Գլխավոր » Լրահոս

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արտահայտում է իր վրդովմունքը Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայոց եկեղեցու փլուզման առնչությամբ

Նոյեմբեր 20, 2009թ. 19:51

Տարվույս նոյեմբեր 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության առնվեց Վիրահայոց թեմի Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայոց եկեղեցու փլուզման խնդիրը: Հետքննարկման Գերագույն հոգևոր խորհուրդն ընդունեց հետևյալ հայտարարությունը.

«Գերագույն հոգևոր խորհուրդը ցավով է հաստատում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում 1356 թվականին կառուցված Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայոց եկեղեցու փլուզման փաստը:

Գերագույն հոգևոր խորհուրդն ափսոսանքով է արձանագրում, որ անարդյունք մնացին Հայաստանի Հանրապետության իշխանությունների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործադրած տարիների ջանքերը Վրաստանի Հանրապետության իշխանությունների և Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ բանակցությունների ճանապարհով կարգավորելու Վիրահայոց թեմի իրավաբանական անձի կարգավիճակի և հայոց եկեղեցիների վերադարձման հարցերը: Հիշյալ խնդիրների կարգավորման մեջ վրացական կողմի դրսևորած հանիրավի ձգձգումների հետևանքներից է նաև Սուրբ Գևորգ եկեղեցու փլուզումը, որի ամբողջ պատասխանատվությունը կրում են Վրաստանի Հանրապետության իշխանությունները և Վրաց Ուղղափառ Եկեղեցին: Հայկական սրբավայրերի պահպանության ուղղությամբ վրաց պետության դրսևորած անտարբերությունը որևէ կերպ չի համատեղվում բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, համամարդկային արժեքներին հավատարիմ լինելու, երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու և նրանց պատմամշակութային ժառանգությունը պահպանելու ուղղությամբ վրաց պետության կողմից մշտապես հնչեցվող հայտարարություններին և միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորություններին:

Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է ուղղում Վրաստանի Հանրապետության իշխանություններին և Վրաց Ուղղափառ Եկեղեցուն` անհապաղ քայլեր ձեռնարկել Վրաստանի Հայոց Թեմին իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրելու, Վրաստանի հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու` վիրահայության ազգային-եկեղեցական կյանքի բնականոն կազմակերպման և հայկական սրբավայրերի ապահով պահպանության համար»:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն