Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման խնդիրը երրորդ երկրների դիտակետից
ArmAr.am-ը շարունակում է ներկայացնել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հոդվածաշարը: Նախորդ զրույցներում խոսվել է այն մասին, թե ինչպես է երևում հայ-թուրքական հարաբերությունների բարենորոգումը Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Ռուսաստանի, Վրաստանի և Ադրբեջանի դիտակետից: Այս հոդվածում փորձ է արվում տեսնել, թե խնդիրն ինչպես է երևում Թեհրանից: Եվ այսպես`
ԻՐԱՆ
Նրբին հարց, որի վրա ընկած է Հայաստանի հետ կապված թուրք-պարսկական հարաբերությունների ողջ պատմության ստվերը: Թե Թեհրանում, թե Անկարայում չեն մոռացել 15-18 դարերում Արևելյան Հայաստանի և առանձնապես Արցախի համար սուլթանական Թուրքիայի ու շահական Պարսկաստանի միջև մղված պատերազմների պատմությունը: Չեն մոռացել, որ Նադիր շահի օրոք և նրա հովանավորությամբ է, որ Ղարաբաղի հինգ մելիքությունները միավորվեցին ռազմաքաղաքական միության մեջ, միություն, որ կարևոր դերակատարություն է ունեցել տարածաշրջանի պատմության մեջ` անանցանելի պատնեշ դառնալով թուրքական ասպատակությունների ճանապարհին: Թե Թեհրանում, թե Անկարայում անկասկած լավ են հիշում, որ հենց Ղարաբաղի մելիքություններն են 18-րդ դարում տարածաշրջանում ձևավորել ռուսական կողմնորոշումը այն ակնկալությամբ, որ բարձրացող Ռուսական Կայսրության հովանու տակ Հայաստանն այլևս թուրք-պարսկական պատերազմների ռազմադաշտ չլինի: Երկու մայրաքաղաքներում նաև գիտեն, որ 1828 թվականին կնքված Թուրքմենչայի պայմանագրով Պարսկաստանից Ռուսաստանին անցած Արևելյան Հայաստանի որոշ տարածքներ հայտնվել են Թուրքիայի սահմաններում: Վերջապես երկու կողմերը, եթե նույնիսկ այդ մասին ոչ մի բառ իրար չասեն, հրաշալի գիտեն, որ Ադրբեջանում այսօր նրանք գտնվում են խուլ առճակատման մեջ: Թուրքիան ցանկանում է խորացնել իրանական դարավոր մշակույթի կնիքն իր վրա ունեցող Արևելյան Անդրկովկասի թուրքացումը: Իրանը գիտե, որ դրան այսպես թե այնպես պետք է հակադրվեն երկրամասի պարսկական ծագում ունեցող ժողովուրդները` թալիշները, թաթերը, քրդերը:
ԽՍՀՄ լուծարումից հետո, երբ հայկական գործոնը նոր դերակատարություն է ձեռք բերել տարածաշրջանում, թուրք-պարսկական հարաբերությունները չեն կարող շրջանցել այդ հանգամանքը: Վերջին երկու տասնամյակում Անկարան Հայաստանի հետ իր հարաբերություններում դարձել էր Բաքվի պատանդը, այն դեպքում, երբ դրան հակառակ` Թեհրանն ավելի իրատեսական և անկախ քաղաքականություն որդեգրեց` այդ թվում և Ղարաբաղյան հարցում:
Ցյուրիխյան փաստաթղթերի ստորագրությունը նոր իրադրություն ստեղծեց տարածաշրջանում: Թեհրանում, բնական է, ոչ միայն հետաքրքրված, այլև անհանգստացած են հնարավոր այն հետևանքներով, որ կարող են կապված լինել այդ փաստաթղթերի վավերացման հետ: Այսպես, թե այնպես տարածաշրջանում, ինչպես ենթադրում են Թեհրանում, կարող են լինել Իրանի համար անցանկալի տեղաշարժեր: Իրանի մտահոգությունները ցրելու նպատակով Էրդողանը շտապեց Թեհրան: Բանակցությունների առանցքային հարցը պարսկական էներգակիրները Թուրքիայով Եվրոպա փոխադրելու հարցն էր: Երկուստեք շահեկան թեմա: Թուրքիան չի թաքցնում, որ ինքը հավակնում է դառնալ Արևելքից Եվրոպա տանող գազամուղների ու նավթամուղների գլխավոր տարանցիկ երկիրը: Դա իր համար շահեկան է թե քաղաքական, թե տնտեսական առումներով: Նույնը` Իրանի համար, որը դրանով կփորձի դրականորեն փոխել իր խաթարված կերպարը Եվրոպայի աչքում: Բայց երկու կողմերն էլ գիտակցում են, որ ծրագրի իրականացումը կնվազեցնի այն դերը, որ տարածաշրջանում ցանկանում է ունենալ Բաքուն, որին ձեռնտու է թուրքերի սառնությունը թե Հայաստանի, թե Իրանի հետ: Մյուս կողմից Թեհրանը խանդով պետք է նայի Անկարայի այն հավակնություններին, որ նա ձգտում է ձեռք բերել իսլամական աշխարհում:
Երկկողմ հարաբերություններում կա նաև վստահության հարցը: Ոչ հեռու անցյալում` 1929 թվականին, Ռեզա շահի և Աթաթուրքի օրոք, շռայլ ընդունելություններով և դեպի Եվրոպա Պարսկաստանի համար ճանապարհներ բացելու խոստումներով Թուրքիային հաջողվել է Ռեզա շահին համոզել կատարել տարածքային փոխանակություններ, որոնց արդյունքում Թուրքիան ընդհանուր սահման է ձեռք բերել Նախիջևանի հետ: Շուտով դրան հաջորդել է իրանական փոխադրումների համար մաքսային տուրքերի այնպիսի բարձրացում, որ անիմաստ դարձրեց այդ ճանապարհների օգտագործումը: Թուրքիան խաբել է Պարսկաստանին: Աթաթուրքը խաբել է Ռեզա շահին: Այդ պատմությունն այսօր ուսանելի դաս է թե հայկական, թե պարսկական կողմի համար:
Վերջապես առկա է նաև հարցի` Հայաստանի հետ կապված զուտ տնտեսական կողմը: Հետխորհրդային տարիներին Իրանը որոշակի դիրքեր է գրավել Հայկական տնտեսության մեջ: Արդեն իսկ կան տնտեսական համագործակցության լուրջ, որակապես նոր ծրագրեր: Սահմանների բացումը, ինչպես կարող են մտածել Թեհրանում, կարող է դժվարություններ հարուցել մի դաշտում, որտեղ ինքը գրեթե մենաշնորհային վիճակում է:
Այս բոլորը, ինչպես հասկանալի է, գտնվում են մտահղացումների ու նախածրագրերի փուլում: Բնական է, որ Թեհրանում ուշադիր պիտի հետևեն Անկարայում ու Երևանում տարվող պառլամենտական ու հասարակական քննարկումներին և ստորագրված փաստաթղթերի վավերացման քաղաքական ընթացքին: Որոշիչ քայլերը տարածաշրջանային քաղաքական խաղերում առջևում են, և Թեհրանը դրանց, անկասկած, նախապատրաստվում է:












