Ազատեք մեզ թուրքերենից
Օրերս ArmAr.am-ը ահազանգել է Գարեգին Նժդեհի հրապարակին հարող փողոցում հայտնված մի խանութի մասին, որի թուրքալեզու գովազդային վահանակն ամբողջապես հակասում է ՀՀ լեզվի մասին օրենքին:
Մեր ահազանգի արդյունքում հարցին անդրադարձել է նաև Լեզվի պետական տեսչությունը: Տեսչությունից մեզ տեղեկացրեցին, որ հարցը վերցվել է վերահսկողության տակ: Հիշյալ խանութի սեփականատերը օրենքի սույն խախտումը պատճառաբանել է իր անտեղյակությամբ, այնինչ օրենքի չիմացությունը պատասխանատվությունից չի ազատում, և խանութի սեփականատերը կտուգանվի, եթե 15-օրյա ժամկետում արտաքին գովազդը չհամապատասխանեցնի լեզվի մասին ՀՀ օրենքի չափանիշներին:
Ստուգումների ու խախտումների բացահայտման համար տեսչությունը, ըստ 2009 թվականին ընդունված օրենքի, նախ պետք է ստանա վարչապետի գրավոր թույլտվությունը:
Վերահսկողական միջոցառումները, սակայն, անհրաժեշտ արդյունքը չեն ապահովում. անհրաժեշտություն է առաջանում հատուկ ուշադրության տակ առնել հատկապես թուրքերեն վերտառությամբ գովազդները:
Պարզելու համար, թե հատուկ ուշադրություն դարձվու՞մ է արդյոք Հայաստանի տարածքում թրքալեզու անվանումների գրանցմանը, դիմեցինք մտավոր սեփականության գործակալություն: Պարզվեց, որ այս կառույցում հավասարապես գրանցում են բոլոր դիմումները` առաջարկված անվանումներն ընդամենը ձևափոխելով հայատառ տարբերակների, իսկ թե հետո դրանք ինչպես են կիրառվում, ինչպես են տեղադրվում, դա արդեն վերահսկողության չի ենթարկվում: «Մեզ համար տարբերություն չկա` անգլերեն է, վրացերեն, թե թուրքերեն, եթե տարբերակող նշանակության անվանումներ են, չենք թարգմանում»,-բացատրում է մտավոր սեփականության գործակալության ֆիրմային անվանումների բաժնի պետ Թերեզա Կանեցյանը:
Հարցն այդպես էլ կմնա օդում կախված, և առաջընթաց կլինի միայն լրագրողներիս ահազանգերի արդյունքում, եթե համապատասխան օղակներն իրենց աշխատանքի առանցքը չդարձնեն հայկական մշակույթի, լեզվի պահպանությունն ու թուրքերենից ազատագրումը:
ArmAr.am












