Գլխավոր » Լրահոս

Գազային պատերազմ` Թուրքիայի և Ադրբեջանի միջև

Նոյեմբեր 25, 2009թ. 18:10

Նաիրի Հոխիկյան

Թուրք-ադրբեջանական նոր հակամարտություն է գլուխ բարձրացնում, այս անգամ` տնտեսական հողի վրա: Շուրջ մեկ տարի շարունակվող առևտրային անհամաձայնությունները, որ երկու երկրներն ունեին գազի գնի և դրա տարանցման հարցում, կարծես վատագույն օրերն են ապրում:

Ադրբեջանական հանքերից գնվող նավթի և գազի համար Թուրքիան այսօր, իր գնահատմամբ, ամենաբարձր գներից մեկն է վճարում: Թուրքերին հատկապես զայրացնում է այն փաստը, որ ադրբեջանցիները գազն, օրինակ, իրենց վաճառում են 120 դոլարով` 1000 խմ-ի դիմաց, իսկ ռուսներին` երկու անգամ էժան: Թուրքերի զայրույթը վերջին օրերին էլ ավելի է սաստկացել, երբ ադրբեջանական կողմն իր «ռազմավարական դաշնակցին» հայտնել է նոր մտադրությունների մասին` Թուրքիային մատակարարվող գազը կթանկանա:

Ադրբեջանն այս նորությունը պատճառաբանում է գազի համաշխարհային թանկացումներով. անգամ Ռուսաստանն է ավելացնում Հայաստանին մատակարարվող գազի գինը: Ի պատասխան` թուրքական զայրացած դիվանագիտությունը սպառնացել է իր հերթին ավելացնել այդ երկրի տարածքով անցնող ադրբեջանական բոլոր տարանցիկ ուղիների վարձավճարները: Ավելին` թուրքական կողմը պատրաստվում է Ադրբեջանում արդյունահանվող գազի որոշակի պաշարներ, որ տնօրինվում են հենց թուրքական ընկերությունների կողմից «Շահդենիզ» հանքավայրում, կրճատումների ենթարկել: Եվ արդեն նոյեմբերի 23-ի երեկոյան Ադրբեջանում վայնասուն բարձրացավ` «Շահդենիզ»-ի 5 հանքահորերից մեկն արդեն փակվել է: Եվ որքան էլ զարմանալի է, ադրբեջանական կողմն այս անգամ դավաճանեց իր բնավորությանն ու սկզբունքային դիրքորոշմամբ հանդես եկավ: Նույն լրատվության մեջ տեղեկանում ենք` Ադրբեջանը խիստ վիրավորված է թուրքական իշխանությունների նման ոչ բարեկամական վերաբերմունքից: Թուրքիան, ըստ ադրբեջանական կողմի դիտարկումների, անարդար և ստահոդ տեղեկություններ է տարածում իրենց տնտեսական քաղաքականության մասին:

Այս համատեքստում առանձին հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի սոցիալ-տնտեսական աճի պետական կենտրոնի ղեկավար Վուգար Բայրամովը: «Թուրքիան վարկաբեկում է Ադրբեջանին ողջ աշխարհի առաջ, այնինչ թուրքական կողմն է անարդարացի և միակողմանի դատում,-հայտարարել է Բայրամովը:-Եթե թուրքերը համեմատվում են ռուսների հետ, ապա պետք է հաշվի առնեն, որ նույն ռուսական կողմից նրանք գազը գնում են 1000 խմ-ի դիմաց 340 դոլարով, այսինքն` 3 անգամ ավելի թանկ, քան Ադրբեջանից»: Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Իլդիզն էլ իր հերթին անլուրջ է անվանել ադրբեջանական իշխանությունների մեղադրանքները` բնորոշելով դրանք որպես տնտեսագիտության վատ տիրապետման արդյունք: Թուրքիայի 2010թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ խոսքում Թաներ Իլդիզը հիշեցրել է Ադրբեջանին, որ Ռուսաստանը Թուրքիայի տարածքով խոշոր տարանցիկ փոխադրումներ չի իրականացնում, իսկ ադրբեջանական տնտեսության գոյատևման միակ աղբյուրը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթագազամուղն է: Թե Ադրբեջանում ինչպես կընկալեն Թուրքիայից բավական հստակ ուղարկված մեսիջը, դժվար է կանխատեսել, սակայն հատկանշական է, որ կենդանական մի օրենք համառորեն մեր տարածաշրջանից դուրս չի գալիս. երբ բորենիները սովածանում են, սկսում են իրար ուտել:

Հավանական է, որ շուտով մենք ականատես կլինենք «եղբայր-եղբայր» խաղացող երկու պետությունների ոչ միայն լեզվակռիվների, այլև տնտեսական փոխադարձ պատժամիջոցների և անգամ շատ ավելի լուրջ  ընդհարումների:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն