Վահան Հովհաննիսյան. «Ալիևի հայտարարություններից հետո Հայաստանը պետք է հրաժարվեր հանդիպումից»
«Հայկական կողմը Ալիևի ռազմատենչ հայտարարություններից հետո չպետք է գնար Մյունխեն, որովհետև վերջնագրի ճնշման տակ բանակցելն ընդհանրապես ճիշտ չէ»,- «Արցախ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով Մյունխենում տեղի ունեցած Ալիև-Սարգսյան հերթական հանդիպումը:
Նրա կարծիքով, հայկական կողմը Ալիևի հայտարարություններից հետո պետք է դիմեր միջնորդներին` նշելով, որ «այս պայմաններում աշխատելն անհնար է. կա’մ իրենք սաստում են Ադրբեջանի նախագահին, կա’մ Հայաստանն այլևս նման պայմաններում բանակցելու անհրաժեշտություն չի տեսնում»:
Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, ապա Վահան Հովհաննիսյանի կարծիքով, երկու երկրների նախագահների հանդիպումից առաջ նման բովանդակությամբ հայտարարության հնչեցումը չի կարելի որակել որպես պարզ, շարքային հայտարարություն: Այն իր ոճով վերջնագիր է հիշեցնում և հակասում է Մայնդորֆյան հռչակագրին. «Դա կարող էր բավարար պատճառ լինել հանդիպումից հրաժարվելու համար, ինչը չէր նշանակի դադարեցնել բանակցությունները, քանի որ ինչպես Մյունխենում համանախագահողները փորձեցին մի քիչ սաստել Ալիևին, այդպես էլ կանեին, միգուցե նույնիսկ ավելի կոշտ կերպով, եթե այդ հանդիպումը չկայանար, քանի որ դրա չկայացման համար ամբողջությամբ մեղավոր կլիներ Ալիևը»:
Վահան Հովհաննիսյանի կարծիքով, Մյունխենում կայացած բանակցություններից հետո արժեզրկված են Մայնդորֆյան հռչակագրում տեղ գտած այն կետը, որը քիչ թե շատ ձեռնտու է Հայաստանին, այն է` հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով` պատերազմի բացառմամբ: Մնացյալը, ըստ Հովհաննիսյանի, վտանգավոր են Հայաստանի համար։
«Այսօր միջնորդները փորձում են Հայաստանից առավելագույն զիջումներ կորզել ղարաբաղյան խնդրում, որպեսզի դրանով իսկ հնարավորինս հեշտացնեն Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը»: Ինչ վերաբերում է արձանագրությունների վավերացմանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը վստահ է, որ դրանք Թուրքիան չի վավերացնի այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղյան հարցում Անկարան չի հասել ցանկալի արդյունքի, այն է` խնդրի ադրբեջանամետ լուծման:
ArmAr.am












