Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ ԱԺ հայտարարությունը

Նոյեմբեր 26, 2009թ. 09:30

gerbԼՂՀ Ազգային ժողովը ս.թ. նոյեմբերի 25-ի լիագումար նիստում ընդունել է հայտարարություն Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատվող վերջին զարգացումների կապակցությամբ: Ստորև հայտարարության ամբողջական տեքստը.

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատվող վերջին զարգացումները վկայում են Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման բացահայտ դրսևորումների մասին: Քարոզչական տարբեր հնարքների կիրառմամբ Ադրբեջանի իշխանությունները պատրանք են ստեղծում միջազգային միջնորդությամբ շարունակվող քննարկումներից իրենց դժգոհության մասին, այնինչ, իրական քաղաքականության մեջ այդ երկիրը անթաքույց կերպով ժամանակ է ձգում՝ հետագայում Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով տարածաշրջանի ռազմաքաղաքական հավասարակշռությունը հօգուտ իրեն փոխելու նպատակով:

Այս իրավիճակում Արցախի խորհրդարանը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային արտահայտությունները որակում է որպես անհուսալի բանակցային կողմի դիրքորոշում, ինչը հղի է խաղաղ կարգավորման հանդեպ ղարաբաղյան կողմի վստահության կորստի հեռանկարով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները միջազգային կազմակերպություններին եւ հիմնախնդրի կարգավորմամբ շահագրգիռ կենտրոններին բազմիցս նախազգուշացրել են Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ արտաքին քաղաքականության մասին, որը լիովին հակասում է միջազգային կազմակերպություններին անդամակցելիս այդ երկրի ստանձնած պարտավորություններին:

Այս ամենն ուղեկցվում է ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իբր թե նկատվող լարվածության մասին հետեւողական քարոզչությամբ, ինչը խոսում է բանակցային գործընթացը տապալելու եւ տարածաշրջանային կայունությունը խախտելու’ պաշտոնական Բաքվի մտադրությունների մասին:

ԼՂՀ Ազգային Ժողովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջնորդ երկրների խորհրդարանների, ԵԱՀԿ եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովների, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ուշադրությունն է հրավիրում վերոնշյալ միտումների վտանգավորության վրա: Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի եւ բանակցությունների էությունը նենգափոխելու համառ քայլերը կասկածի տակ են դնում միջազգային հանրության կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հաստատման նպատակով գործադրվող բոլոր ջանքերի արդյունավետությունը:

Ելնելով վերոնշյալից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը, հաշվի առնելով Արցախի ժողովրդի կամքը, իրեն է վերապահում համարժեք նախաձեռնություններով հանդես գալու իրավունքը:

Ազգային Ժողովը ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությանը առաջարկում է սույն Հայտարարության մասին իրազեկել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ առաջիկայում Աթենքում կայանալիք նիստին:

Ընդունվել է ԼՂՀ Ազգային ժողովի 2009թ. նոյեմբերի 25-ի լիագումար նիստում


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն