«Այսօր ստեղծված իրավիճակը Ադրբեջանի ագրեսիայի արդյունքն է»
ArmAr.am-ի թղթակցի հարցերին է պատասխանում ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
-Պարոն Մանոյան, ադրբեջանական կողմը պետական մակարդակով պարբերաբար հայտարարություններ է տարածում Արցախի ազատագրված տարածքների հանձնման մասին: Ըստ Ձեզ` ի՞նչն է Ալիևին նման վստահություն ներշնչում:
-Պարզապես Ալիևը նման հայտարարություններ անում է, երբ ուզում է ուշադրության կենտրոնում հայտնվել: Դա նախ իր ներքին հասարակությանն է ուղղված, հետո` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելուն, լինի Թուրքիան, թե միջնորդ որևէ երկիր, և մյուս կողմից` բանակցություններում ինչ-որ տեղ Հայաստանի վրա ազդելուն, այն սպառնալիքով, թե հակառակ դեպքում պատերազմ է լինելու:
Իհարկե, միևնույն ժամանակ նման հայտարարությունները կարող են անցանկալի և անկանխատեսելի հետևանքներ ունենալ:
Օրինակ` Ադրբեջանը կարող է դառնալ իր իսկ ստեղծած մթնոլորտի զոհը. կգա ժամանակ, որ ադրբեջանական հասարակությունը ռազմական գործողությունների դիմելու ալիք կբարձրացնի, և պետությունը ստիպված կլինի դիմել այդ քայլին:
Ինչ վերաբերում է Ալիևի ռազմաշունչ հայտարարություններին, դա վկայում է այն մասին, որ առաջիկա ամիսներին Ղարաբաղյան հարցում որևէ լուրջ ակնկալիք ունենալ չի կարելի, քանի որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի, որ Ղարաբաղը դուրս լինի Ադրբեջանի կազմից: Չնայած դրան` նրանք պարբերաբար հայտարարում են, որ տեղաշարժ կա Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում:
-Այդ մասին նաև հայտարարել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ստոկհոլմում կայացած Ռուսաստան–Եվրամիություն գագաթնաժողովից հետո` նշելով, որ «Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում կա դրական առաջընթաց»: Ըստ Ձեզ, ի՞նչ առաջընթացի մասին է ակնարկում Մեդվեդևը:
-Կարծում եմ, նման հայտարարությունները բխում են երկու երկրների նախագահների` բավականին հաճախ տեղի ունեցող հանդիպումներից:
Իմաստային առումով դա ճիշտ է: Բայց ես նաև չեմ բացառում այն տարբերակը, որ նախագահները հանդիպում են, քանի որ հանդիպման այլընտրանքը` պատերազմը, ոչ ոքի ցանկալի չէ: Գուցե հանդիպում են, պարզապես, այդ հետևանքը կանխելու նպատակով:
–Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների կողմից պարբերաբար հնչեցվող ռազմական հայտարարություններին ավելացել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այսպես ասած, «ադրբեջանական կոթողների» իբրև թե ոչնչացման լուրերը: Ինչպե՞ս պետք է մենք պայքարենք նման կեղծիքների դեմ:
-Մեր հիմնական թերությունն այն է, որ ի տարբերություն Ադրբեջանի, մենք բանակցություններին զուգահեռ, այլ քաղաքականություն չենք վարում Ղարաբաղի հարցում, մինչդեռ Ադրբեջանը մի քանի ուղղությամբ է իր քաղաքականությունը զարգացնում: Մի կողմից բանակցում է, մյուս կողմից` հարցը փորձում է այլ ուղղությամբ տանել, դրան զուգահեռ նման ստահոդ հայտարարություններով է հանդես գալիս, հրապարակումներ է անում, և այդ մասին գրքեր է հրատարակում: Այսինքն, բանակցություններին զուգահեռ բանակցությունների ոգուն լրիվ հակառակ քաղաքականություն է վարում: Իսկ մենք սահմանափակվում ենք միայն բանակցություններով:
Եվ ընդհանրապես, մենք պետք է ոչ միայն հակազդող լինենք, այլ նաև հարձակվող:
Ղարաբաղյան շարժման սկզբից` 88-ից, 20 տարի է անցել, և այսօր միջազգային հանրության մոտ իրադարձությունները խեղաթյուրված են ընկալվում, այնպես, ինչպես Ադրբեջանն է ցանկանում և ներկայացնում: Արդյունքում` որոշ միջազգային շրջանակների մոտ այսօր այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե Հայաստանն է նախահարձակ եղել: Բայց չէ՞ որ այդպես չէ, և մենք պետք է միջազգային հանրությանը պարբերաբար հիշեցնենք, որ Ադրբեջանն է նախահարձակ եղել, և այսօր ստեղծված իրավիճակը Ադրբեջանի ագրեսիայի արդյունքն է: Ադրբեջանն է ագրեսորը, այդ պատճառով էլ պարտվեց, իսկ մենք զիջումների գնալու խնդիր չունենք:
Մենք անընդհատ տարվող քարոզչական աշխատանքներով պիտի բոլորին հիշեցնենք խնդրի իսկությունը:
-Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այսօր Թուրքիան անվերջ հայտարարում է, որ առանց Ղարաբաղյան խնդրի կարգավորման հայ-թուրքական սահմանը չի բացվի, իսկ Հայաստանի ղեկավարությունը հակադարձում է, որ այս երկու հարցերը փոխկապակցված չեն…
-Մենք` մերոնց չհավատալու պատճառ չունենք: Մեր իշխանությունների ասածն այն է, որ ո’չ արձանագրություններում, ո’չ էլ դրանցից դուրս Ղարաբաղյան խնդրին վերաբերող որևէ պայմանավորվածություն չկա: Իսկ Դաշնակցության ասածն այն է, որ նման պայմանավորվածության առկայությունը պարտադիր չէ, երբ դու արդեն այդ կանոններով ես խաղում: Թուրքիան հայտարարում է, որ մինչև Ղարաբաղյան խնդիրը չկարգավորվի, հարաբերություններ չեն հաստատվի, իսկ մենք շարունակում ենք մնալ այդ խաղի մեջ: Արդյունքում` իրադարձությունները զարգանում են հենց Թուրքիայի թելադրանքով:
Այն ժամանակ, երբ նրանք սկսեցին խոսել Ղարաբաղի մասին, մենք պետք է հրաժարվեինք բանակցություններից:
Անի Աբովյան












