Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան

Թալիշները շարունակում են պայքարը ապօրինաբար ստեղծված ադրբեջանական պետականության դեմ:

Նոյեմբեր 20, 2009թ. 14:15

TalyshԻնչպես հայտնի է, ներկայիս Ադրբեջանի հարավային շրջանները կոմպակտ բնակեցված են իրանական ծագում ունեցող թալիշներով, որոնք այդ տարածքների բնիկ ժողովուրդներից են: Իրենց ողջ պատմության ընթացքում թալիշները հաջողությամբ դիմագրավել են արտաքին թշնամու ճնշումներին` դաժան պատերազմների շնորհիվ պահպանելով անկախության որոշակի աստիճան: Սակայն Ադրբեջանի կազմում հայտնված թալիշների ներկայիս ջանքերն անցնում են ապարդյուն: Ազգային ինքնությունը պահպանելուն ուղղված նրանց վերջին ճիգը` 1993 թվականին ստեղծված ԹալիշՄուղանյան Հանրապետությունը, բավական տխուր վախճան ունեցավ, ինչի արդյունքում այդ ժողովրդի քաղաքական վերնախավը հայտնվեց հարկադրված էմիգրացիայում:

Ներկայումս Ադրբեջանի Լենքորանի, Լերիքի, Մասսալայի, Աստարայի և Յարդըմլիի շրջաններում բնակվում են ավելի քան կես միլիոն թալիշներ: 1999թ. Ադրբեջանում անցկացված մարդահամարի տվյալների համաձայն, թալիշների թիվն այդ երկրում կազմում է մոտ 77 հազար մարդ: Սակայն ադրբեջանցիների ներկայացրած թիվն անհավատալի է թվում նույնիսկ արևմտյան փորձագետներին, որոնց ամենակողմնակալ հաշվարկներում անգամ թալիշների թիվը Ադրբեջանում չի նվազել 500 հազարից: Իրենց` թալիշների պնդումների համաձայն, այսօր Ադրբեջանում բնակվում է այդ ժողովրդի մոտ մեկ միլիոն երկու հարյուր հազար ներկայացուցիչ:

Սակայն պետք է նշել, որ թալիշների ժողովրդագրական իրավիճակի մասին հստակ տեղեկությունների պակասը թերևս նրանց ամենափոքր խնդիրն է: Լինելով Ադրբեջանի և Իրանի միջև բաժանված ժողովուրդ` Ադրբեջանի թալիշները ձգտում են միավորվել իրենց հայրենակիցների հետ Իրանի վարչական տարածքներում: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ Ադրբեջանի թալիշները փորձում են լքել իրենց բնակության վայրերը: Ընդհակառակը` նրանց վերնախավը վստահ է, որ այդ միավորումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի թալիշաբնակ տարածքների` Իրանին միավորվելու շնորհիվ: Ընդ որում, սա այն նվազագույնն է, որին կարող են համաձայնվել Ադրբեջանի թալիշները: Իրականում նրանք գտնում են, որ թալիշների պատմական հայրենիքի մաս են կազմում ոչ միայն վերը հիշատակված շրջանները, այլև Ադրբեջանի ամբողջ տարածքը` բացառությամբ ավարներով և լեզգիններով բնակեցված այդ պետության հյուսիսային շրջանները: Թալիշները նույնիսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կապված որոշակի հավակնություններ են ցուցաբերում: Սակայն ներկայիս փուլում, երբ իրենց ազգային նպատակների իրականացումը մեծապես կախված է արցախյան հակամարտության արդյունքներից, թալիշները ձգտում են դեռևս չբարձրաձայնել հայերի հանդեպ իրենց պահանջները:

Թալիշների համար ժողովրդի երկու հատվածների միավորվելուց ավելի կարևոր խնդիր է թերևս ազգային ինքնագիտակցության պահպանումը: Ադրբեջանի կառավարությունն արդեն մի քանի տասնամյակ հետևողականորեն վարում է ազգային փոքրամասնությունների (իսկ իրականում` տեղաբնիկ ժողովուրդների – Հ. Մ-Շ.) ձուլելու քաղաքականություն: Ադրբեջանում բնակվող թալիշները, ավարները, լեզգինները և այլ ժողովուրդների ներկայացուցիչները հնարավորություն չունեն ուսանել մայրենի լեզվով դպրոցներում, բուհերում կամ կրթական այլ հաստատություններում: Իսկ եթե նրանք նույնիսկ այդպիսի փորձեր են ձեռնարկում, ապա մեղադրվում են Իրանի կամ Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ և բանտարկվում, որտեղից, որպես կանոն, այլևս ողջ դուրս չեն գալիս: Պաշտոնական Բաքուն այլ խստագույն հսկողություն է սահմանել թալիշների մշակութային, գիտական և մանավանդ քաղաքական գործունեության վրա: Զուգահեռաբար Ադրբեջանի կառավարությունն ամեն տեսակի աջակցություն է ցուցաբերում այն թալիշներին, որոնք հրաժարվում են իրենց ազգությունից և փորձում ինտեգրվել ադրբեջանական հասարակությանը: Այս ամենը հանգեցրել է նրան, որ շատ թալիշների երեխաներ այլևս չեն կարողանում կարդալ մայրենի լեզվով, իսկ ասիմիլյացիան մասսայական բնույթ է ձեռք բերել: Թալիշների համար այս բացասական գործընթացը կասեցնելու համար մի շարք թալիշ գիտնականներ ձեռնամուխ են եղել պատմական, գեղարվեստական գրքերի, ինքնուսույցների և այլ գրականության հրատարակմանը: Սակայն այդ գրքերի բացարձակ մեծամասնությունը լույս է տեսնում արտասահմանում և հասու չէ Ադրբեջանում բնակվող թալիշներին:

Երրորդ կարևորագույն խնդիրը, որին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, այն փաստն է, որ թալիշների ինտելեկտուալ հատվածը փաստորեն կտրված է ժողովրդից: Դրա պատճառները նույնպես պետք է որոնել Ադրբեջանի հալածողական քաղաքականության մեջ, քանի որ, ինչպես արդեն նշվեց հոդվածի սկզբում, թալիշական քաղաքական, մշակութային և գիտական վերնախավը ստիպված բնակվում է քաղաքական էմիգրացիայում: Եվ, չնայած այն հանգամանքին, որ թալիշների շրջանակում կա բավական զգալի մտավոր պոտենցիալ, այնուամենայնիվ, արտաքին աշխարհից կտրված պարզ ժողովուրդը չի ճանաչում իր մտավորականներին: Տարբեր վերլուծական կենտրոններում և միջազգային կազմակերպություններում թալիշների շահերը պաշտպանող անձնավորությունները շատ ավելի մեծ հեղինակություն են վայելում համացանցում, քան սեփական ժողովրդի մեջ:

Չափազանց կարևոր խնդիր է նաև այն հանգամանքը, որ հետխորհրդային մոտ երկու տասնյակ տարիների ընթացքում թալիշների առաջնորդներին այդպես էլ չհաջողվեց միջազգայնացնել իրենց հարցը: Թալիշներն այսօր ադրբեջանական պետական համակարգի հանցավոր քաղաքականության դեմհանդիման միայնակ են մնացել: Եվ ոչ մի երկրի կառավարություն կամ միջազգային իրավապաշտպան կազմակերպություն չի աջակցում ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող թալիշներին:

Իհարկե, Ադրբեջանի թալիշներն այսօր ունեն մի շարք այլ խնդիրներ ևս, որոնք վերաբերում են նրանց կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին: Աղքատությունը, գործազրկությունը, ապրուստի անմարդկային պայմանները և այլն, և այլն, ամեն օր ստիպում են թալիշներին լքել իրենց հայրենիքը: Սակայն նրանք շարունակում են անհավասար պայքարն իրենց իսկ հողերում ապօրինաբար ստեղծված ադրբեջանական պետականության դեմ:

Հրանտ Մելիք-Շահնազարյան


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն