Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը պատրաստ կլինի 2012թ. առաջին կեսերին
Պատասխանելով Day.az լրատվական գործակալության հարցերին` Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանահը հայտարարել է, որ 2012 թվականի առաջին կեսերին պատրաստ կլինի Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգիծը:
«Մեր աշխատանքներն առաջ են ընթանում համաձայն այն գրաֆիկի, որը նախատեսված էր նախագծով: Եվ դա այն դեպքում, երբ շինանյութի թանկացման պատճառով թանկացել է նաև նախագծի ինքնարժեքը», – ասել է Մ. Փանահը:
Խոսելով այն մասին, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է անարդյունավետ դարձնել Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծի գործարկումը, ադրբեջանցի փոխնախարարն ասել է, որ դեռևս նախապատրաստական աշխատանքների ժամանակ հաշվի են առնվել բոլոր ռիսկերը, այդ թվում նաև` հայ-թուրքական սահմանի բացման հանգամանքը: «Պետք է ասեմ, որ այդ նախագիծն անկախ է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացումից: Դա ամբողջովին ինքնուրույն և ինքնաբավ տրանսպորտային նախագիծ է, որը բոլոր դեպքերում աշխատելու է: Ընդ որում` արդյունավետ: Այդ իսկ պատճառով սահմանի բացումը ոչ մի կերպ չի ազդի նախագծի տնտեսական արդյունավետության վրա», – ասել է Մուսա Փանահը:
Հիշեցնենք, որ այս տարի Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը կրճատել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարական աշխատանքների ֆինանսավորումը` տարեկան 80 մանաթից հասցնելով 30 միլիոնի:
ArmAr.am
Թեգեր` Ադրբեջան, Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս, Երկաթգիծ, Մուսա Փանահ












