Բողոքի երթ` ընդդեմ հայկական մշակութային կոթողների ոչնչացման

Այսօր Երևանի գլխավոր հրապարակում բողոքի երթ էր կազմակերպվել: Բողոքն ուղղված էր Վրաստանի իշխանությունների հակահայկական մշակութային քաղաքականության դեմ, որի հետևանքով օրեր առաջ Թբիլիսի քաղաքում փլուզվեց Սբ. Գևորգ եկեղեցին:
Բողոքի երթն առաջնորդում էր «Արարատ» երիտասարդաց միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, ով հայտնի է իր ազգանպաստ նախաձեռնություններով ու գործունեությամբ:
«Մեր եկեղեցու զավակներն այսօր պահանջում են վրաց իշխանություններից Հայ Առաքելական եկեղեցուն տալ իրավական կարգավիճակ, որպեսզի Հայ Առաքելական եկեղեցուն վերադարձվեն հայկական եկեղեցիները, որպեսզի կարողանանք պահպանել մեր հոգևոր ու մշակութային արժեքները»,-ներկայացնում է «Արարատ» երիտասարդաց միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:
Երթի մասնակիցները, ծածանելով հայկական դրոշները, պարզել էին պաստառներ այսպիսի բովանդակությամբ` «Ո’չ սպիտակ ցեղասպանությանը», «Ամոթ», «Մի՞թե դուք քրիստոնյա չեք», «Ջավախքը մեր հայրենիքն է», «Մի աղավաղեք պատմությունը»:
Քայլերթն անցավ Հանրապետության հրապարակով ու ձգվեց մինչև Վրաստանի դեսպանատուն, որտեղ էլ ցույցի մասնակիցներն իրենց բողոքն ու պահանջները բարձրաձայնեցին` միաժամանակ Հայաստանում Վրաստանի դեսպանից պահանջելով դուրս գալ շենքից, անձամբ ներկայանալ ցուցարարներին ու կատարվածի առնչությամբ տալ մեկնաբանություններ:
Երթի մասնակիցները Վրաստանի դեսպանատան դիմաց երգում էին հայրենասիրական երգեր, Հայաստանի Հանրապետության հիմնը` շարունակելով պահանջել դեսպանի ներկայությունը:
Սակայն Վրաստանի դեսպանատունը շարունակում էր չարձագանքել հայ ցուցարարների արդար պահանջին:
Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը մի քանի երիտասարդ ակտիվիստների հետ, անտեսելով Վրաստանի դեսպանատան աշխատակիցների համառ լռությունը, ստիպված էր ուղղակի մուտք գործել դեսպանատան շենք:
Ներսում, ի վերջո, կայացել էր հանդիպում Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեի հետ: Վերջինս ցուցարարների պատվիրակությանը տեղեկացրել է, որ ՀՀ մշակույթի նախարարությունն ու Վրաստանի իշխանությունները եկել են համաձայնության` հաջորդ տարի համատեղ ուժերով վերականգնելու Սբ. Գևորգ եկեղեցին:
Երթից հետո մասնակիցներից մի քանիսը համապատասխան պահանջներով բողոք- նամակը փոխանցեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին` պահանջելով պատասխանել նաև նախորդ տարի նմանատիպ բովանդակությամբ ներկայացված բողոքին և, ի վերջո, բավարարել հայկական կողմի արդարացի բողոքը:
ArmAr.am












