Հատուկ Ազիմովի ու նրա նման տգետների համար պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը պարզաբանում է
Արդեն որոշված է Սարգսյան-Ալիև հանդիպման օրը։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն նոյեմբերի 26-ին։
Ադրբեջանական կողմն արդեն իսկ շրջանառում է այն տեղեկատվությունը, թե մեծ ակնկալիքներ ունի սպասվող հանդիպումից: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովի՝ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհին Ադրբեջանն իր կողմից հասանելիք բոլոր քայլերն արել է և հանդիպման ընթացքում ակնկալում է պատասխան քայլեր. «Այդ ճանապարհին Հայաստանը երկու տարբերակ ունի. կամ հակամարտությունն ընդհանրապես չի լուծվի, կամ էլ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կհստակեցվի միայն այն բանից հետո, երբ ադրբեջանցի փախստականները կվերադառնան «գրավյալ տարածքներ»,- ասել է Ազիմովը։
Նկատենք, որ քարոզչական պատերազմի սկզբից ևեթ, Ադրբեջանը շրջանառության մեջ դրեց մի շարք տերմիններ, որոնք միտված էին սեփական քարոզչության ամրապնդմանը: Դրանցից է, օրինակ, «գրավյալ տարածքներ», «ադրբեջանական փախստականներ» ասվածը: Ցավալին այն է, որ ադրբեջանցիներին հաջողվել է այս բառակապակցությունները ներմուծել նաև խնդրով զբաղվող միջազգային կառույցների ներկայացուցիչների բառապաշար:
Հարկ ենք համարում ազիմովների նմանների համար պարզաբանել` մասնավորապես, թե ի՞նչ ասել է «ադրբեջանցի փախստական» և արդյոք նման կարգավիճակ, առհասարակ, գոյություն ունի՞:
ArmAr.am-ի խնդրանքով` հատուկ Ազիմովի ու նրա նման տգետների համար պրոֆեսոր Մանասյանը պարզաբանում է , որ Խորհրդային Հայաստանի տարածքը լքած ադրբեջանցիները, նաև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ու հարակից տարածքները լքած ադրբեջանցիներից և ոչ մեկը փախստականներ չեն հանդիսանում։ Ինչո՞ւ։ Որովհետև նախկին Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիները կամ բնակարանները փոխել են հայ փախստականների հետ կամ էլ՝ Սպիտակի երկրաշարժից հետո ստացել են համապատասխան դրամական փոխհատուցում. Մոտ 90 հազար մարդ այդպիսի փոխհատուցում ստացել է։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և հարակից շրջանների, այսպես ասած, փախստականներին, ապա այնտեղից գնացած ադրբեջանցիներից և ոչ մեկը փախստական չէ, քանի որ նրանցից ոչ մեկը միջազգային իրավունքում ամրագրված «փախստական» հասկացությանը չի համապատասխանում։
«Փախստականներ են այն խաղաղ բնակիչները, ովքեր իրենց բնակության վայրը թողնում են իրենց կյանքին սպառնացող վտանգի պայմաններում»։ Մինչդեռ ադրբեջանցիները, որոնք լքել են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ու հարակից շրջանները, մարդիկ են, ովքեր մասնակցել են Ղարաբաղի շրջափակմանն ու պատերազմին։, իսկ պատերազմի մասնակիցը փախստական լինել չի կարող։
Բացի այդ, այդ տարածքներից ադրբեջանցիները հեռացել են իրենց իսկ կողմից հրահրված պատերազմական գործողությունների ընթացքում և այժմ ապրում են մի հանրապետությունում, որը իրենք համարում են իրենց երկիրը։ Միջազգային իրավունքի տեսակետից փախստականը նա է, ով փոխում է իր քաղաքացիության երկիրը։ Այնինչ իրենց «ադրբեջանցի փախստական» համարողներից և ոչ մեկն այն կարծիքին չէ, որ ինքը մի պետությունից անցել է մեկ այլ պետություն։ Եթե նրանք դա ընդունեն, ապա պետք է ընդունեն նաև, որ ԼՂՀ-ն ինքնիշխան պետություն է։ Այնպես որ, քանի դեռ Ադրբեջանի փոխնախարարն ու մյուսները չեն ընդունել ԼՂՀ-ի` անկախ պետություն լինելու փաստը, ապա «ադրբեջանցի փախստական» հասկացություն գոյություն ունենալ չի կարող»։
ArmAr.am
Թեգեր` «ադրբեջանցի փախստական», Ադրբեջան, Արազ Ազիմով, Լեռնային Ղարաբաղ












