Ո՞վ կամ ովքե՞ր են թուրքական թատրոնին հրավիրել Հայաստան
Նոյեմբերի 19-ին ArmAr.am-ը տեղեկացրել էր, որ թուրքական «Աքշամ» թերթի փոխանցմամբ, Տրապիզոնի թուրքական արվեստի թատրոնը ապրիլ ամսին պատրաստվում է հյուրախաղերով հանդես գալ Հայաստանում: Պարզելու նպատակով, թե ովքեր են նման հրավերի հեղինակները, և այս մասին ինչ կարծիք կա ոլորտը կարգավորող գերատեսչությունում, դիմեցինք ՀՀ մշակույթի նախարարություն: Բայց, ինչպես միշտ, այս նախարարությունում համատարած անտեղյակություն էր. մեզ փոխանցեցին, թե իրենք նման հրավերի մասին ոչ լսել են, ոչ տեղյակ են, հետևապես, ոչինչ ասել չեն կարող: Բայց խորհուրդ կարողացան տալ:
«Պետք չէ ենթադրությունների վրա հարցեր ձևակերպել, երբ հարցն առաջ գա, մեր գերատեսչությունում քննարկում կանցկացվի, որից հետո միայն կկարողանանք վերաբերմունք դրսևորել»,-ասաց հիշյալ նախարարության արվեստի բաժնի ներկայացուցիչը, ով հրաժարվեց անգամ ներկայանալ:
Նախարարության ներկայացուցչին` խնդրի առնչությամբ տեղեկատվություն տրամադրելուց հետո էլ, սակայն, ոչինչ չփոխվեց. նույն «ձայնապնակն» էր պտտվում. «Մենք ոչ մի տեղեկատվություն չենք ստացել, մենք ոչնչից տեղյակ չենք»:
Լավ, բայց չէ՞ որ լրագրողս արդեն տեղեկացնում եմ այդ մասին, գոնե կարելի է, չէ՞, տեղեկատվության փոխանցումից հետո փորձել ինչ-որ բան ճշտել, դիրքորոշում արտահայտել:
Այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի նման դեպքերում Մշակույթի նախարարությունը, և արդյոք ցանկացած օտարազգի մշակութային համույթ կամ միություն, այս դեպքում` թուրքական, իրավունք ունի՞ սեփական նախաձեռնությամբ հայտնվել մեր երկրում, բեմ գրավել ու իրականացնել սեփական մշակութային քարոզչությունը, նախարարության անանուն աշխատակցից լսեցինք այսպիսի վախվորած պատասխան. «Եթե հարցը վերաբերում է հատկապես Թուրքիային, թույլ տվեք այս պահին չպատասխանել: Միջպետական հարաբերություններ են զարգանում, դա այս պահին միանձնյա որոշելու հարց չէ: Իսկ մենք, կրկնում եմ, ոչ մի նման տեղեկատվություն չենք ստացել ոչ մի կազմակերպությունից»:
Խնդրին իրազեկ մարդկանց փնտրել-գտնելու ակնկալիքով զանգահարեցինք Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, Պատանի հանդիսատեսի թատրոն, Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն և պարզվեց, որ հիշյալ թատրոններից և ոչ մեկում տեղյակ չեն թուրքական թատրոնի հյուրախաղերի մասին. իրենք նման հրավեր չեն կազմակերպել:
Զարմանալի չէ՞, որ Հայաստանի Հանրապետությունում պատրաստվում է հյուրախաղերով հանդես գալ թուրքական թատրոնը, և ոչ ՀՀ մշակույթի նախարարությունում, ոչ էլ թատերական աշխարհում չկա մեկը, որ այդ մասին տեղեկացված լինի: Ո՞վ է վերահսկում ոլորտը, ո՞վ է պատասխանատու նման հրավերքների ու հյուրախաղերի կազմակերպման համար, եթե ոչ նույն Մշակույթի նախարարությունը:
Մնում է մտածել, որ թուրքական լրատվամիջոցը հերթական սուտ տեղակատվություն է շրջանառել: Բայց քանի որ նրանք ոչինչ հենց այնպես չեն շրջանառում, հետևապես հարց է առաջանում. ուրեմն, ի՞նչ նպատակ է հետապնդում նման կեղծ լրատվության տարածումը…
ArmAr.am












