Աթեշյանը Իզմիրում համերաշխության կոչով է հանդես եկել
Նոյեմբերի 18-ին Իզմիրում ավարտվել է աշխարհի Պատվո հյուպատոսների միության 9-րդ համաժողովը, որին մասնակցում էին աշխարհի 80 երկրներից պատվիրակություններ: Համաժողովին, որպես Ստամբուլի հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ, մասնակցում է արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը:
Ինչպես տեղեկացրել է Պոլսո պատրիարքարանը, Արամ Աթեշյանը ներկա է եղել նոյեմբերի 16-ին կայացած նիստին և քրիստոնյա, իսլամական, հրեական առաջնորդների ասուլիսին: Միջոցառմանը ներկայացվել են հոգևոր երաժշտության նմուշներ, այդ թվում նաև հատվածներ` հայ եկեղեցու պատարագից: Արամ արքեպիսկոպոսն իր ելույթում նախ տեղեկություններ է հաղորդել հայկական համայնքի մասին, ապա շեշտել է, որ տգիտությունը, թշվառությունը, առողջապահական և շրջակա միջավայրի հետ կապված խնդիրները, թմրամոլությունը, երեխաների մահացությունը, պատերազմները, բախումները, ահաբեկչությունը և այլ բացասական երևույթներ, բնականաբար, իրենց ազդեցությունը թողնում են մարդկանց բարօրության վրա: Ըստ նրա, այդ բարօրությունն ապահովելու համար շատ կարևոր է համերաշխությունն ու կրոնական առաջնորդների ճիշտ կեցվածքը, համագործակցությունն ու բարի կամքի դրսևորումը:
Հիշեցնենք, որ համաժողովն անցկացվում էր «Համագործակցություն` տնտեսական ու հասարակական բարօրության համար» նշանաբանով:
ArmAr.am












