Ինչու՞ Հայաստանը մինչ օրս չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը
Իբրև այս հարցի պատասխան, սովորաբար, մեջբերվում է պաշտոնական դիրքորոշումը, որի հուզական երանգավորումները մի կողմ դնելու դեպքում կստանանք մի պատճառաբանություն, համաձայն որի ԼՂՀ ճանաչումը կարգավորման գործընթացի վերջին փուլն է, և եթե շտապողականություն հանդես բերենք, կարող ենք մեծապես վնասել մեր ձեռքբերումները: Նկատենք, որ տվյալ պարագայում եզրափակիչ բառերի գաղտնազերծումը հանգեցնում է հետևյալին` ձեռքբերումը խաղաղությունն է, վնասելը` նոր պատերազմի սանձազերծում:
Առաջին հայացքից նույնիսկ դժվար է կռահել, թե ո՞ր լսարանին կարող է հասցեագրվել նմանատիպ բացատրությունը և ո՞վ կլինի այն միամիտը, ում համար սա համոզիչ փաստարկի արժեք կունենա:
Միջազգային հանրությունն ու միջնորդ երկրները, որոնք իրենց թիկունքում արդեն ունեն Կոսովոյից մինչև Աբխազիա և Օսեթիա ընկած «ճանաչողական» փորձառությունը, հազիվ թե ականջ կախեն պաշտոնական Երևանի հավաստիացումներին:
Պատերազմի վերսկսման սպառնալիքներ Բաքվից ստացվում են ամեն աստծու օր` անկախ այն բանից` ընդունե՞լ, թե՞ չենք ընդունել Ղարաբաղի անկախությունը: Օտարները այսօր էլ չեն ճանաչում ԼՂՀ-ն` դարձյալ անկախ մեր դիրքորոշումից£ Բանակցային գործընթացը տասնյակ անգամներ սառեցվել է` ոչ վերոհիշյալ պատճառով£ Կնշանակի այն, ինչ տեղի է ունեցել և դեռ կլինի, կատարվում ու կարող է կատարվել անկախ Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի փաստացի և իրավական վարվելակերպից:
Ինչ վերաբերում է դիվանագիտական մետամորֆոզների սովոր մեր քաղաքացիներին, ապա վերջիններիս ոչ պակաս դժվար պիտի լինի բացատրել, թե ինչ պատճառով են հայրենի իշխանությունները ոչ միայն խուսափում ընդունել երկրորդ հայկական հանրապետության անկախության իրողությունը, այլև կտրականապես դեմ են այդ խնդրի շուրջ բաց քննարկումների անցկացմանը: Դրա լավագույն ապացույցը` հարցն ամեն գնով խորհրդարանի օրակարգից վտարելուն ուղղված ջանքերն են` ինչպես նախկինում, այնպես էլ այսօր:
Մինչդեռ բազում անգամներ անցկացված սոցհարցումների արդյունքները, ինչպես նաև Ղարաբաղի վերնախավի ու նրա ժողովրդի բարձրաձայնվող տեսակետը հավաստում են, որ հասարակությունը մտածում է մի բան, իշխանությունը կենսագործում է ճիշտ հակառակը£ Ու եթե յուրաքանչյուր իշխանություն իր ժողովրդի կամքի արտահայտիչն է, ապա մեր կամքն այս պահին արտացոլված է ծուռ հայելու մեջ:
Քաղաքական հեռատեսության առաջ մեղանչած չենք լինի, եթե պաշտոնական դիրքորոշումը հալած յուղի տեղ ընդունելու փոխարեն, այնուամենայնիվ, հարցնենք, թե Հայաստանի սպասողականությունն ինչով է հիմնավորվում: Ո՞վ ասաց, որ հիմա դրա ժամանակը չէ: Ի՞նչ լրջագույն վերլուծություններ են հանգեցրել նման եզրակացության: Ո՞ր տրամաբանության ծնունդն է անհայտ ժամանակացույցը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը դեռ ոչ ոք չի լսել: Այսինքն, եթե նույն հաջողությամբ մեկ ուրիշն էլ պնդի, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը գործընթացի ոչ թե վերջին, այլ առաջին փուլն է և ուրիշ ոչինչ չհավելի իր պնդումին, ապա այս կարծիքը նույնպես կունենա առգոյության նույնքան իրավունք, որքան մյուսը:
Սակայն հարցերն այդքանով չեն սպառվում: Տվյալ պարագայում գոնե երկու հարց դառնում է անխուսափելի: Նախ, եթե ԼՂՀ–ի անկախության ճանաչումը ինչ-որ բանի խանգարում է, այդ դեպքում չճանաչումն ի՞նչ է տվել մեզ` 1991-ից ի վեր: Եվ երկրորդ հարցը` եթե Հայաստանն ինքը խուսափում է ճանաչել իր հոգեզավակին, ապա օտարներն ինչու՞ պիտի ստանձնեն «ՙպապից ավելի կաթոլիկ լինելու» դերակատարություն: Եվ ո՞վ է լինելու այդ դրոշակակիր-առաջամարտիկը: Չլինի՞ Ադրբեջանը, կամ Թուրքիան…
Աշխարհում քաղաքական զարգացումներն ու հանգուցալուծումները վաղուց ի վեր պայմանավորվում են իրավիճակային պատեհություններով: Շահում է նա, ով կարողանում է կենսունակ մնալ ցանկացած կացության պարագայում, արագ կռահել համընթաց քամու ուղղությունը: Եվ երբ այսօր լսում ենք, թե իբր Լեռնային Ղարաբաղի Հանարպետության անկախության ճանաչումը Երևանի վերջին փամփուշտն է, որ կօգտագործվի, երբ այլ միջոցներ չմնան, ապա նման խոստովանությունը վկայում է դիվանագիտական զինանոցի աղքատության մասին: Իսկ Ադրբեջանի ռազմաշունչ նկրտումների ֆոնի վրա մեր խաղաղության աղավնու բարդույթն արդեն ոչ միայն խեղճ, այլև ծիծաղելի է դիտվում:
Արթուր Սարգսյան












