ՀՀ Նախագահի խոսնակ Սամվել Ֆարմանյան. «Պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը»
Եթե խաղաղ բանակցություններն ընդհատվեն, եւ ռազմական գործողություններ սկսվեն, ապա ոչինչ չի խանգարում Հայաստանի Հանրապետությանը` ճանաչելու ԼՂ անկախությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիեւի՝ մյունխենյան հանդիպումից մեկ օր առաջ արած հայտարարությունը, թե հանդիպման ձախողման դեպքում պատերազմ կսկսվի: «Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ ինչքան էլ նման հայտարարություններն արվում են ներքին լսարանի համար, միեւնույն ժամանակ, դրանք հազիվ թե բարենպաստ մթնոլորտ են ստեղծում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար: Ադրբեջանի նախագահի հայտարարությունները մեկ անգամ եւս վկայում են Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքի մասին»,- նշել է Ֆարմանյանն ու հավելել. «Լարվածության աճը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ, իհարկե, ամենաանցանկալի ելքն է: Այն ամենաանցակալի իրողությունը կլինի եւ Լեռնային Ղարաբաղի, եւ Հայաստանի, եւ ողջ տարածաշրջանի համար: Բայց Հայաստանի Հանրապետությունը չի կարող անտարբեր լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագրի հանդեպ, եւ հենց այդ պատճառով էլ Հայաստանի Հանրապետության Նախագահը, այլ պաշտոնատար անձինք բազմաթիվ անգամ հայտարարել են, որ մենք պատասխանատու ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար: Աշխարհում կան ընդունված ձեւեր. նման զարգացումների դեպքում, ենթադրենք, Հայաստանի Հանրապետությունը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը` սրանից բխող հետեւանքներով: Երկրորդ` Հայաստանի Հանրապետությունը կարող է փոխօգնության պայմանագիր ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ»:
Ըստ Ֆարմանյանի՝ տարբերակներ կան, եւ Հայաստանը կօգտվի այդ մի քանի տարբերակներից կամ առանձին-առանձին, կամ միաժամանակ: «Եվ պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը մինչ այսօր չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը միայն ու միայն մի պատճառով` որպեսզի դա խոչընդոտ չդառնա խաղաղ բանակցությունների համար: Ու եթե խաղաղ բանակցություններն ընդհատվում են, եւ ռազմական գործողություններ են սկսվում, ապա ոչինչ չի խանգարում Հայաստանի Հանրապետությանը` ճանաչելու ԼՂ անկախությունը»,- նշել է Ֆարմանյանը՝ նկատելով. «Սակայն, այսօր իրողությունն այն է, որ բանակցային գործընթացը շարունակվում է: Հայաստանը մշտապես հայտարարել է, որ խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չի տեսնում: Հայաստանը կարծում է, որ բանակցությունների միջոցով հնարավոր է հասնել խնդրի խաղաղ եւ համապարփակ հանգուցալուծմանը»:
Անդրադառնալով ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը, թե իբր մյունխենյան հանդիպման ժամանակ խոսվել է, որ հայերը մինչեւ տարեվերջ կարող են ազատել Քելբաջարի շրջանը, ինչը հնարավորություն կտա Թուրքիային՝ վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Ադրբեջանին` մեղմելու իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում, Սամվել Ֆարմանյանը նշել է. «Հայաստանում մենք արդեն վարժվել ենք այն բանին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների յուրաքանչյուր հանդիպումից հետո, „խիստ իրազեկ“ աղբյուրները հայտնում են իրականում գոյություն չունեցող ինչ-որ քննարկումների ու պայմանավորվածությունների մասին: Դա պարզ ապատեղեկատվություն է եւ որեւէ առնչություն չունի իրականության հետ: Նման հարց չի քննարկվում, հետեւաբար, նման պայմանավորվածություն լինել չի կարող: Բազմիցս ասվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ու քննարկումների առանցքային հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Մնացյալ հարցերն ածանցյալ են»:
ArmAr.am












