Թուրքական թատերախումբը պատրաստվում է հյուրախաղերով գալ Հայաստան
Թուրքական «Աքշամ» թերթը տեղեկացրել է, որ Տրապիզոնի արվեստի թատրոնը պատրաստվում է ապրիլին հյուրախաղերով գալ Հայաստան: Խաղացանկում ընդգրկված են թուրք գրող Ազիզ Նեսինի ստեղծագործությունները: Ընդգծվում է, որ Ազիզ Նեսինը Հայաստանը լավ ուսումնասիրած ու ճանաչած թուրք գրող էր:
Հիշեցնենք, որ թատերախումբը Տրապիզոնում բեմադրել է նշանավոր հայ երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Պաղդասար աղբար» պիեսը, ինչը Թուրքիայում մեծ ընդունելություն է ունեցել: «Պաղդասար աղբար»-ը թատերախմբի խաղացանկի մշտական մասն է կազմում:
Տրապիզոնի թատերախմբի ղեկավար Նեջաթի Զենգինը նշել է, որ Պարոնյանի «Պաղդասար աղբար» պիեսը իրենք ծրագրել էին Հայաստանում ևս ներկայացնել դեռևս անցած տարի, սակայն դա հնարավոր չեղավ, և այժմ թուրք գրողի գործերն են ներկայացնելու:
Թուրքական մամուլն այս առիթով գրում է. «Հայաստանի և Թուրքիայի միջև ֆուտբոլով սկզբնավորված մերձեցումը շարունակվում է արվեստով: Երկու երկրների միջև ձևավորվող մերձեցման մթնոլորտն ապրիլին տարածվելու է նաև թատերական բնագավառի վրա»:












