Զբոսաշրջիկները Թուրքիա են գնում ոչ թե թուրքական մզկիթներ, այլ հայկական եկեղեցիներ տեսնելու համար
Թուրքական «Ռադիկալ» թերթը` «Անհասկանալի այս բանն էլ եղավ այս երկրում» խորհագրով մի հոդված է հրապարակել: Պարբերականը զարմանքով տեղեկացրել է, որ Վան քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Վերին Բաքրաչլը գյուղի բնակիչները նահանգի ղեկավարությանը դիմել են իրենց գյուղում գտնվող հայկական «Յոթ եկեղեցիներ» համալիրի կողքի թուրքական մզկիթը քանդելու պահանջով:
Գյուղացիները տեղական իշխանություններին ներկայացրած իրենց դիմում նշել են, որ տարեկան 10 հազար զբոսաշրջիկ է այցելում իրենց գյուղ: Ըստ նրանց, եթե հայկական եկեղեցիների կողքին չլինի այդ թուրքական մզկիթը, ապա զբոսաշրջիկների թիվը կբազմապատկվի: Տեղեկացնենք, որ Վերին Բաքրաչլը գյուղի բնակիչների թիվը հասնում է 500-ի: Այստեղ է գտնվում 8-11-րդ դարերում կառուցված հայկական «Յոթը եկեղեցիներ» կոչվող համալիրը: Հայկական Վասպուրականի թագավորների կողմից կառուցված եկեղեցիները ներկայուս վերածվել են ավերակների կույտի և այս ավերակների կողքին էլ 1997թ. թուրքական իշխանությունները կառուցել են մի մզկիթ, որն այսօր տեղի բնակչության բողոքի համաձայն, խանգարում է զարգացնել զբոսաշրջիկությունը:
Թուրքական պարբերականի դիտարկմամբ, այս «տարօրինակ» առաջարկից բացի, գյուղացիներն առաջարկել են նաև բարելավել ճանապարհները և վերանորոգել տեղի հայկական եկեղեցիները: Դարձյալ շեշտելով, որ հնագույն հայկական եկեղեցիները տեսնելու նպատակով հազարավոր մարդիկ են գալիս Թուրքիա:
ArmAr.am












