Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ

Ժեբրայիլ Ժեարա. «Լիբանանյան ծովափը հայաստանցիների ծովափն է»

Նոյեմբեր 20, 2009թ. 13:52

Jebrail-JearaՀարցազրույց Հայաստանում Լիբանանի դեսպան Ժեբրայիլ Ժեարայի հետ

Լիբանանը նոյեմբերի 22-ին նշում է իր անկախության տարեդարձը: Ինչպե՞ս է Հայաստանում Լիբանանի դեսպանատունը նշում այդ տոնը:

– Այս տարի մենք նշում ենք անկախության 66-րդ տարեդարձը: Անկախության տարեդարձի կապակցությամբ մենք մի շարք միջոցառումներ ենք կազմակերպել: Առաջինը սկսեցինք Գյումրիում, որտեղ գործում է հայ-լիբանանյան ընկերության մասնաճյուղ: Հայ-լիբանանյան բարեկամության ընկերության նախագահ մաեստրո Վլադիլեն Բալյանի հետ այցելեցինք Գյումրի, որտեղ մեզ ընդունեց մարզպետը:Այցելեցինք նաեւ Ավետիք Իսահակյանի անվան դպրոց, որտեղ միջոցառում էր նախատեսված` նվիրված լիբանանցի գրող Ջուբրան Խալիլ Ջուբրանին: Ներկա եղանք համերգի, որ կազմակերպել էր կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը: Այդտեղ նաեւ առիթ ունեցանք խոսելու լրագրողների հետ: Նոյեմբերի 11-ին հայ-լիբանանյան ընկերությունն արդեն Երեւանում կազմակերպել էր հանդիսություն` նվիրված ընկերության հիմնադրման 15-ամյակին եւ Լիբանանի անկախության տարեդարձին: Անցյալ շաբաթ էլ ներկայացվեց «Գայանե» բալետը`  ի պատիվ Լիբանանի անկախության օրվան:

Ի՞նչ կասեք Լիբանանի հայ համայնքի մասին, նրա դերակատարության ու պետության կյանքում ընդգրկվածության մասին:

– Լիբանանահայ համայնքի վիճակն ու դերակատարությունը նույնն են, ինչ մյուս համայնքներինը` երկրի կյանքում արտահայտված քաղաքական, տնտեսական, մշակութային, հասարակական նշանակությամբ: Քաղաքացիական պատերազմի ժամանակահատվածում շուրջ երկու միլիոն լիբանանցիներ գաղթեցին երկրից, այդ թվում` նաեւ հայեր: Այս պատճառով լիբանանահայերի թիվը նվազեց, բայց չփոխվեց դերակատարությունը: Լիբանանի խորհրդարանում վեց հայ պատգամավոր կա եւ նոր կազմված կառավարությունում` երկու նախարար: Լիբանանահայերը Լիբանանի անբաժան մասն են, լիբանանյան ծառի արմատներից: Մենք սովորաբար չենք ասում հայ համայնք, դա կարծես օտարահունչ լինի: Լիբանանահայերը Լիբանանի քաղաքացի են հայ ծագումով, որ պահպանում են իրենց ազգային ինքնությունն ու սերը մայր հայրենիքի հանդեպ: Դա յուրահատուկ իրավիճակ չէ, քանի որ տասնհինգ միլիոնից ավելի լիբանանցի ապրում է երկրից դուրս, ու նրանք պահպանում են իրենց սերը մայր երկրի հանդեպ: Պատերազմի ավարտից հետո մեծ թվով հայեր վերադարձան Լիբանան:

Ինչպե՞ս կարելի է գնահատել հայ-լիբանանյան հարաբերությունների ներկա մակարդակը:

– Մեր հարաբերությունները շատ ջերմ են, քաղաքական որեւէ խնդիր չունեն մեր երկրները: Երբ վերջին անգամ Հայաստանի նախագահն այցելեց Լիբանան, նա նաեւ Լիբանանի պաշտոնական հյուրն էր: Նա միշտ ողջունվում եւ ընդունվում է Լիբանանում: Եվ եթե եղան նաեւ ցույցեր Լիբանանում Հայաստանի նախագահի այցելության ժամանակ, դա ժողովրդավարական երեւույթ է: Փառք տիրոջը, ժողովրդավարությունը եւ խոսքի ազատությունը կան ե՛ւ Լիբանանում, ե՛ւ Հայաստանում: Եվ դա առողջության նշան է: Ես յոթ տարի խորհրդային ժամանակահատվածում ապրել եմ Մոսկվայում եւ գիտեմ, թե ինչ է նշանակում բռնապետություն:

Իսկ ինչպիսի՞ն են հայ-լիբանանյան տնտեսական հարաբերությունները:

– Դրանք զարգանում են: Լիբանանը առաջիններից էր, որ խոշոր ներդրումներ կատարեց հատկապես հեռահաղորդակցության ոլորտում Ղարաբաղում եւ այստեղ: Բանկային ոլորտում նույնպես երկու լիբանանյան բանկեր են գործում Հայաստանում` «Բիբլոս» եւ «Անելիք» բանկերը: Ընթանում էին եւս երկու այլ բանկերի այստեղ գործելու առնչութամբ բանակցություններ, բայց միջազգային տնտեսական ճգնաժամը երեւի իր ազդեցությունն ունեցավ: Շինարարության ոլորտում եւս կան լիբանանյան ներդրումներ: Նույնիսկ փոքր բիզնեսի բնագավառում տասնյակ լիբանանյան ընկերություններ են գործում Հայաստանում: Կան մեծ ներդրումների հեռանկարներ էներգետիկայի ոլորտում: Հույս ունեմ, որ լիբանանյան նոր կառավարության կազմումից հետո այս բնագավառում նույնպես բանակցություններ կլինեն: Մենք տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար երկկողմանի աշխատանքի կարիք ունենք: Ես կցանկանայի, որ հայ գործարարները ներդրումներ անեն Լիբանանում:

Լիբանանյան կապիտալը Հայաստանում ներկայացված է հիմնականում լիբանանահայերի ներդրումներո՞վ:

– Այո, ներդնողների 80 տոկոսը լիբանանցիներ են հայկական ծագմամբ: Նրանք, ովքեր հետաքրքրված են էներգետիկայով, հայեր չեն: Մենք տնտեսական հարաբերությունները զարգացնելու մեծ պոտենցիալ ունենք ու պետք է այդ ուղղությամբ աշխատենք: Պետք է աշխուժացնել ավիաթռիչքները Լիբանանի եւ Հայաստանի միջեւ: Շատ լիբանացիների համար իսկապես անհասկանալի է, թե ինչու Բեյրութ-Երեւան թռիչքի տոմսը, որ արժե մոտ 600 դոլար, այդքան թանկ է մոտ 270 դոլար արժեցող Հալեպ-Երեւանի համեմատությամբ:

Կա՞ն արդյոք կոնկրետ ծրագրեր տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ:

– Շատ ոլորտներ կան, որ մենք կարող ենք արդյունավետ համագործակցել: Օրինակ, մեծ են հեռանկարները զբոսաշրջության ոլորտումՙ համագործակցությունը զարգացնելու համար: Հայերը սիրում են ծովը, հատկապես որ զրկված են ծովից: Ես կոչ եմ անում եւ ասում եմ հայաստանցիներին, որ լիբանանյան ծովափը հայաստանցիների ծովափն է: Ինչո՞ւ պետք է հայերը գնան Թուրքիայի ծովափ եւ չգան Լիբանան: Այս բնագավառը մենք պետք է զարգացնենք. մատչելի գներ, լավ ծառայություններ, մենք այդ բոլոր հնարավորություններն ունենք:

Նախատեսվո՞ւմ են արդյոք պաշտոնական այցելություններ:

– Անշուշտ, կա այցելությունների ծրագիր, բայց այդ մասին ես հիմա չեմ կարող հայտարարել, քանի որ լիբանանյան կառավարությունը նոր է կազմվել եւ դեռեւս չի ստացել վստահության քվե խորհրդարանում: Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը անակնկալ էր եւ հիմնականում կապված էր հայ-թուրքական հարաբերությունների հետ: Կառավարության հաստատումից հետո մենք կսկսենք աշխատել փոխայցելությունների ուղղությամբ:

Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համատեքստում ինչպիսի՞ն է Լիբանանի վերաբերմունքը:

– Լիբանանի արտաքին գործերի նախարարության կողմից որեւէ պաշտոնական հաղորդագրություն այս հարցով չի հրապարակվել: Մենք հարգում ենք բոլոր երկրների քաղաքական կամքն ու իրենց որդեգրած քաղաքականությունը, հատկապես, մեզ բարեկամ երկրների քաղաքական որոշումները: Դա Հայաստանին վերաբերող ներքին հարց է, եւ մենք հարգում ենք երկրի պետականության, իշխանությունների որոշումները: Մենք երբեք չենք միջամտում բարեկամ եւ ոչ բարեկամ երկրների ներքին քաղաքականությանը: Մենք միայն մեկ մաղթանք ունենք, որ Հայաստանը զարգանա, բարգավաճի, եւ խաղաղություն տիրի:

Պարոն դեսպան, արդեն վեց տարի Հայաստանում եք: Ինչպիսի՞ն է Հայաստանը Ձեզ համար:

– Հաճախ հարցնում են, թե չե՞ս հոգնել վեց տարի այստեղ լինելուց: Ես կարծում եմ, որ երբեք չեմ հոգնի Հայաստանից, քանի որ սիրում եմ Հայաստանն ու հայ ժողովրդին: Արդյոք որեւէ մեկը իր սիրուց կհոգնի՞: Հայաստանը աստվածաշնչյան հող է, հայ ժողովուրդն Աստծո ընտրյալ ժողովուրդ է: Հայաստանը ոչ միայն հայերի սեփականությունն է, այլեւ ողջ մարդկության ժառանգությունն է, որ պետք է պահպանել: Բոլոր գործընթացները պետք է այնպես լինեն, որ համաշխարհային ընտանիքը պաշտպանի խաղաղությունն այստեղ: Հայաստանը երկնքից պոկված մի կտոր է:

Աղավնի Հարությունյան
«Ազգ» օրաթերթ


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն