ԱՄՆ-ին և Եվրոպային անհրաժեշտ է հայ-թուրքական համագործակցությունը
«Ւնչո՞ւ է Արևմուտքը կողմ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացմանը». ArmAr.am-ի հարցին պատասխանում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
Արևմուտքըª ԱՄՆ-ը և Եվրոպական Միությունը, միանշանակորեն կողմ են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական-միջպետական հարաբերությունների հաստատմանն ու սահմանի բացմանը: Իհարկե, այս հարցում նույն դիրքորոշմանն է նաև Ռուսաստանը: Շվեյցարիայում երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության ստորագրման արարողությանը Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի և Եվրոպական Միության բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությունն արդեն վկայում է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը ոչ միայն կողմ են, այլև խիստ կարևորում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Իսկ ո՞րն է նման դիրքորոշման պատճառը:
Առաջին հերթին անհրաժեշտ է նշել, որ Արևմուտքը սկզբունքորեն է դեմ փակ սահմաններին` որ պետությանն ու որ տարածաշրջանին էլ դա վերաբերի: Նա ընդհանրապես չի ընդունում փակ սահմանները աշխարհի բոլոր ծայրերում: Այս դիրքորոշումն առավել շատ տնտեսական հիմնավորում ունի, քան քաղաքական: Բանն այն է, որ ժամանակակից աշխարհը գլոբալացվող աշխարհ է: Տնտեսական ինտեգրացման գործընթացներն ընդգրկել են բոլոր երկրներին ու ժողովուրդներին, և այսօր փակ սահմանների առկայությունն ինքնին մեծ խոչընդոտ է ինտեգրացման ու գլոբալացման ճանապարհին: Ժամանակակից տնտեսական առաջընթացը պահանջում է բաց սահմաններ, բարենպաստ մաքսային ու հարկային ռեժիմներ, կապիտալների ու աշխատուժի ազատ տեղաշարժեր, այսինքն, այն, ինչ ներկայումս կա Եվրոպական Միության ներսում:
Անշուշտ, հայ-թուրքական սահմանի բացման գործում Արևմուտքի դրական դիրքորոշումը, բացի այս հանգամանքներից, ունի նաև այլ դրդապատճառներ, որոնք պայմանավորված են ԱՄՆ-ի և Եվրոպական Միության հատուկ շահերով: Առաջին դրդապատճառը էներգետիկ շահերն են: Բանն այն է, որ էներգետիկ անվտանգության ապահովումը առաջնային նշանակություն ունի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ միասնական Եվրոպայի համար: Հետպատերազմյան տարիների էներգետիկ ճգնաժամերն ապացուցեցին, որ Էներգետիկ անվտանգությունը պահանջում է ունենալ նավթի և գազի մատակարարման մի քանի այընտրանքային աղբյուրներ: Պայթունավտանգ իրադրության պահպանումը Մերձավոր Արևելքում և իրաքյան իրադարձությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է վերացնել Արևմուտքի կախվածությունը մերձավորարևելյան նավթից և Եվրոպայի գազամատակարարումը իրականացնել մի քանի ուղղություններով: Էներգետիկ անվտանգության ապահովման նման հայեցակարգը վերջին ժամանակներում ստիպեց արևմտյան պետությունների քաղաքական ղեկավար գործիչներին իրենց հայացքն ուղղել դեպի Կասպից ծովի, կենտրոնական և միջինասիական նավթային ու գազային պաշարները: Այդ նպատակով էր, որ կառուցվեց Բաքու-Ջեյհան նավթամուղը: Սակայն Բաքու-Ջեյհանը կառուցվեց Ռուսաստանի շահերի շրջանցմամբ և անցավ հակառուսական քաղաքականություն վարող Վրաստանի տարածքով: Բնականաբար, հետխորհրդային տարածքում իր ազդեցությունը վերականգնող Ռուսաստանն այլևս չի հանդուրժում իր շահերի անտեսումը: Այսինքն, նոր նավթամուղերի ու գազամուղերի կառուցումն այսուհետ կարող է իրականացվել կամ Ռուսաստանի տարածքով, կամ էլ այլ պետությունների տարածքով, բայց միայն Կրեմլի համաձայնությամբ:
Իսկ ինչպիսի՞ն է իրավիճակն այժմ:
Էներգակիրների տեղափոխումը վրացական ուղիով բացառվում է Ռուսաստանի կողմից ռուս-վրացական հակամարտության և Վրաստանի կոշտ հակառուսական դիրքորոշման պատճառով: Իրանի Իսլամական Հանրապետության և ԱՄՆ-ի հակամարտությունն անհնար է դարձնում իրանական տարածքի օգտագործումը ԱՄՆ-ի բացասական դիրքորոշման հետևանքով: Ռուսաստանի տարածքով էներգակիրների տեղափոխումն անցանկալի է Եվրոպայի համար, որտեղ դեռ չեն մոռացել ռուս-ուկրաինական «գազային պատերազմի» հետևանքները 2008-2009 թթ. ձմռանը: Դժվար է ասել նաև, թե որքան կարող է ձգվել Արևմուտքի հետ իսլամական Իրանի հակամարտությունը: Միջազգային քաղաքական այսպիսի իրադրության պայմաններում մերձկասպյան էներգակիրների տեղափոխման հավանական ուղի կարող է դիտվել Ադրբեջանով Հայաստան և այստեղից էլ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա գնացող ուղին: Իհարկե, նման ուղու կառուցումը կարող է մեծապես շահավետ լինել նաև Հայաստանի համար:
Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ Արևմուտքի շահագրգռվածությունը հայ-թուրքական սահմանի բացման գործում պայմանավորված է նաև էներգետիկ անվտանգության ապահովման քաղաքականությամբ:
Բացի էներգետիկ և տնտեսական դրդապատճառներից, Արևմուտքն ունի նաև որոշակի ռազմա-քաղաքական շահեր: Հայ-թուրքական սահմանի բացումը, անշուշտ, կարող է նպաստել Հարավային Կովկասում թուրքական ազդեցության ամրապնդմանը, որի վառ վկայությունն է Թուրքիայի կողմից առաջարկված Կովկասյան պակտի նախագիծը: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և, բնականաբար, նրա դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում համահունչ է նաև ԱՄՆ-ի և նրա եվրոպական հյուսիս-ատլանտյան դաշնակիցների շահերին, եթե նկատի ունենանք նաև թուրքական գործոնի գերկարևորությունը ամերիկյան արտաքին քաղաքականության համար: Սակայն այս հանգամանքը որևէ մտահոգության տեղիք չպետք է տա, որովհետև Հայաստանն ընդգրկված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերում` դառնալով նրա հուսալի գործընկերը տարածաշրջանում: Հայաստանը նաև Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպության անդամ է, Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցը հարավ-կովկասյան տարածաշրջանում, և իր ազգային անվտանգությանն սպառնացող մարտահրավերները կարող է չեզոքացնել նաև Ռուսաստանի հետ ռազմա-քաղաքական համագործակցությամբ, եթե, իհարկե, ղարաբաղյան հակամարտության հետ կապված նման մարտահրավերներ ապագայում ի հայտ գան:
Արևմուտքը աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների գործունության արդյունավետության բարձրացման համար: Երկու հարևան պետություններն այսօր ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրանտլանտյան գործընկերության խորհրդի և Սևծովյան Տնտեսական Համագործակցության անդամ են: Նույն միջազգային կառույցներում գտնվելը անտրամաբանական է դարձնում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական-միջպետական հարաբերությունների բացակայությունը: Դա որոշակիորոն խոչընդոտում է այս հզոր միջազգային կառույցների գործունեությանը Հայաստանին և Թուրքիային հարող տարածաշրջաններում: Ուստի, լրիվ հասկանալի է Արևմուտքի դիրքորոշումը. եթե անդամակցում ես այն միջազգային կազմակերպություններին և ծրագրերին, որտեղ նաև ընդգրկված է քո հարևան պետությունը, բարի եղիր նաև նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, հակառակն ուղղակի անընդունելի է և անհասկանալի: Հայաստանն ու Թուրքիան այլևս չեն կարող այս տրամաբանությանը հակառակ գործել, որովհետև Եվրոպական Միությանն անդամակցելը վաղուց արդեն ամրագրված է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի արտաքին քաղաքական դրույթներում ու ազգային անվտանգության ռազմավարությունների մեջ:
Եվ վերջապես, Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործում Արևմուտքի շահագրգռվածությունը թելադրված է աշխարհում կայունության և անվտանգության դեմ առկա սպառնալիքներին դիմագրավելու գործում միջազգային հանրության գործողություններին երկու երկրների մասնակցությունն ու համագործակցությունն ապահովելու ձգտմամբ: Նման սպառնալիքներն են միջազգային և ներքին ահաբեկչությունը, միջազգային կազմակերպված հանցագործությունները, թմրանյութերի ու զենքի առք ու վաճառքը, էկոլոգիական և տեխնածին աղետների կանխարգելումը և այլն: Իհարկե, բացառված չեն նոր տրանսպորտային, տնտեսական, գիտական, բնապահպանական և նույնիսկ մշակութային համագործակցության ծրագրերի կազմումը, որոնց իրականացման համար ԱՄՆ-ին և Եվրոպային անհրաժեշտ կլինի հայ-թուրքական համագործակցությունը:












