Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրք պատգամավոր. «Թուրքիան Ադրբեջան չէ և էլ չի կարող «Մեկ ազգ, երկու պետություն» խաղալ»

Նոյեմբեր 20, 2009թ. 18:28

Ahmed Koca-KarahisarԱյն, որ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավումը ադրբեջանական կողմի համար հիստերիկ ցնցումների պատճառ դարձավ, զայրույթով են ընդունում հատկապես թուրք քաղաքական գործիչները: Թեմայի շրջանակներում ArmAr.am-ի թղթակիցը զրուցեց Թուրքիայի խորհրդարանի անդամ, Գարահիսարից պատգամավոր ընտրված Ահմեդ Քոջայի հետ: Վերջինս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից է և աչքի է ընկնում իր առաջադեմ հայացքներով, հատկապես, հարևանների հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերում:

46-ամյա Ահմեդ Քոջան ի ծնե գործարարական առօրյայի մեջ է եղել: Նրա համար քաղաքականության շարժիչ ուժը հենց բիզնեսն է. չկան բարեկամ պետություններ, կա փոխադարձ շահ: Այս համատեքստում պատգամավորը անիրատեսական է համարում ադրբեջանական այն սպասումները, թե Թուրքիան մշտապես պետք է տեր կանգնի Ադրբեջանին ու վերջինիս պատճառով մշտապես խնդիրներ ունենա:

«Թուրքիան Ադրբեջան չէ, քաղաքակիրթ է ու շատ լավ է հասկանում, որ ադրբեջանական կամակոր պահանջները չեն կարող մշտապես բավարարվել: Չեմ թաքցնում, մենք հայերի հետ բարեկամներ չենք, նախկինում էլ թշնամիներ ենք եղել, սակայն ես ինքս պատմական խնդիրների հետևորդ չեմ»,- նշում է Ահմեդ Քոջան:

Հասկանալի է, իհարկե, որ թուրք պատգամավորը, առավել ևս իշխող կուսակցության ներկայացուցիչը, չի կարող դուրս գալ պետական գաղափարախոսության շրջանակներից և ասել այն, ինչ ձեռնտու չէ իշխանություններին, սակայն Քոջան ամեն դեպքում զրույցում մի վրիպում է թույլ տալիս, ինչը հազիվ թե էժան նստի պատգամավորի հետագա կարիերայի վրա: «Գերմանացիները հրեաներին են կոտորել, բայց խելացի քաղաքականության շնորհիվ նրանք կարողացան հաշտվել: Ես կարծում եմ, որ եթե մենք էլ, իրոք, մտածենք հաշտության մասին, ապա հաստատ ապագայում հայերը թուրքերից դժգոհ չեն մնա»: Թե հաշտության ինչ տարբերակի շուրջ է պտտվում Քոջան, չի մանրամասնում, սակայն միևնույն ժամանակ վերջինս փորձում է բացատրել` Թուրքիան չի կարող աչքերը փակել ներկայի ու անցյալի առաջ և «Մեկ ազգ, երկու պետություն» խաղալ: «Ադրբեջանի հետ մենք երբեք էլ մեկ ազգ չենք եղել: Նախկինում ռազմավարական շահերը երկուսիս էլ հետաքրքրում էին, և մենք եղբայրներ էինք, հիմա հայերի հետ մեր բարեկամության անհրաժեշտությունը կարող է ստիպել ոչ միայն ընդունել պատմական իրադարձությունները, այլև համաձայնության գալ շատ այլ հարցերում»,-փաստում է Ահմեդ Քոջան:

Նաիրի Հոխիկյան


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն