Կիպրոսը փակում է Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրամիություն
Կիպրոսի հանրապետությունը Եվրամիության կազմում գտնվող բոլոր պետություններին տեղեկացրել է այն մասին, որ իրենք ստիպված են խոչընդոտել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հետ կապված բանակցությունները, եթե Անկարան չկատարի իր պարտավորությունները Կիպրոսի նկատմամբ։ Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասն իր այս դիրքորոշման մասին նամակներով տեղեկացրել է Եվրամիության անդամ բոլոր պետությունների և կառավարությունների ղեկավարներին։
1974 թվականից ի վեր, երբ Թուրքիան զինված հարձակում կատարեց այս երկրի վրա, մինչև օրս Կիպրոսի տարածքի 37%-ն օկուպացված է մնում Թուրքիայի կողմից։ Կղզու այդ տարածքի վրա 1983թ. հռչակվել է, այսպես կոչված, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը, որը ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից։ Իր հերթին` Անկարան չի ճանաչում Կիպրոսի հանրապետության կառավարությունը, որի բնակչությունը հիմնականում հույն-կիպրոսցիներ են, և հրաժարվում է Կիպրոսի դրոշի ներքո երթևեկող նավերի համար բացել իր ծովային և օդային տարածքները։
Նամակում նշվում է, որ սա այն լուրջ խոչընդոտներից մեկն է, որը խանգարում է Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու գործընթացին:
ArmAr.am












