Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մարտահրավեր է Ռուսաստանի տարածաշրջանային շահերին

Նոյեմբեր 26, 2009թ. 14:35

KremlԼեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ զարգացող քաղաքական իրադարձությունները վերջին շրջանում նոր թափ են ստացել, ինչը հիմնականում պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու Երևանի և Անկարայի ջանքերով: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում էին տարանջատել երկու գործընթացները, այնուամենայնիվ, իրականում դա անհնար էր անել, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս փաստացի համադաշնության դիրքերից: «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» բանաձևն ամուր հիմքեր ունի Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքական վերնախավի շրջանակում, և նրանք ամենևին էլ չեն պատրաստվում հրաժարվել միասնական ճակատով հանդես գալու քաղաքականությունից: Թերևս այդ է պատճառը, որ ներկայումս ղարաբաղյան խնդիրը հօգուտ Ադրբեջանի լուծելու համար պաշտոնական Անկարան շատ ավելի մեծ ջանքեր է թափում, քան Բաքուն: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի իշխանություններն այդ խնդիրը թողել են Թուրքիայի հայեցողությանը`  վստահ լինել, որ «ավագ եղբայրը» շատ ավելի արդյունավետ կգործի, քան ինքը` Ադրբեջանը:

Թուրքիայի նման միջամտությունն ադրբեջանա-արցախյան հակամարտությանը լիովին նոր քաղաքական իրավիճակ է ստեղծել Հարավային Կովկասում: Այս փաստը չի կարող հաշվի չառնվել մեր տարածաշրջանում կենսական շահեր հետապնդող այնպիսի գերտերությունների համար, ինչպիսին է, օրինակ, Ռուսաստանը, որը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնողներից մեկն է: 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմից հետո պաշտոնական Մոսկվան մի քանի վճռական քայլ կատարեց` Հարավային Կովկասի քաղաքական գործընթացներն իրեն անհրաժեշտ հունի մեջ դնելու համար: Այդ քայլերի թվում էր նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի սկզբնավորումը, ինչպես նաև Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի արագացումը (Ռուսաստանի պահանջով 2008 թվականի նոյեմբերի 2-ին Ադրբեջանի և Հայաստանի նախագահները ստորագրեցին Մայենդորֆյան հռչակագիրը): Սակայն ընդամենը մեկ տարի անց ռուսական դիվանագիտությունը կորցրեց իր ազդեցությունը թե’ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և թե’ արցախյան հակամարտության լուծման գործընթացների վրա:

Իհարկե, Ռուսաստանում դեռ երկար կքննարկեն, թե ինչպես հնարավոր եղավ, որ մի տարածաշրջանում ռազմական հաղթանակ տարած պետությունն ընդամենը մեկ տարվա ընթացքում հայտնվի տեղի քաղաքական գործընթացներից լիովին մեկուսացված վիճակում: Ամբողջ Անդրկովկասի վրա իր ազդեցությունը տարածելու փոխարեն, Մոսկվային հաջողվեց միայն «ձեռք բերել» Աբխազիան ու Հարավային Օսիան, որոնք լրացուցիչ գլխացավ դարձան Ռուսաստանի համար` առանց այն էլ անհանգիստ Հյուսիսային Կովկասում:

Ներկայումս ռուսաստանյան դիվանագիտության առջև ամենայն սրությամբ դրված է Կովկաս «վերադառնալու» խնդիրը: Նախաձեռնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը` Դմիտրի Մեդվեդևի վարչակազմը բոլորովին այլ նպատակներ էր հետապնդում: Սակայն արդյունքում ստացվեց այնպես, որ հայ-թուրքական սահմանի բացման հետ մեկտեղ կբացվի նաև ՆԱՏՕ-ի ճանապարհը դեպի Հարավային Կովկաս, ինչը, իհարկե, չի կարող համապատասխանել Ռուսաստանի շահերին: Իսկ այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործընթացն այլևս պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարով, լրացուցիչ բարդություններ է առաջացրել Ռուսաստանի համար, քանի որ Արցախը հանդիսանում է մեր տարածաշրջանի այն պետությունը, որն ի վիճակի է ազդել Հարավային Կովկասի ողջ քաղաքական պատկերի վրա:

Ժամանակին Ռուսաստանի Դաշնությունը փորձում էր արցախյան հակամարտության կարգավորման ողջ գործընթացը ենթարկել իրեն: Այդ նպատակով ստեղծվել էր Չճանաչված պետությունների համագործակցության կազմակերպություն («СНГ-2»), որի մեջ ներառվել էին Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Սակայն հետագայում ԼՂՀ-ն դուրս եկավ այդ ֆորմատից, ինչի հետևանքով պաշտոնական Մոսկվան սկսեց ընդհանրապես շրջանցել ղարաբաղյան հակամարտության թեմատիկան: Խոսելով հետխորհրդային շրջանի հակամարտությունների մասին` Ռուսաստանի իշխանական վերնախավի ներկայացուցիչները հիշատակում էին միայն Մերձդնեստրը, Աբխազիան և Հարավային Օսիան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին խոսք անգամ չէր գնում: Սակայն օգոստոսյան պատերազմից հետո վիճակը փոխվեց: Քաղաքական դաշտ բերելով Մայենդորֆյան հռչակագիրը` Ռուսաստանը փաստորեն փորձեց վերադառնալ հակամարտության կարգավորման գործընթաց: Սակայն, ինչպես արդեն ասվեց, Ռուսաստանի այդ փորձն այդպես էլ չհաջողվեց:

Այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դարձել է յուրատեսակ մարտահրավեր Ռուսաստանի տարածաշրջանային կենսական շահերին: Այդ իսկ պատճառով պաշտոնական Մոսկվան ճանապարհներ է որոնում այդ գործընթացի վրա դարձյալ վերահսկողություն հաստատելու համար: Եվ քանի որ Անկարայի քաղաքականության վրա ազդելու համար Ռուսաստանը գրեթե լծակներ չունի, ապա Մոսկվային մնում է որոշակի քայլեր կատարել Անդրկովկասում: Ռուսաստանյան մի շարք վերլուծաբաններ քննարկում են նույնիսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հնարավորությունը: Ճիշտ է, նրանք գիտակցում են, որ այդ պարագայում լրջագույն խնդիրներ կառաջանան Ադրբեջանի և Թուրքիայի հետ: Հնարավոր է նույնիսկ, որ այդ ժամանակ առաջանա Արցախում ռուսական սահմանապահ զորքերի տեղակայման անհրաժեշտություն: Սակայն նրանք գիտակցում են, որ այդ ժամանակ կկասեցվի ՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի Անդրկովկաս: Եվ դա Ռուսաստանի համար ամենակարևոր խնդիրն է:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն