«Թուրքական թակարդից դուրս գալու միակ ելքը արձանագրությունները չվավերացնելն է»
Սփյուռքահայությունը շարունակում է խիստ մտահոգված մնալ հայ- թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացով: Ինչպես նշել է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը, այդ մտահոգությունը պայմանավորված է Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացով և Ղարաբաղյան խնդրով:
Խոսելով վերջին շրջանում հաճախ արտահայտվող այն անհանգստության մասին, թե սկսված գործընթացը կարող է սեպ խրել հայության երկու հատվածների միջև և նպաստել հայության պառակտմանը, Չոբոյանն ասել է. «Մեր մտահոգությունները, կապված հայ-թուրքական այս գործընթացի հետ, հստակ են, սակայն դա ամենևին չի նշանակում, որ այն ուղղված է մեր Հայաստան երկրին: Սա մենք դիտում ենք որպես թուրքական կառավարության կողմից սարքված մի հսկայական թակարդ, որի մեջ հայտնվել են հայաստանյան կառավարության մի շարք անդամներ: Այս թակարդը դեռ տարիներ առաջ էր լարվել Թուրքիայի կողմից, և դա տեղի ունեցավ այն պահից, երբ Թուրքիայի կառավարությունը սկսեց Ամերիկայի կառավարությունից անկախ քաղաքականություն վարել: Դա սկսվեց 2005-ից, այս հանգամանքը պետք է հստակ գիտակցեն Հայաստանում, որպեսզի մենք կարողանանք ճիշտ ուղով ընթանալ և ճիշտ ուղղորդել մեր հարցերը: Սակայն այսօր, ցավոք, իրողությունն այն է, որ հայտնվել ենք թուրքական թակարդի մեջ: Մենք պետք է կարողանանք դուրս գալ այս իրավիճակից: Իսկ դուրս գալու միակ ելքն այն է, որ Հայաստանի Ազգային ժողովը դեմ լինի, չվավերացնի այս արձանագրությունները: Դրան զուգահեռ մենք պետք է Սփյուռքի մեջ շարունակենք մեր աշխատանքը` Հայոց Ցեղասպանության ճանաչման և Արցախյան հիմնախնդրի ուղղությամբ»:
Չոբոյանը տեղեկացրել է, որ Հայ Դատի հանձնախումբը նաև շատ մտահոգված է Մադրիդյան սկզբունքների առնչությամբ. «Մենք շարունակում ենք աշխատել ԱՄՆ կոնգրեսականների հետ և հստակ պատգամ ենք ուղղել` հաղորդելով մեր մտահոգությունը Մադրիդյան սկզբունքների առնչությամբ: Մենք պետք է ամեն գնով հասնենք նրան, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մասնակից դառնա այս բանակցություններին: Ամեն ինչ պետք է անենք հասնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը»:
ArmAr.am












