Լարիսա Ալավերդյան. «Սիրելով և զարգացնելով մեր ազգը` մենք նպաստում ենք մարդկության զարգացմանը»
Շատ հաճախ տրվելով ներքաղաքական` մանր ու ճղճիմ խնդիրներին, մոռանում ենք, որ ազգովի կանգնած ենք արտաքին լուրջ մարտահրավերների առաջ, որոնց դիմակայելու համար մեզանից պահանջվում է միասնություն և համախմբում: Սակայն հարց է առաջանում, արդյոք հայաստանյան քաղաքական դաշտում կա՞ն այնպիսի ուժեր, որոնք ի զորու են անհրաժեշտության պահին համախմբել ազգը և ուղղորդել` ազգային նպատակների իրականացման:
ArmAr.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը նախ նկատեց, թե մեր երկրում քիչ չեն գրագետ և երիտասարդ ազգային ուժերը. «Ի վերջո, ունենք նաև ավանդական կուսակցություններ, իհարկե, խոսքս միայն Դաշնակցությանը չի վերաբերում, այլ նաև ռամկավարներին, հնչակյաններին, որոնք միշտ էլ ազգապահպան գործունեություն են իրականացրել»:
Տիկին Ալավերդյանը համոզված է, որ կան «գրագետ քաղաքական ուժեր, որոնք ի զորու են ազգային հարցերը տարածաշրջանայինի և աշխարհաքաղաքականի հետ հավասարակշռել»: Հետևապես, անհրաժեշտության դեպքում համախմբել մեր ժողովրդին։
Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ, հայերս նաև ունենք այնպիսի քաղաքական ավանդույթներ, որոնց շուրջ կարողացել ենք համախմբել մեր ժողովրդին։ «Եվ քանի որ 21-րդ դարը որևէ առումով չի տարբերվում անցած դարերից, ուրեմն մենք պետք է լինենք միասնական ու համախմբված: Այն, որ մենք այսօր դժվարություններ ունենք, պետք չէ, որ դա որևէ մեկին հուսաթափեցնի։ Եթե տեսնում ես, որ այսօր չի ստացվել այն, ինչ ցանկանում ես, կնշանակի` վաղն է գալու քո հաղթանակի օրը»։
«Քաղաքական ուժերից բացի ունենք և ազգային մտավորականներ: Մեր մտավորականներին մենք ամեն առիթով քննադատում ենք, բայց չէ՞ որ նրանց մեջ կան այնպիսիք, ովքեր ոգեշնչված ազգայինի ընկալումով՝ ի զորու են ազգայինը որպես համաշխարհայինի մաս ներկայացնել»:
Քաղաքականից անցում կատարելով հայի կերպարին` տիկին Ալավերդյանը նկատեց, թե մենք` հայերս, ոչ միայն ազգայնական և ազգասեր ենք, այլ, սիրելով և զարգացնելով մեր ազգը, դրանով նպաստում ենք նաև համայն մարդկության զարգացմանը։ Հետևապես. «Հայ ժողովուրդն ու Հայաստան պետությունը կարող են, ի զորու են մարդկությանը տալ այն դրականը, որն իրոք անհրաժեշտ է աշխարհին, և որի պակասը խիստ զգացվում է: Դա մենք կարող ենք անել բոլոր ոլորտներում ` մշակութայինից մինչև հասարակական ու քաղաքական»:
ArmAr.am












