Հնդկաստանը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը
Ս.թ. նոյեմբերի 20-ին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել Հնդկաստանի նախագահ տիկին Պրատիբհա Դեվիսինգհ Պատիլին:
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպան Հակոբյանը Հնդկաստանի նախագահին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնը եւ նշել, որ Հնդկաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկն է:
Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և հեռանկարին` դեսպան Հակոբյանը նշել է, որ բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կազմակերպումը կխթանի երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի հետագա զարգացումը:
Նախագահ Պրատիբհա Պատիլն իր հերթին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին է հղել իր բարեմաղթանքները և նշել, որ Հնդկաստանը նույնպես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-հնդկական համագործակցության հետագա զարգացման գործում:












