Նախագահ Սարգսյանը Բորդյուժային պարգևատրել է Պատվո շքանշանով
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, ողջունելով հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս հանդիպումն առաջինն է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը փոխանցելուց և նոր ժամանակահատվածով գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժայի նշանակվելուց հետո:
Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել համատեղ լավ աշխատանքի համար և ասել.
«Ցանկանում եմ իմ գոհունակությունն արտահայտել ՀԱՊԿ շրջանակում համագործակցության տեմպերի առումով և ընդգծել, որ վերջին ժամանակահատվածում արվել է լուրջ աշխատանք: Շատ հնարավոր է, որ սա առաջին շատ լավ նախադեպն է, երբ ընդունված, այսպես ասած` բանավոր որոշումը, ոչ այնքան տևական ժամանակահատվածում դարձավ փաստաթուղթ, ստեղծվեցին Հավաքական անվտանգության արագ արձագանքման ուժերը և ոչ միայն ստեղծվեցին, այլև անցկացվեցին զորավարժություններ: Համոզված եմ, որ մոտակա ժամանակներում մենք կավարտենք նորմատիվ ակտերի փաթեթի մշակումը, և մեր Կազմակերպությունը կդառնա անդամ երկրների անվտանգությունն առավել ապահովող կառույց»:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Բորդյուժային` օպերատիվ և արդյունավետ աշխատանքի համար` նշելով, որ այդ կապակցությամբ հրամանագիր է ստորագրել ` նրան Հայաստանի պետական բարձր պարգևով` Պատվո շքանշանով պարգևատրելու մասին:
Երախտագիտությամբ ընդունելով Հայաստանի պետական պարգևը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ասել է, որ այն դիտարկում է որպես ավանս ու կանի ամեն ինչ, որպեսզի Կազմակերպության աշխատանքներն իրականացվեն ավելի ակտիվ, իսկ հարցերը լուծվեն ավելի օպերատիվ:
ArmAr.am












