Գլխավոր » Լրահոս

Կիրո Մանոյան. «Թուրքերի համար կարևորը գործընթացն է և ոչ թե խնդրի լուծումը»

Նոյեմբեր 19, 2009թ. 16:41

Manoyan«Այսօր ստեղծված իրավիճակից ելնելով` ես ենթադրում եմ, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կարող է տարիներ տևել: Այսօր էլ թուրքական խորհրդարանում բազմաթիվ փաստաթղթեր կան, որ տարիներ շարունակ սպասում են վավերացման: Միակ իրական ժամկետը արտաքին հանձնաժողովի եզրակացության համար սահմանված 45 օրն է, իսկ հետո վավերացումը կարող է անվերջ ձգձգվել»,- այսօր լրագրողներին հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա վստահ է. «Եթե Թուրքերը արձանագրությունների ստորագրումից առաջ ինչ-որ կերպ իրենց զսպում էին, ապա ստորագրումից հետո ավելի են հստակեցրել իրենց կեցվածքը Ղարաբաղյան խնդրի հարցում, որը ստորագրված փաստաթղթի հետ ոչ մի կապ չունի: Այդ պատճառով Հայաստանը չպետք է սպասի Թուրքիայի քայլերին և միանգամից հայտարարի, որ չի վավերացնելու արձանագրությունները»:

Մեր ղեկավարության նման պահվածքը Կիրո Մանոյանը սխալ է համարում. «Հայաստանի իշխանությունները թեպետ հայտարարում են, թե արձանագրություններում նախապայմաններ չկան, բայց համաձայնելով շարունակել բանակցությունները թուրքերի հետ` ընդունում են նրանց բանավոր հնչեցրած նախապայմանները: Չէ՞ որ Թուրքիան հրապարակայնորեն է հայտարարում, որ մինչև Ղարաբաղի խնդիրը չլուծվի, սահմանները չեն բացվի: Հայաստանը միանգամից պետք է հայտարարեր, որ Թուրքիան փոխել է խաղի կանոնները և մինչև Ղարաբաղի հարցից չհրաժարվի, մենք չենք շարունակի բանակցությունները: Բայց մենք, շարունակելով բանակցությունները, ընդունեցինք նրանց թելադրած խաղի կանոնները»:

Իհարկե, ՀՅԴ ներկայացուցիչը չի բացառում նաև ճնշումները Հայաստանի և Թուրքիայի վրա, բայց միաժամանակ հիմքեր էլ չի տեսնում կարծելու, թե Հայաստանը կամ Թուրքիան տեղի կտան այդ ճնշումներին: Հետևաբար, առաջիկա ամիսներին սահմանի բացման հարցը չի կարող լուծվել:

Ավելին, նրա կարծիքով հայ-թուրքական բանակցությունները սառեցված են, և արձանագրությունների ստորագրումից հետո ոչինչ չի փոխվել:

Որոշակի ակտիվացում, նրա կարծիքով, կարող է լինել ապրիլին. «Չի բացառվում Ամերիկայի կողմից ճնշումը Թուրքիայի վրա, քանի որ Օբաման իր հայ ընտրողներին Ցեղասպանության ճանաչման խոստում էր տվել, ինչը մի անգամ արդեն Թուրքիայի ցանկությամբ հետաձգել էր: Այս պատճառով թուրքերը կարող են ակտիվանալ ապրիլի  24-ից առաջ, որը կլինի արձանագրությունների`արտաքին հանձնաժողով մտնելու տեսքով: Դա նրանց անհրաժեշտ է ձևացնելու համար, թե գործընթացը սառեցված չէ: Ի վերջո, Թուրքիայի համար ամենակարևորը ցույց տալն է, թե ինքը շահագրգռված է և ինչ-որ քայլեր է կատարում: Այդ շահագրգռվածությունը եթե եղել է, եղել է մինչև արձանագրությունների ստորագրումը, բայց ոչ` հիմա:

Թուրքերի համար կարևորը գործընթացն է և ոչ թե խնդրի լուծումը»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն