Գլխավոր » Լրահոս

ՊՆ նախարարը կարևորեց զինված ուժերի և գիտության համագործակցությունը

Նոյեմբեր 20, 2009թ. 19:32

gitajoghov-1Բնագիտության և ռազմագիտության ոլորտների համագործակցությունը նպաստավոր է երկրի զարգացման ու անվտանգության համար:

Նոյեմբերի 20-ին ԵՊՀ օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետում մեկնարկեց «Բնագիտությունը 21-րդ դարում. Ուսուցման հիմնախնդիրներ և լուծումներ» խորագիրը կրող համահայկական երկրորդ կրթական գիտաժողովը:

Այս տարի գիտական միջոցառման կազմակերպիչների շարքում է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը: Իսկ գիտաժողովին մասնակցում են հանրապետության կրթական ու գիտական մի շարք հաստատություններ:

Գիտաժողովի բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Միջոցառման մասնակիցներին ու կազմակերպիչներին ողջունեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա փաստեց, որ կրթության և գիտության զարգացմամբ մենք կարող ենք զրոյի հավասարեցնել այն քանակական առավելությունը, որ ունի մեր հակառակորդը:

Նախարարը նշեց նաև, որ զինված ուժերի և գիտության բնագավառի համագործակցությունից կշահի մեր հայրենիքն ու պետությունը: Սեյրան Օհանյանը ևս զեկույց էր ներկայացրել:  «Բնագիտությունը և ռազմագիտությունը» թեմայով իր զեկույցում նախարարն անդրադարձավ ռազմական անվտանգության խնդիրներին, ռազմաարդյունաբերության համալիրի հագեցմանը:

ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն իր հերթին  կարծիք հայտնեց, որ բանակն ու կրթությունն անբաժանելի են և կարող են մեկը մյուսին հզորացնել: Պրոռեկտորը նշեց նաև, որ կրթական հաստատություններում պատրաստվում են գրագետ, խելացի զինապարտներ, ովքեր զինված ուժերում շարունակում են զարգացնել դպրոցում և բուհում ստացած  իրենց գիտելիքները:

Գիտաժողովի աշխատանքները կամփոփվեն վաղը` նոյեմբերի 21-ին:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն