Փլուզվել է Թբիլիսի քաղաքի Մուղնեցոց Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցին
Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր կեսգիշերին փլուզվել է 1356 թվականին կառուցված Թբիլիսի քաղաքի Մուղնեցոց Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցին: Բացի մեծ գմբեթից եկեղեցու երեք անկյուններում դրսից շինված էին փոքր գմբեթներ, որոնցից մեկը ծառայում էր որպես զանգակատուն: 1763 թվականին Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին հիշատակվում է որպես Հաղպատի թեմի մեջ մտնող Թիֆլիսի յոթ եկեղեցիներից մեկը: 1789 թվականին եկեղեցու արևմտյան մասում կառուցվում է զանգակատունը: 1795 թվականին եկեղեցին թալանվում է պարսիկների կողմից, բայց շնորհիվ Տ. Գրիգոր ավագ քահանա Տեր-Շմավոնյանի հնարավոր է դառնում պահպանել եկեղեցապատկան իրերի մի մասը: 1852-93 թվականներին եկեղեցում կատարվել են մասնակի նորոգություններ: Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու բակում են ամփոփված մանկավարժ-խմբագիր Նիկողայոս Խոտորյանը, բարեգործ Բարսեղ Հովսեփյան-Խոջայանցը, ինչպես նաև եկեղեցու սպասավորներ:
Խորհրդային տարիներին եկեղեցին փակվելովª վերածվել է ազգագրական թանգարանի, ապա` պահեստի, իսկ 1990 թվականին, որակվելով որպես վթարային և ոչ ենթակա վերանորոգման, վերջնականապես փակվեց:
Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին այն հինգ եկեղեցիներից մեկն է, որը Վիրահայոց թեմին վերադարձնելու նպատակով Սուրբ Էջմիածնի և թեմի կողմից բազմաթիվ դիմումներ են հղվել Վրաստանի ղեկավարությանը, պատրիարքարանին, միջազգային կազմակերպություններին: Խնդիրը բազմիցս բարձրացվել է նաև մամուլի միջոցով, ավաղ, բոլոր դիմումները Վրաստանի իշխանությունների կողմից մնացել են անպատասխան: Մուղնեցոց Սուրբ Գևորգը Թիֆլիսի Նորաշեն, Շամխորեցեց Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Երևանցոց Սուրբ Մինաս և Ախալցխային Սուրբ Նշան եկեղեցիների հետ Վրաց պատրիարքարանի կողմից արհեստականորեն հռչակվել է վիճելի, որով էլ արդարացվում է եկեղեցիների չվերադարձվելը: Հարկ է նշել, որ սա երկրորդ փլուզված եկեղեցին է, առաջինը Շամխորեցեց Սուրբ Աստվածածինն է, որը փլուզվեց 1989 թվականին:
Կարծում ենք` այս ամենի պատասխանատվությունը պետք է կրի Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, որի բալանսում է գտնվում եկեղեցին: Այս ամենը այն տպավորությունն է թողնում, թե Վրաց պատրիարքարանը և իշխանությունները, չլուծելով եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը և պատշաճ ուշադրություն չդարձնելով նշված եկեղեցիների պահպանությանը, միտումնավոր ոչնչացնում են հայ մշակույթի կարևոր հուշարձանները:
Վիրահայոց թեմի մամլո դիվան













