Ո՞վ կառաջնորդի հայերին առաջիկա պատերազմում
Նոյեմբերի 22-ին Մյունխենում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, որի ընթացքում դարձյալ կքննարկվեն արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները: Փորձագետների և վերլուծաբանների կարծիքով, մյունխենյան հանդիպումը կավարտվի նույնքան անարդյունք, որքան Սարգսյանի և Ալիևի վերջին հանդիպումներն էին: Ուստի երկու նախագահների մոտալուտ հանդիպման թեման չի արժանացել անհրաժեշտ ուշադրության ո’չ տեղական, և ո’չ միջազգային մամուլում:
Այնինչ իրավիճակն իսկապես բեկումնային է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն օգտվում է պաշտոնական Անկարայի բազմակողմանի աջակցությունից, բացեիբաց ցուցադրում է իր դժգոհությունը բանակցային գործընթացից` պատրաստելով իր ժողովրդին նոր պատերազմի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ: Թեև Ադրբեջանի նախագահը նախկինում էլ էր հանդես գալիս նման ռազմատենչ հայտարարություններով, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Ալիևը գնալով ինքն իրեն համոզում է` Արցախը զենքի ուժով նվաճելու գաղափարի մեջ: «1918 թվականին Իրևանը նվիրվել է Հայաստանին: Այն ժամանակից դեռ 100 տարի չի անցել, իսկ մեր հանդեպ նոր պահանջատիրություն են ներկայացնում: Ադրբեջանական հողերի վրա ստեղծվել էր հայկական մեկ պետություն: Իսկ հիմա ուզում են ստեղծել երկրորդը: Սա ոչ մի տրամաբանություն չունի, ադրբեջանցի ժողովուրդը, ադրբեջանական պետությունը երբեք չի համաձայնվի դրան: Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ չի լինելու»:
Իլհամ Ալիևի ներկայիս հայտարարությունները համոզիչ դարձնելու համար ադրբեջանական բանակն ամեն օր կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ, ինչը նույնպես լրացուցիչ լարվածություն է առաջացնում հայ-ադրբեջանական շփման գծում: Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Իսկ հայկական կողմը շարունակում է անուշադրության մատնել «Ռիխարդ Զորգեների» զեկուցագրերը:
Սակայն ադրբեջանական հերթական ագրեսիայի վտանգն այսօր Հայաստանի դեմ ուղղված միակ մարտահրավերը չէ: Հայաստանի դիվանագիտության օրակարգում իր ողջ սրությամբ դրված է թուրքական գործոնի հարցը: Պաշտոնական Անկարան, որի քաղաքականությունը մշտապես Հայաստանը ոչնչացնելու նպատակ է հետապնդել, նոր խաղ է սկսել պաշտոնական Երևանի հետ: Ընդ որում, այդ խաղի արդյունքում թուրքերն ակնկալում են վերջ տալ հայկական պահանջատիրությանը, մոռացության մատնել 1915 թվականի ցեղասպանության հարցը, Արցախը նվիրել Ադրբեջանին և Հայաստանը վերածել իրենց ազդեցության գոտու: Այս չորս նախապայմաններից և որևիցե մեկի չիրականացման պարագայում Թուրքիան փորձելու է նոր խնդիրներ հարուցել Հայաստանի համար, որպեսզի Երևանը ստիպված լինի ընդունել իր պահանջները:
Հայաստանի շուրջ ստեղծված քաղաքական իրավիճակը բավական լուրջ սպառնալիքներ է առաջացնում մեր պետականության անվտանգությանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատրվակով Ադրբեջանը փոխել է իր էներգակիրների արտահանման ճանապարհները: Վրաստանի տարածքով Արևմուտք գազ և նավթ վաճառելու փոխարեն, ադրբեջանցիներն ընտրել են առավել անվտանգ` Ադրբեջան-Ռուսաստան ուղղությունը, որպեսզի Հայաստանի և Արցախի դեմ հնարավոր պատերազմի ժամանակ նրանք շարունակեն եկամուտ ստանալ էներգառեսուրսների վաճառքից: Թուրքիան` Հարավային Կովկասը շրջանցող գազանավթամուղեր կառուցելու մասին պայմանավորվածություններ է ձեռք բերել Իրանի և Ռուսաստանի հետ, փորձելով նվազեցնել մեր տարածաշրջանի կարևորությունն Արևմուտքի համար: Ակնհայտ է, որ Արևելքից Եվրոպա գազի և նավթի հոսքն ապահովված լինելու պարագայում, Արևմուտքն այլևս մեծ ջանքեր չի գործադրի Հարավային Կովկասում խաղաղություն պահպանելու ուղղությամբ, ինչն էլ ազատ կարձակի Ադրբեջանի`ռազմատենչ քաղաքականության զսպաշապկը:
Այս ամենը թույլ է տալիս եզրահանգել, որ հայ ժողովուրդը կանգնած է նոր պատերազմի նախաշեմին: Սակայն, ցավոք սրտի, այդ գիտակցությունը դեռևս չկա մեր հասարակության մեջ: Հայաստանի քաղաքական ուժերին, կարծես թե, չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում երկրի շուրջ: Հայ իրականության մեջ Նիկոլ Փաշինյանի պատգամավորական թեկնածու դառնալ-չդառնալու խնդիրն ավելի մեծ կարևորություն ունի, քան, օրինակ, այն փաստը, որ ադրբեջանական բանակն ամեն օր գնդակոծում է մեր դիրքերը: Ասվածի վառ վկայությունն է մեր լրատվամիջոցների` գերակշիռ մասի, տրամադրած լրահոսը:
Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Ինչո՞վ են զբաղված քաղաքական առաջնորդները: Ինչո՞ւ չի գործում ինքնապահպանման հայերի բնազդը:
Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը, որը մեծ ջանքերով հաղթահարեց Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա կողմից ղեկավարվող ուժերի կողմից`մեր երկրին մատուցված բարդությունները, այսօր զբաղված է, բացառապես, իր իշխանության ամրապնդմամբ:
Հայաստանի ընդդիմադիր դաշտի առաջնորդ Հայ ազգային կոնգրեսը, որն արդեն հասկացել է, որ իր աստեղային ժամն այլևս անցել է, այսօր քաղաքական միայն մեկ խնդիր է լուծում. դրդել իշխանություններին ազգային շահերից չբխող քայլերի, որպեսզի հետո, սերունդների աչքին` «անմեղ կույսի» հանդերձանքով հանդես գալու հնարավորություն ունենա: ՀԱԿ-ը փորձում է այնպես անել, որ հայ-թուրքական զարգացումների հետևանքով նոր ընդդիմություն չառաջանա, և ինքը մնա միակն ու անփոխարինելին։
Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որն անկասկած պետք է որ լինի սպասվող պատերազմի առաջամարտիկներից մեկը, այդպես էլ չի կարողանում ապացուցել ժողովրդին, որ հանդիսանում է իրական ընդդիմություն: Եվ, չնայած այն հանգամանիքն, որ Դաշնակցության առաջնորդներն ակտիվորեն քննադատում են հայ-թուրքական մերձեցման ներկայիս քաղաքականությունը, այնուամենայնիվ, կուսակցությունն իր գործունեությամբ այդ հարցում և ոչ մի արգելք չի ստեղծում իշխանությունների համար:
Ստեղծված իրավիճակում հարց է առաջանում, թե որ կուսակցությունն է լինելու այն ուժը, որը, անհրաժեշտության դեպքում, կարող է միավորել, համախմբել ժողովրդին: Հայկական քաղաքագիտական դաշտում գործող բոլոր հայտնի ուժերն այսօր պատրաստ չեն դրան: Նրանք նույնիսկ չունեն այդպիսի ցանկություն, քանի որ իրենց բոլոր գործողությունները պայմանավորված են սեփական բիզնեսի շահերով: Նույնիսկ պետության համար այսպիսի դժվար պահին, քաղաքական ուժերը շարունակում են ցեխ շպրտել միմյանց վրա:
Այնինչ, համազգային կոնսոլիդացիան այլևս անհետաձգելի անհրաժեշտություն է, քանզի Հայաստանը կանգնած է պատերազմի նախաշեմին:
Կամսար ՄԵԼԻՔՅԱՆ












