Ռուզան Առաքելյան. «Սա մեր երկրի անվտանգության խնդիրն է լուծում»
ՀՅԴ խմբակցությունն օրերս հանդես է եկել «Հողային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ, որի համաձայն սահմանամերձ տարածքներում` 25 կմ խորությամբ հողատարածքի ձեռքբերումը պետք է որոշակի սահմանափակումների ենթարկվի:
Հարցի առնչությամբ ArmAr.am-ը դիմեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանին, ով և մեկնաբանեց առաջարկված փոփոխությունների անհրաժեշտությունը. «Մենք ազգային անվտանգության խնդիր ունենք: Մտավախություն կա, որ օտարերկրյա անձինք ու իրավաբանական կազմակերպությունները կարող են գալ, հողեր գնել ու չօգտագործել, տարիներ անց դրանք օգտագործման համար կդառնան ոչ պիտանի, իսկ մենք չենք կարող օգտվել մեր հողերից, որովհետև դրանք այլևս ուրիշներին կպատկանեն»:
Ազգային անվտանգության առումով այս վտանգավոր հեռանկարից խուսափելու նպատակով, Դաշնակցությունն առաջարկում է միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա իրավաբանական անձանց և ՀՀ իրավաբանական անձանց (որոնց հիմնադիրներից են օտարերկրյա քաղաքացիներն ու օտարերկրյա կազմակերպությունները) սեփականության իրավունք տրամադրել միայն ՀՀ կառավարության որոշմամբ:
Ի դեպ, նկատենք, որ սահմանամերձ հողատարածքների օգտագործման վերաբերյալ սահմանափակումներ մատնանշող օրենք վաղուց գոյություն ունի Թուրքիայում, նաև Իրանում, Պարսկաստանում, Սիրիայում:
Առկա է նաև հետևյալ մտավախությունը, որ մեր հարևանները կարող են Հայաստանի տարածքում հողատարածքներ ձեռք բերել` իրենց երկրներում կրոնական պարտադրանքով արգելված կենտրոններ ստեղծելու նպատակով , օրինակ` հասարակաց տներ, խաղատներ և այլն: Տիկին Առաքելյանն ի պատասխան մեր դիտարկմանը նկատեց, որ օրենսդրական նախաձեռնության մեջ իրենք նման կետ չեն ներառել, բայց նման մտավախություն, ամեն դեպքում, կա. «Մեր այս նախաձեռնությունը շատերն են կապում հայ-թուրքական հարաբերությունների հետ, բայց իրականում սա դեռ վաղուց էր մտածված, իսկ հայ-թուրքական հարաբերությունների քննարկումը պարզապես գործընթացն արագացրեց»:
Խմբակցության առաջարկած նախագծում սահմանամերձ շրջաններում հողատարածքների ձեռքբերման գործընթացի պատասխանատվությունը վերապահված է կառավարությանը, մասնավորապես` Պաշտպանության նախարարությանը:
Նշենք նաև, որ նախաձեռնությունն այս պահին դեռ մշակման փուլում է: Այն քննարկվել է միայն ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում, որտեղ էլ հիմնավորումներն ավելի համոզիչ ներկայացնելու և նախագիծն առավել ամբողջական դարձնելու նպատակով առաջարկվել է ԱԺ-ում նախագծի քննարկումը հետաձգել 30 օրով: «Կարծում եմ, ի վերջո, նախագիծը կընդունվի: Սա այնպիսի նախագիծ է, որին ցանկացած մարդ, անկախ նրանից, թե քաղաքական ո՞ր ուժին է հարում, պետք է կողմ քվեարկի. ի վերջո, սա մեր երկրի անվտանգության խնդիրն է լուծում»,-վստահեցնում է Ռուզան Առաքելյանը:
Արուսյակ Հոխիկյան












