսին:
ArmAr.am












